Բաժիններ՝

Կուբայի ԱԳ նախարարը Ռուբիոյին մեղադրել է ստելու համար՝ ԱՄՆ-ի գործողություններն անվանելով «համակարգված ագրեսիա»

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը «սուտ» է որակել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերն այն մասին, որ Կուբան «ազգային անվտանգության սպառնալիք» է ԱՄՆ-ի համար։ Այս մասին Ռոդրիգեսը գրառում է արել X սոցիալական հարթակում։

«ԱՄՆ պետքարտուղարը կրկին ստում է, որպեսզի հրահրի ռազմական ագրեսիա, որը կհանգեցնի կուբացիների և ամերիկացիների արյունահեղության։ Կուբան սպառնալիք չէ և երբեք էլ սպառնալիք չի եղել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար։ Հենց ԱՄՆ կառավարությունն է անողոք և համակարգված ագրեսիա իրականացնում կուբացի ժողովրդի նկատմամբ և վերջին ամիսներին զբաղվել է բնակչության շրջանում հուսահատություն տարածելով և տնտեսության փլուզմամբ՝ արգելելով վառելիքի ներմուծումը և ամրապնդելով շրջափակման արտատարածքային բնույթը», – գրել է Կուբայի արտգործնախարարը։

Ռոդրիգեսի խոսքով՝ ԱՄՆ-ն է տասնամյակներ շարունակ գործել անպատժելիությամբ՝ թույլ տալով սեփական տարածքից «Կուբայի դեմ ահաբեկչական գործողությունների կազմակերպումն ու իրականացումը» և «անվտանգ ապաստան տրամադրելով տխրահռչակ ահաբեկիչներին», որոնք խոստովանել են իրենց մեղքը։

«Պետքարտուղարը լավ գիտի, որ միակողմանի հարկադրական միջոցառումների ուժեղացումը, որոնց անողոք ճարտարապետն ինքն է եղել, Կուբայի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտն է, որն ամբողջական և կործանարար ազդեցություն ունի երկրի բոլոր ոլորտների, այդ թվում՝ մասնավոր հատվածի վրա», – հավելել է նա։

Ավելի վաղ պետքարտուղար Ռուբիոն Կուբան անվանել էր «ազգային անվտանգության սպառնալիք» ԱՄՆ-ի համար՝ նշելով, որ այդ երկրի իշխանությունների հետ դիվանագիտական լուծման հնարավորությունը «մեծ չէ»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ խոսել էր Կուբայում ռազմական միջամտության հնարավորության մասին։

ԱՄՆ-ն նավթի մատակարարման արգելք է սահմանել Կուբայի նկատմամբ, որի հետևանքով երկրում խորացել է վառելիքի ճգնաժամը։ Վերջին ամիսներին ամերիկյան շրջափակման պատճառով կղզում էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ են լինում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031