Գլխավոր դատախազը՝ «Արարատցեմենտ»-ի մասին (տեսանյութ)

Արարատի և Արմավիրի մարզերում քրեական գործեր են հարուցվել ջրառի՝ թույլատրված չափաքանակի հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչ քրեական գործ է հարուցվել «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված: Նա նշեց, որ այդ գործարանի հետ կապված որևէ քրեական գործի չի հարուցվել: «Բնապահպանության նախարարության ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ Արարատյան դաշտավայրում ջրառի ծավալներն ավելին են օրենքով նախատեսված առավելագույն չափաքանակից, այսինքն՝ հիմքեր կան առնվազն ենթադրելու, որ ջրօգտագործողների կողմից շահագործվում է ավելի շատ չափաքանակ, քան թույլատրելի է օրենքով, և այդ փաստի կապակցությամբ, նկատի ունենալով, որ առավել ջրառն ինքնին վնաս է հասցնում բնությանը և շրջակա միջավայրին, ընդերքին, այդ փաստի կապակցությամբ հարուցվել են երկու քրեական գործեր՝ մեկը Արարատի մարզում, մյուսը՝ Արմավիրի մարզում: Եվ այդ քրեական գործի շրջանակներում իրականացվել են և իրականացվում են մի շարք քննչական գործողություններ՝ երկու մարզերում զուգահեռաբար, և քննչական գործողություններից կոնկրետ մասնավորեցվածը զննության գործողությունն էր, որն իրականացվում է տնտեսական կազմակերպություններում, այսինքն՝ տնտեսական գործողություն իրականացնող բոլոր կազմակերպություններում, ովքեր իրենց տնտեսական գործողությունների մեջ օգտագործում են կամ իրենց տնտեսական գործունեությունը կառուցված է ջրօգտագործման մեծ ծավալների հետ, այդ թվում՝ «Արարատցեմենտում»: Այսինքն՝ բազմաթիվ կազմակերպություններում՝ շուրջ 100-120 կազմակերպություններ, որոնք այս երկու քրեական գործերի շրջանակներում՝ թե Արարատի մարզում, թե Արմավիրի մարզում, առնվազն գտնվում են այդ տեսադաշտում, և քննարկման առարկա է դառնում երեք կարևոր ուղղություն: Ուղղություն առաջին՝ այդ խորքային հորերի ապօրինի շահագործումը, այսինքն՝ ապօրինի խորքային հորերի առկայությունը, երկրորդ՝ առանց ջրօգտագործման թույլտվությունների ջրօգտագործման փաստերը, և երրորդ՝ ժամկետանց ջրօգտագործման պայմանագրերի առկայության պայմաններում ջրօգտագործման փաստերը: Այս երեք ուղղություններով իրականացվում է քննություն քրեական գործերի շրջանակում: Եվ կրկնվեմ՝ ոչ միայն «Արարատցեմենտ», այլև ավելի քան 120 կազմակերպություններ, տնտեսվարող սուբյեկտներ՝ կլինի դա ձկնաբուծական տնտեսություններ, կլինեն այլ տնտեսություններ, որոնց ջրօգտագործման ծավալներն ավելի խոշոր են, այս քրեական գործի շրջանակներում իրենց կապակցությամբ իրականացվելու է համապատասխան քննություն, արդեն ասացի՝ այդ երեք սկզբունքների վրա»,- ասաց Գ. Կոստանյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ կատարվածը որակվում է՝ որպես ճնշման միջոց, նշվում է, որ քաղաքական դրդապատճառներ կան, Գևորգ Կոստանյանն արձագանքեց. «Ես արդեն ասացի՝ ինչով է պայմանավորված, և այն հանգամանքը, որ այդ քրեական գործի շրջանակներում պետք է տնտեսական գործողություն իրականացնող բոլոր կազմակերպություններում այդ գործունեությունը, այսինքն՝ այդ քննչական գործողությունը կատարվի և չկատարվի այլ տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում, պայմանավորված ինչ-որ հնարավոր քաղաքական շահարկումներով, դա անընդունելի է: Եվ նորից եմ ասում՝ այդ քննչական գործողություններն իրականացվել և իրականացվելու են: Ես չեմ կարծում, որ առնվազն այս ներկայացնելուց հետո որևէ մեկը հիմնավոր հանգամանքներ կամ կասկածներ կարող է ունենալ այս առթիվ, որ որևէ քաղաքական ուղղորդում կա, կամ որևէ խտրական մոտեցում կա: Ես վստահ եմ, որ այլ պայմաններում մենք կարող էինք խոսել խտրականության մասին, եթե մենք բոլոր այլ կազմակերպություններում իրականացնեինք այդ քննչական գործողությունը և կոնկրետ այդ «Արարատցեմենտ» կազմակերպությունում չիրականացնեինք: Ես կարծում եմ՝ արդեն այդ պայմաններում բոլորիդ մոտ կառաջանար այդ խտրական մոտեցման պատճառների հարցը»: Նրա խոսքով՝ հարուցված երկու քրեական գործերի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:
Ինչպես հայտնի է,  Գյուղատնտեսության նախարարությունը «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի դեմ գումարի բռնագանձման հայց է ներկայացրել դատարան: Լրագրողները Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ հենց հիմա գործեր կան՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող ընկերությունների հետ կապված: «Ես չգիտեմ՝ հայց ներկայացվո՞ւմ է, ներկայացվե՞լ է, թե՞ ոչ, համենայն դեպս, ես տեղյակ չեմ այդ գործընթացից»: Գ. Կոստանյանն ասաց, որ ինքը հարուցված երկու քրեական գործերի հետ կապված բավարար տեղեկություններ հաղորդեց. «Եվ եթե այստեղ որևէ քաղաքական դրդապատճառ եք տեսնում, ես կարծում եմ՝ դրա համար բավարար հիմքեր չունեք»: …

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս