Իշխանությունն ու ընդդիմությունը հերթական հանձնաժողովն են ստեղծում

Փետրվարի 21-ին ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների ղեկավարներ Գալուստ Սահակյանը և Հեղինե Բիշարյանը, ինչպես նաև ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ներկայացրել են ԱԺ որոշման նախագիծ «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Այս հանձնաժողովն ուսումնասիրելու է ինչպես 2013թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված «գազային համաձայնագրերը», այնպես էլ գազամատակարարման համակարգի հետ կապված` հասարակությանը հուզող բազմաթիվ այլ հարցեր. գազի ջերմատվությունը, գազի հաշվիչների ստուգաչափումը, ներտնային համակարգի գործունեության հիմնավորվածությունը, գազի գնի ձևավորումը:

Նման հանձնաժողով նախորդ քառօրյայի ժամանակ փորձում էին ստեղծել ոչ իշխանական խմբակցությունները, սակայն իշխանական մեծամասնությունը տապալեց այդ նախաձեռնությունը, և հիմա ինքն է հանդես գալիս նման նախաձեռնությամբ: Այս առիթով հնչում է կարծես թե տրամաբանական հարց. եթե ՀՀԿ-ն դեմ չէր նման հանձնաժողովի ստեղծմանը, ապա ի՞նչ իմաստ ուներ վիժեցնել ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը. ի՞նչ տարբերություն, թե ում նախաձեռնությամբ է ստեղծվում հանձնաժողովը:

Տարբերությունն այն է, որ, եթե ոչ իշխանական ուժերն են հանդես գալիս հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, ապա ստացվում է, որ նրանք այդ հանձնաժողովի միջոցով ցանկանում են ցույց տալ, թե ինչպիսի վատ գործարք է կնքել կառավարությունը, որ գազի գինն անհամեմատ ավելի բարձր է, քան կարող է լինել, և, որ 300 միլիոն դոլարի պարտքի կուտակումը հակասահմանադրական է և կառավարության լիազորությունների գերազանցման արդյունք:

Մինչդեռ հիմա, երբ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես է գալիս ՀՀԿ-ն, նա դա անում է` ցույց տալու և համոզելու համար, թե ինչ փայլուն գործարք է տեղի ունեցել դեկտեմբերի 2-ին, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը, որ փոխանցվել է «Գազպրոմին» 300 միլիոն դոլարի դիմաց, ավելին չարժեր, քան 80-90 միլիոն դոլար, և այդ գործարքի արդյունքում Հայաստանը մի քանի անգամ շահել է և ոչ թե` վնասվել: Հանձնաժողով ստեղծելով` ՀՀԿ-ն պետք է ապացուցի, որ Հայաստանում վաճառվող գազի գինն անհամեմատ ցածր է, քան բազմաթիվ այլ երկրներում, և այդ ամենը` բացառապես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ ական կառավարության հմուտ և ազգանվեր գործունեության շնորհիվ:

Հանրապետականներն ասում են, որ իրենք «գազային համաձայնագրերի» առումով` ամեն ինչ չէ, որ կարող են բաց ու հրապարակային ներկայացնել հանրությանը, և այդ պատճառով ցանկանում են, որ հանձնաժողովը գործի փակ ռեժիմով: Նրանց տրամաբանությունը հետևյալն է. եթե իսկապես ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները կասկածում են, որ կառավարությունը Հայաստանի տնտեսական շահերը ոտնահարող պայմանագիր է կնքել, իրենք պատրաստ են ներկայացնել հակառակն ապացուցող բազմաթիվ փաստեր: Բայց այդ փաստերը բաց հրապարակման ենթակա չեն, դրանք չեն կարող հանրայնացվել: Թող ոչ ընդդիմադիր պատգամավորները ծանոթանալով այդ փաստերին` իրենք համոզվեն և հետո հանրությանը տեղեկացնեն, որ, այո, Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ իսկապես հաջողված համաձայնագրեր է կնքել:

Փակ ռեժիմին սկզբունքորեն դեմ է արտահայտվում ՀԱԿ խմբակցությունը, որի անդամները, մասնավորապես` Արամ Մանուկյանը և Հրանտ Բագրատյանը, կարծում են, որ միայն բաց և հանրային քննարկման միջոցով է հնարավոր բացահայտել ամբողջ ճշմարտությունը: Արամ Մանուկյանն ասում է, որ միայն հանձնաժողովի թափանցիկ գործունեությունը կարող է հանձնաժողովի անդամներին ապահովագրել տարբեր ճնշումներից:

Իսկ Հրանտ Բագրատյանը համոզված է, որ հանձնաժողովին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ անհրաժեշտ չեն. միակ գաղտնի տեղեկությունը կարող է լինել բանակի կողմից սպառվող գազի ծավալը, բայց առանց դրա էլ հանձնաժողովը կարող է իր առջև դրված նպատակին հասնել: Որոշման նախագիծը ներկայացնող Դավիթ Հարությունյանը կարծում է, որ հանձնաժողովի հրապարակային գործունեությունը կխանգարի նրա աշխատանքի արդյունավետությանը, քանի որ լրագրողների ներկայությունը հանձնաժողովի նիստերին կստիպի, որ պատգամավորներն ավելի շատ մտածեն ոչ թե աշխատելու, այլ իրենց դրսևորելու մասին:

ԲՀԿ-ն դեմ է հանձնաժողովի գործունեությունը մինչև 2014թ. նոյեմբերի 8-ը սահմանելու առաջարկին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, թե ինքը տպավորություն ունի, որ նման ժամկետ է սահմանվել «խնդիրը քնեցնելու, կրքերը լռեցնելու համար»: Ըստ Զոհրաբյանի` իրենց խմբակցությունը համարում է, որ հանձնաժողովին ռացիոնալ աշխատելու դեպքում բավարար է նաև երկու ամիսը` մինչև 2014թ. մայիսի 1-ը, բայց խորհրդակցելով գործընկեր խմբակցությունների հետ` համաձայն են, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետ սահմանվի մինչև նստաշրջանի ավարտը` մայիսի վերջը:

Զոհրաբյանը պնդում է, որ, եթե իրենց այս պահանջը չբավարարվի, իրենք կբոյկոտեն հանձնաժողովի գործունեությունը:

Մյուս դժգոհությունը վերաբերում է հանձնաժողովի ձևավորման կարգին: Ըստ նախագծի` հանձնաժողովը պետք է ունենա 10 անդամ, որոնցից չորսին ներկայացնելու է ՀՀԿ-ն, 2-ին` ԲՀԿ-ն, և մեկական անդամ` մյուս չորս խմբակցությունները: Դավիթ Հարությունյանն ասում է, որ սա հավասարակշռություն կստեղծի, քանի որ իշխանությունն ու ոչ իշխանությունը կունենան 5-ական անդամ: Հրանտ Բագրատյանը հղում անելով եվրոպական փորձին` ասում է, որ վերահսկողական ֆունկցիաներ ունեցող խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը պետք է լինի ընդդիմությունից:

Նա խոստանում է համակողմանի օգնություն հանձնաժողովին, նույնիսկ, եթե ինքը չլինի հանձնաժողովի կազմում: Ամենայն հավանականությամբ, հանձնաժողովում ՀԱԿ-ը կներկայացնի Արամ Մանուկյանը, ով հայտարարում է, որ ինքն արդեն փորձագետի մակարդակով տիրապետում է գազամատակարարման հետ կապված խնդիրներին: Հրանտ Բագրատյանը կարծում է, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի համաձայնագրերի այն կետերը, որոնք արգելակում են Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացումը:

Նա ասում, է, որ Ճապոնիան իր փակված 50 ատոմակայանները փոխարինել է հողմային կայաններով, որոնց արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը 15 դրամ է, իսկ Եվրոպայում քամու և արևի էներգիայի ինքնարժեքը 40 դրամ է: Ըստ Բագատյանի, Հայաստանը և Ռուսաստանը տարածաշրջանում միակ երկրներն են, որ այս ուղղությամբ ոչինչ չեն անում:

Եվ եթե Ռուսաստանի դեպքում դա բացատրություն ունի՝ նրա էներգետիկ ռեսուրսները, ապա Հայաստանի դեպքում դա անթույլատրելի է: Բագրատյանն առաջարկում է ռուսներին համոզել և բացատրել, որ, եթե նրանք մեր բարեկամներն են, ապա պետք է վերանայել համաձայնագրերի այն կետերը, որոնք գազի համար երաշխավորված սպառում են նախատեսում, ինչը նշանակում է, որ գազին այլընտրանք չի կարող լինել:

Որքան էլ ցավալի է, բայց պետք է արձանագրել, որ Հայաստանը հայտնվել է խնդրողի և համոզողի դերում: Հայաստանը պետք է խնդրի, որ Ռուսաստանը չոտնահարի իր տնտեսական շահերը: Մի՞թե դա լուրջ մոտեցում է. կամ որքանո՞վ է արդյունավետ: Ռուսաստանը ոտնահարում է Հայաստանի տնտեսական շահերը` հանուն իր տնտեսական շահերի, հանուն իր ապրանքն իրացնելու, որի պահանջարկը, ինչպես Բագրատյանն է ասում, տարեցտարի նվազելու է:

Եվ ամենազավեշտալին այն է, որ այս տրամաբանությամբ են առաջնորդվում Հայաստանի և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը: Նրանց տարբերությունն այն է, որ նրանք համոզված են, որ ռուսներին ամենալավը կհամոզեն կամ ամենալավը կխնդրեն հենց իրենք: Ոչ ոք չի հայտարարում, որ այս հանձնաժողովի ստեղծման նպատակը պետք է լինի «գազային համաձայնագրերի» վտանգավորությունը և վնասակարությունը բացահայտելը, որից հետո դրանք վավերացրած խորհրդարանը պետք է չեղյալ համարի իր իսկ ընդունած որոշումները:

Տեսանյութեր

Լրահոս