Բաժիններ՝

Դասական և ժամանակակից արվեստի համադրումը դարձավ սկզբունք (լուսանկարներ)

«ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը և www.Hi -artonline.com նախագիծը մարտի 7-ին «Ոսկե դար» պատկերասրահում ներկայացրեցին երկու ուշագրավ ցուցահանդես: Թեև նախագծերը ժամանակագրության, ոճային առանձնահատկություններով և թեմատիկ բովանդակությամբ շատ տարբեր էին, այդուհանդերձ՝ գրագետ համադրման արդյունքում՝ երկու ցուցահանդեսները միևնույն պատկերասրահում ցուցադրելն ընդհանուր կոնտեքստի մեջ ճշգրիտ ներկայացրեց արվեստի պատմության շարունակական տենդենցները: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում իրականացված «Հայ նկարիչները Ֆրանսիայում. 20-րդ դար» խորագրով ցուցահանդեսի առաջարկը «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը ստացել է Մշակույթի նախարարության կողմից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնն այս ընթացքում մշտապես Հայաստանում ներկայացրել և պրոպագանդել է ֆրանսահայ նկարիչներին, ակտիվ համագործակցում է Ֆրանսիայի գալերեաների հետ՝ Մշակույթի նախարարությունը միջոցառման իրավունքը վերապահել է կերպարվեստի կենտրոնին: Երկրորդ ցուցահանդեսով ներկայացվեց  «Pop-art-ի հինգ գույները» խորագիրը կրող նախագիծը, որի շրջանակներում ժամանակակից կին արվեստագետները դրսևորվել էին մշակութաբանական և սոցիալական էքսցենտրիկ անուղղակի շեշտադրումներով: Կին արվեստագետների սրահը մեծ իմաստով ամրագրել էր կարևոր վերջաբան և սկիզբ, որի կոնտեքստում արվեստում պաթոսը ժխտելու, ժամանակավրեպ համարելու և արվեստի լեզուների փոփոխությամբ սոցիումի խնդիրներն այլաբանությամբ ընդգծելու կոչն էր: Այլ կերպ ասած՝ էքսպոզիցիոն շեշտադրումները մի դեպքում՝ արձանագրեցին արվեստի տրանսֆորմացիաները, մյուս դեպքում էլ՝ արվեստի մեջ ֆորմայով, նյութով, ենթատեքստային արտահայտամիջոցներով հասարակական խնդիրներ ներդնելու և այլախոհական մտքերով խոսելու փաստն էր:

Art10

Այնուամենայնիվ, «ԱԱ Աուկցիոն» կենտրոնը, ինչպես նախորդ երկու՝ «Արևելքից՝ Արևմուտք, մոդեռնից՝ պոստմոդեռն» և վերջերս իրականացրած միանգամից երեք՝ Լևոն Թութունջյանի, Եղիշե Թադևոսյանի և հայ աբստրակցիոնիստների ցուցահանդեսների, այնպես էլ՝ այս նախագծում պահպանել է դասական և ժամանակակից արվեստի համադրման սկզբունքը:
Ցուցադրման այս կուլտուրան ինչ-որ իմաստով դարձավ կերպարվեստի կենտրոնի «հաղթաթուղթը», հատկապես, որ մեր իրականության մեջ այս կոնցեպցիայով արվեստ ներկայացնելու և, մասնավորապես, արվեստաբանների կողմից ընդունվելու մտավախություն կար: Չնայած դրան, շատ արվեստագետներ և արվեստաբաններ կենտրոնի հաջողությունը պայմանավորում են հենց դասական և ժամանակակից արվեստի համադրման սկզբունքի հետ:

Կարդացեք նաև

Art7

Մենք փորձեցինք կենտրոն այցելած արվեստաբաններից ցուցահանդեսի վերաբերյալ որոշ դիտարկումներ, քննադատական խոսք լսել, սակայն՝ անօգուտ: Միայն նկարիչ Վահան Ռումելյանը ցանկացավ ցուցասրահների գործունեության համաշխարհային փորձի հետ համեմատություններ անել, ում հետ զրույցը կներկայացնենք առաջիկայում: Նշենք նաև, որ «Բարձր արվեստ» կենտրոնի նախագծերը՝ «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը և «www.Hi -artonline.com»-ն արդեն համաշխարհային ճանաչում ունեցող գալերեաներից և աուկցիոնային խոշոր կենտրոններից համագործակցության առաջարկներ են ստացել (այս մասին  նույնպես կներկայացնենք առաջիկայում):

Ցուցահանդեսին ներկա կոլեկցիոներ, արվեստի սիրահար Սարգիս Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, եթե մինչ այս բոլոր լրատվամիջոցներով ահազանգում էր արվեստի նկատմամբ հասարակության անտարբերության մասին, ապա ներկայում ակնհայտորեն տեսանելի է հասարակության ակտիվությունը դեպի պատկերասրահ:

«Ինձ շատ ոգևորում է մարդկանց հետաքրքրությունն ու այցելությունների ակտիվությունը: Այո՛, այսօր կարող եմ խոստովանել, որ «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնի տնօրեն Աննա Գրիգորյանի իրականացրած ցուցահանդեսների հանդեպ հետաքրքրությունը մեծանում է, և դա իր լավատեսության արդյունքն է: Պետք է ասեմ, որ սպասում էի մարդկանց այս հոսքին, ու դեռ կշարունակեն ակտիվ այցելել, քանի որ տեսնում եմ կենտրոնի ճիշտ քաղաքականություն վարելու ընթացքը: Այսօր մայրաքաղաքում կանանց տոնի կապակցությամբ մի քանի ցուցահանդեսներ կան, բայց, ինչպես տեսնում եք, մարդկային հոսքը չի դադարում, կարծում եմ՝ մի քանի ցուցահանդես ներկայացնելն էլ կապ ունի, քանի որ մարդիկ այստեղ գտնում են արվեստի իրենց նախասիրությունները: Լավ միտք էր մեր մեծերի և ժամանակակիցների համադրումը, որով ընդգծվում է արվեստի ուժը: Շատ կարևոր է, որ մարդիկ չեն նայում, պտտվում-գնում, այլ՝ հարցեր են տալիս, պատասխանների են սպասում»,- նշեց Ս. Գրիգորյանը՝ կարևորելով ֆրանսահայ նկարիչների գործերի ցուցադրությունը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայում նրանց ավելի լավ են ճանաչում, քան Հայաստանում:

Art15

Ընդ որում՝ Հայաստան տեղափոխված աշխատանքները բավականին արժեքավոր են, և դրանք ձեռք բերելու համար կենտրոնի ներկայացուցիչները երկարատև բանակցություններ են վարել Ֆրանսիայի գալերեաների հետ: Ֆրանսահայ նկարիչների որոշ գործեր «Բարձր արվեստ» կենտրոնը գնել և տրամադրել է կերպարվեստի կենտրոնին ցուցադրության, իսկ որոշներն էլ՝ Ֆրանսիայի խոշոր կոլեկցիոներների հետ պայմանավորվածության արդյունքում, այստեղ ցուցադրելուց հետո կվաճառվեն: «Շատ մեծ նկարչություն է: Բացառիկ Դիրանյան կա, ինչպես տեսնում եք՝ Էդգար Շահինի յուղաներկ աշխատանքներից է բերվել, իսկ յուղաներկ գործ կարծես թե Հայաստանում չի ցուցադրվել: Ժանսեմի, Գառզուի, Քոչարի և մյուս հեղինակների գործերը հանճարեղ են: Ի դեպ, կյանքը ցույց է տալիս, որ մեր ազգն արվեստ սիրող է: Ինչքան էլ սոցիալական վիճակը լավ կամ վատ լինի՝ մեր ժողովուրդը միշտ ստեղծագործել է, և պատմության մեջ չկա մի փուլ, որտեղ մեր մեծերը հանճարեղ գործեր ստեղծած չլինեն»,- ընդգծեց Ս. Գրիգորյանը:

Կինը՝ որպես ինդիվիդում

«Pop-art-ի հինգ գույները» ցուցահանդեսի մասնակից Դիանա Հակոբյանն, անդրադառնալով երկու ցուցահանդեսների համադրմանը, վստահեցնում է, որ «Ոսկե դար» պատկերասրահի կառուցվածքը թույլ է տալիս նման բազմաշերտ ցուցադրություն ներկայացնել, հատկապես, որ արվեստի ամեն մի ոճ սիրող այցելու կարող է իրենը գտնել. «Այսինքն՝ ստացվել է այնպես, որ ցուցահանդեսները և՛ միասին են, և՛ առանձին»:

