Եվրասիական միության փոխարեն՝ մեկ պետությո՞ւն
Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Պետական դուման պատրաստվում է քննարկել մի օրինագիծ, որով պարզեցվելու է ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիներին ՌԴ քաղաքացիության շնորհումը, այլ սահմանում է Ռուսաստանի Ֆեդերացիային նոր կազմավորումների միանալու կարգը: Շեշտվում է, որ այս կարգի սահմանումը կապված է վերջին շրջանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ռուսները պարզ ասում են, որ մտադիր են օրենք ընդունել, որն իրենց թույլ կտա ՌԴ-ին միացնել եթե ոչ` ամբողջապես Ուկրաինան, ապա գոնե` դրա առանձին մասեր:
Ռուսաստանում 2001 թվականից գործում է օրենք «ՌԴ մտնելու և նրա կազմում ՌԴ նոր սյուբյեկտի կազմավորման կարգի մասին»: Գործող օրենքի 4-րդ հոդվածով ենթադրվում է, որ այլ երկրի կամ դրա մի մասի՝ ՌԴ-ին միանալու մասին որոշումը կայացվում է ՌԴ-ի և այդ երկրի փոխադարձ համաձայնությամբ:
Ըստ գործող օրենքի, ենթադրենք, Ղրիմը կարող է մտնել ՌԴ կազմ և դառնալ ֆեդերացիայի սուբյեկտ, եթե դրան համաձայնի Ուկրաինան: Ռուսաստանի Պետդուման որոշել է պարզեցնել երկրի կազմ նոր սուբյեկտներ մտցնելու կարգը, և նախատեսվող փոփոխությամբ Ռուսաստանին միանալու համար բավարար կլինի «ժողովրդի կամարտահայտությունը», որը կարող է դրսևորվել հանրաքվեի միջոցով: Այսինքն` այս օրենքի ընդունման դեպքում բավարար է, որ Ղրիմում անցկացվի հանրաքվե Ռուսաստանին միանալու մասին, և դա կարող է Ռուսաստանին հիմք տալ Ղրիմը ՌԴ-ին միացնելու համար՝ ձևավորելով նոր սուբյեկտ:
Պետդումայում նման օրինագիծ ներկայացնելով` ՌԴ-ն բացահայտորեն հայտարարում է, որ մտադիր է մասնատել Ուկրաինան, և Ռուսաստանին միացնել այն մասը, որ հնարավոր կլինի պոկել: Բայց արդյո՞ք միայն Ուկրաինան: Պետդումայում շտապ կարգով քննարկվում է ԱՊՀ երկրների քաղաքացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալու օրենքի նախագիծը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` ԽՍՀՄ քաղաքացիությունը վերականգնելու փորձ:
Պարզ է, որ Ռուսաստանն այլևս չի ցանկանում պահպանել ձևականությունները և ներկայացնել, թե ցանկանում է ստեղծել անկախ պետությունների համագործակցություն` ինչպիսին պետք է լիներ Եվրասիական տնտեսական համագործակցությունը: Ռուսաստանի իշխանությունը երևի հոգնել է այդ պետությունների իշխանությունների քմահաճույքներից, նրանց կողմից առաջ քաշվող պայմաններից ու նախապայմաններից, և որոշել է վերականգնել կասրությունը` առանց ավելորդ սեթևեթանքների:
Մեխանիզմն առավել քան պարզ է. քաղաքացիություն շնորհել այդ երկրների քաղաքացիներին, որոնք հետո հանրաքվե կանցկացնեն և կարտահայտեն իրենց կամքը Ռուսաստանին միանալու մասին: Այս ծրագիրը առաջին հերթին` կարող է իրականացվել Հայաստանում. ՀՀ հարյուր-հազարավոր քաղաքացիներ արդեն ՌԴ քաղաքացիներ են, մի մասն էլ ամեն գնով ցանկանում է դառնալ ՌԴ քաղաքացի:
Կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա Հայաստանում, եթե ՌԴ հյուպատոսարաններ դիմած Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու Ռուսաստանի անձնագիր տան, և դրանից հետո որոշվի Հայաստանում հանրաքվե անցկացնել ՌԴ-ին միանալու մասին: Հայաստանի՝ Ռուսաստանին միացման դեմ Հայաստանում անհամեմատ ավելի քիչ մարդ կըմբոստանա, քան հիմա ըմբոստանում է Ղրիմում կամ Ուկրաինայի՝ մեծամասամբ ռուսաբնակ հարավ-արևելյան մարզերում:
Կհաջողվի՞ Ռուսաստանին իրականացնել այդ ծրագիրը՝ կախված է Ուկրաինայից: Եթե Ուկրաինային հաջողվի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և կասեցնել Ռուսաստանի կայսերական հակումները, ապա ՌԴ նախագահը կարող է հրաժարվել ԽՍՀՄ վերականգնման ծրագրից:
Եթե ոչ, հաջորդ տարածքը, որտեղ կարող է «համաժողովրդական հանրաքվե» կազմակերպվել, կարող է լինել Հայաստանը: