Կմնա՞ արդյոք Հայաստանը ռուսական տնտեսության փլատակների տակ
Մենք` հայերս, որ սովորաբար ուշադրություն չենք դարձնում արտերկրում կատարվող իրադարձությունների վրա (հատկապես, եթե դրանք տնտեսական բնույթի են), երեկ ստիպված էինք լրջորեն անհանգստանալ Ռուսաստանի տնտեսության մեջ կատարվող ահասարսուռ իրադարձություններով։ Երեկ փլուզվեցին ռուսական բորսաները, առաջին հերթին` PTC-ը: Ռուսական խոշորագույն ընկերությունների («Գազպրոմ», «Սբերբանկ», «Ռոսնեֆտ» և այլն) բաժնետոմսերն արժեզրկվել են 10-20 տոկոսով: Բորսաների միջին կորուստները կազմել են 13 տոկոս: Ըստ որոշ փորձագետների` սրա հետևանքով ռուսական ընկերությունների կապիտալիզացիան մի քանի ժամվա ընթացքում նվազել է մոտ 2 տրիլիոն ռուբլով։
Ռեկորդային չափով արժեզրկվել է ռուսական ռուբլին։ Եվրոն գերազանցել է 50 ռուբլին, իսկ դոլարի գինը կազմել է շուրջ 36.4 ռուբլի։ Արձագանքելով այս ամենին` ռուսաստանյան Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 5.5%-ից հասցնելով 7%-ի։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սովորաբար փոխվում է 0.25 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ դեպքերում` 0.5 տոկոսային կետով։ Այս դեպքում 1.5 տոկոսանոց բարձրացումը խոսում է այն մասին, որ տեղի ունեցողը բավականին լուրջ է։ «Դա պայմանավորված է ռուբլու վրա առկա ճնշմամբ և դրա շուրջ ստեղծված հիստերիկ իրավիճակով»,- ասել է տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը։
Ըստ որոշ փորձագետների` կարող են «վառվել» նաև բորսայական խաղերով տարված բանկերը, թեպետ այդ ռիսկը գերագնահատել չի կարելի։
Ղրիմում լարվածությունն ազդել է ոչ միայն բորսաների, այլև իրական տնտեսության վրա։ Թեպետ վիճակագրություն այս պահին չկա, սակայն կապիտալի արտահոսքը մարտին կշարունակի մեծանալ, իսկ տնտեսական ակտիվությունը` կնվազի։
Ընդ որում, լավատեսության հիմքեր չկան։ Իրավիճակը կարող է ավելի վատանալ, եթե Արևմուտքը տնտեսական պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ, և, եթե Ղրիմում ռազմական գործողություններ սկսվեն։
Bank of America Merrill Lynch և Credit Suisse ընկերությունների փորձագետները հասցրել են անգամ հաշվել, թե պատժամիջոցներն ինչպես կազդեն Ռուսաստանի վրա, եթե իրադարձություններն ընթանան վատագույն սցենարով` սկսվեն ռազմական գործողություններ (դրա հավանականությունը գնահատվում է 15-20%)։ Այդ դեպքում, ըստ փորձագետների, Եվրամիությունը կարող է արգելափակել «Հարավային հոսք» նախագծի շինարարությունը և դադարեցնել ռուսական գազի գնումները։
Բացի այդ, Արևմուտքը կարող է փակել դռները ռուսական եվրոպարտատոմսերի առջև։
Դա կսահմանափակի ֆինանսավորման աղբյուրները և կմեծացնի արտաքին պարտքի սպասարկման արժեքը, որովհետև ներդրողները կվերանայեն ռուսական ակտիվների ռիսկայնության աստիճանը (իսկ որոշ ներդրողներ ընդհանրապես կհրաժարվեն ձեռք բերել մի երկրի ակտիվներ, որի նկատմամբ պատժամիջոցներ են գործում)։
Ռուբլին կշարունակի թուլանալ։ Դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկումը կավելացնի բյուջեի նոմինալ եկամուտները, սակայն տնտեսության աճի դանդաղման և նավթի գների հնարավոր անկման հետևանքով կպահպանվի եկամուտների թերհավաքագրման ռիսկը։ Bank of America Merrill Lynch-ի փորձագետների կարծիքով` ռազմական գործողությունները կարժենան Ռուսաստանյան ՀՆԱ-ի 3%-ը։
Ահա այսպիսի տխուր հեռանկարներ են կանխատեսում Ռուսաստանի համար։
Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է այս ամենն ունենալ Հայաստանի վրա։ Ցավոք սրտի, շատ շոշափելի և վատ ազդեցություն։ Ինչպես մեր ֆինանսական բլոկի պատասխանատուներն են ասում` Հայաստանը լինելով փոքր բաց տնտեսություն ունեցող երկիր` առավել զգայուն է արտաքին հատվածից փոխանցվող ազդակների նկատմամբ:
Այս տարվա հնարավոր ռիսկերը մեր մասնագետներն ուրվագծել են դեռ նախորդ տարվա վերջին` 2014թ. պետբյուջեի ուղերձում։ «Ըստ միջազգային փորձագետների գնահատականների, դոմինոյի էֆեկտով ԵվՄ-ի ճգնաժամը կարող է տարածվել հատկապես ԵՄ-ի հետ երկկողմանի առևտրային խոշոր շրջանառություն ունեցող երկրների վրա, այդ թվում` նաև Ռուսաստանի վրա, որտեղից գալիս են հիմնական կապիտալ և տրանսֆերտային հոսքերը Հայաստան:
Այս ճանապարհով ՀՀ տնտեսության վրա ազդեցությունը կարող է համեմատաբար ավելի նշանակալի լինել: Եվրամիությունից Ռուսաստանի տնտեսության վրա ազդեցությունը հիմնականում կփոխանցվի նավթի գների նվազման ճանապարհով` հիմնականում պայմանավորված համաշխարհային պահանջարկի նվազմամբ: Նավթի գների նվազման արդյունքում կարող են նվազել ՌԴ-ի տնտեսական աճի տեմպերը, ինչը կպայմանավորի նաև Հայաստան ներհոսող մասնավոր տրանսֆերտների և ուղղակի ներդրումների աճի տեմպերի դանդաղումը: Արդյունքում` վերջինս ազդեցություն կունենա ինչպես` ներքին պահանջարկի նվազման և տնտեսական աճի տեմպերի դանդաղման վրա, այնպես էլ` փոխարժեքի վրա»:
Ինչպես տեսնում եք, մերոնք Ռուսաստանի տնտեսության վրա առանձնապես կասկածներ չեն ունեցել։ Նրանք ասում են, որ Եվրամիության վիճակի վատթարացումը կարող է ազդել Ռուսաստանի վրա, ինչն էլ իր հերթին` կանդրադառնա Հայաստանի վրա։ Դա կարող է լինել տրանսֆերտների նվազման, երկկողմ առևտրաշրջանառության ծավալների անկման տեսքով, ներդրումների կրճատման տեսքով։ Իսկ Մաքսային միությանն անդամակցելուց հետո ոչ ոք չի կարող բացառել, որ պատժամիջոցներ կիրառվեն նաև մեր նկատմամբ (մենք նույնպես ունենք եվրոպարտատոմսեր)։
Ամեն դեպքում, ինչպես տեսնում ենք, ոչ թե Եվրոպան է փչացնում Ռուսաստանի տնտեսական ցուցանիշները, այլ հենց ինքն է վտանգի տակ դնում իր տնտեսությունը։
Ի դեպ, ևս մի կարևոր հանգամանք։ Ռուս պաշտոնյաներն իրենք` դեռ մինչև վերջին իրադարձությունները, խոստովանում էին, որ երկրի վիճակը լավ չէ։
Մասնավորապես, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը 2013թ. նոյեմբերին կանխատեսումներ էր հրապարակել, որոնց համաձայն` Ռուսաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը մինչև 2020 թ. կկազմի 3.1%, 2020-2025թթ.` 2.5%, իսկ 2026-2030թթ.` ավելի քիչ` 1.8%։ Երբ լրագրողները նախարարությանը մեղադրել էին չափից դուրս հոռետես լինելու մեջ, նախարար Ուլյուկաևը պատասխանել էր. «Ուրախանալ պետք է մեկ այլ տեղ»։
Ավելին, նախարարն անկեղծացել էր Պետդումայի պատգամավորների մոտ և հայտարարել, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է իր ամենավատ վիճակում` 2008 թ. ճգնաժամից ի վեր: Իսկ թունելի վերջում լույս կա՞։ Ուլյուկաևը, լրագրողների այս հարցին ի պատասխան` ասել էր` այո, եթե իրականացվեն լուրջ ենթակառուցվածքային բարեփոխումներ։
Կարծում եք` մեր իշխանությունները չգիտեի՞ն այս տխուր վիճակի մասին։ Իհա՛րկե գիտեին: Նրանք այդ մասին անկեղծորեն խոսում էին (են) մասնավոր զրույցներում և ավելին` խիստ թերահավատորեն են մոտենում ՌԴ-ի կողմից լուրջ բարեփոխումներ անցկացնելու կարողությանը և հավանականությանը։
Նշենք նաև, որ ՌԴ-ից եկող ամենալուրջ ազդեցությունը կարող է արտահայտվել այդ երկրից Հայաստան եկող տրանսֆերտների նվազման տեսքով։ Սակայն մեր պաշտոնյաները (օրինակ` ԿԲ-ի) նախանձելի լավատեսությամբ հայտարարում են, որ տրանսֆերտների նվազման վտանգ չկա։ Իսկ լավատեսության պատճառի մասին գերադասում են կամ չխոսել, կամ խոսել լղոզված։ Որովհետև, եթե տրանսֆերտները չնվազեն, ապա դա կլինի ոչ թե Ռուսաստանի տնտեսական վիճակի բարելավման, այլ Հայաստանից ՌԴ միգրանտների թվի շեշտակի մեծացման արդյունքում։