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք ցուցահանդեսը կանանց միամսյակի հետ կապ ունի՞, մանավանդ, որ «Pop-art-ի հինգ գույները» նախագծի հեղինակները կանայք են: «Մասամբ ունի, բայց այլ հայացքից, համենայնդեպս, ոչ այն ավանդական հայացքով, որով Նկարիչների միությունն է անում, այլ՝ ավելի ֆեմինիստական մոտեցմամբ. կինը՝ որպես ինդիվիդում»,- ասաց Դ. Հակոբյանը՝ հիշեցնելով, որ սովետական տարածքում մարտի 8-ը միշտ դիտարկվել է՝ իբրև նվեր ստանալու օր, որի շրջանակներում կանայք պետք է հատուկ ուշադրության արժանանան:

Art6

Մինչդեռ, ըստ Դ. Հակոբյանի՝ իրականում դա եղել է պայքարի օր, որի շրջանակներում բարձրաձայնվել են կանանց իրավունքների վերաբերյալ խնդիրները, որի կողմնակիցն է ինքը՝ նկարչուհին. «2004 թվականին մի աշխատանք ունեի այդ թեմայով արված, որի համար համացանցից վերցրել էի համաշխարհային վիճակագրությունը, որը շատ տխուր էր, ընդհուպ՝  մինչև անգամ եվրոպական զարգացած երկրներում: Հարցը միայն այն չէ, որ ամուսինը բռնության է ենթարկում և այլն, այլ՝ հարցն այն է, որ աղջկան դեռ մանկուց ներշնչում են, որ նա պետք է գեղեցիկ լինի, և նա գնում հանուն դրա՝ մարմինը կտրտում է: Պատրիարխալ հայացքի արդյունք է»:

«Pop-art-ի հինգ գույները» ցուցահանդեսի մասնակից Սոնա Աբգարյանն ընդգծում է, որ ներկայացված աշխատանքները թեմատիկ առումով արտահայտում են կանանց խնդիրները, որոնց մասին խոսակցություններն ակտիվանում են տարվա այս ամիսներին:

«Իբրև կին արվեստագետներ՝ մեզ ոչ թե հետաքրքրում է միամսյակի տոնական մասը, այլ՝ կոնկրետ Հայաստանում կանանց սոցիալական, հոգեբանական առկա խնդիրները: Բնականաբար, երբեմն արվեստի միջոցով այդ խնդիրներին անդրադառնում ենք: Մեր երկրում ավելի շատ պետք է խոսել ավանդույթներից, որոնք շատ խորը բնույթ ունեն, և հասարակությունն ավելի շատ առաջնորդվում է կարծրացած ավանդույթներով, քան՝ օրենքներով և հավասարության սկզբունքով»,- ասաց Ս. Աբգարյանը՝ հավաստիացնելով, որ ներկայումս ընտանիքի մոդելը, շատ դեպքերում, տխուր, դաժան ինստիտուտ է, որն ինչ-որ իմաստով սպառել է իրեն:
Նա նկատում է, որ հայ կնոջ խնդիրն այսօր ոչ այնքան հասարակության հետ է կապված, որքան՝ իր, քանի որ ինքնաքննադատական հայացքը շատ դեպքերում բացակայում է:

Ըստ Ս. Աբգարյանի՝ Հայաստանում ոչ թե պետք է ընտանիքի մոդելը համարվի արժեք և վերածվի կուռքի, այլ՝ առհասարակ մարդու հիմնարար իրավունքները և ազատությունը:

Այնուամենայնիվ, արդյոք մեր օրերում ֆեմինիստական շարժումները, կնոջն իբրև զոհ ներկայացնելու լոբբիզմը կեղծ դրսևորում չէ՞, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում առհասարակ մարդու իրավունքների պաշտպանության խնդիր կա, որն այնքան էլ սեռային բնույթ չի կրում. այս հարցին ի պատասխան՝ Ս. Աբգարյանն ասաց. «Շատ նուրբ ու դժվար հարց է. Եթե փաստերով նայենք, կտեսնենք, որ 99% դեպքերում տղամարդն է ծեծում կնոջը և ոչ՝ հակառակը: Բնականաբար, կինն էլ տղամարդուն ճնշելու, մանիպուլյացիայի ենթարկելու իր ձևերն ունի, բայց ճիշտ եք, շատ փոփոխություններ են եղել, և խնդիրն ավելի շատ դարձել է մարդկային, քան սեռային»:

Հ.Գ. Նշենք նաև, որ ցուցահանդեսներից բացի, մարտի 7-ին «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը նաև ներկայացրեց աճուրդի ներկայացված գործերի ցուցադրությունը և մեկնարկեց հայտերի ներկայացման սկիզբը, որին կանդրադառնանք առաջիկայում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս