Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ-ում
Մարտի 5-ին Ժնևում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը, որին մասնակցելու նպատակով Շվեյցարիա են ժամանել շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարների գլխավորած պատվիրակություններ:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. «Ցեղասպանության և մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելումը պետք է լինի մեր գերակայությունների շարքում:
Անցյալ տարի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանի ընթացքում, Հայաստանը նախաձեռնեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև, որը միաձայն ընդունվեց:
Այդ բանաձևի նպատակներից մեկն է ցեղասպանության կանխարգելումը ՄԱԿ անդամ պետությունների համատեղ ջանքերի միջոցով: Ես ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր համահեղինակեցին այս բանաձևը:
Երկու օրից՝ մարտի 7-ին, Մարդու իրավունքների խորհուրդը գումարելու է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկում, որը կազմակերպվում է համաձայն նշված բանաձևի դրույթների»:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կոչ արեց ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին ակտիվորեն մասնակցել այդ քննարկմանը։
Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում նշեց. «Մարդու բոլոր իրավունքները հավասարապես կարևոր են և պետք է հավասարապես պաշտպանվեն: Այս կապակցությամբ ես կցանկանայի մատնանշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար նպատակների՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի առաջին հոդվածը ճանաչում է, որ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ինչն առանձնահատուկ կարևորություն ունի, քանզի նրա իրականացումը մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման կարևորագույն նախադրյալ է: Այս անքակտելի իրավունքը միանշանակ պատկանում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»։
ՀՀ ԱԳ նախարարություն