«Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից. նա նույնպես դիմել էր Նիկոլ Փաշինյանին
Խմածության հետևանքով վարորդական իրավունքից զրկված, և այն առանց քննության վերականգնելու հարցով ՀՀ վարչապետ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դիմած վարորդներից մեկը ոչ սթափ վիճակում վարել է մեքենան և Տավուշի մարզում վթարի ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշենք, որ մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` առաջարկ արեց. քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։ Գործող օրենքի համաձայն` վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ։ Հարցը ՀՀ ներքին գործերի նախարարությունն արդեն դրել է շրջանառության մեջ, այն հանրային քննարկման է ներկայացված։
Վթարը տեղի է ունեցել մայիսի 21-ին` ժամը 19:50-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին։ Միմյանց են բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։
«Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից»,– գրել է կայքը։
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այժմ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։



