Սերժ Սարգսյանն արդարացրեց Տիգրան Սարգսյանին
2013թ. մարտի 18-ին նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով կառավարության հետագա գործունեությանը վերաբերող հարցին, բառացիորեն ասել էր. «Հայաստանի այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»:
Անցյալ տարի պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի տնտեսական աճը կազմել է 3,5 տոկոս, ուղիղ 2 անգամ պակաս է, քան նախանշել էր Սերժ Սարգսյանը:
Թվում է, որ սա հիմնավոր պատճառ է, կառավարության հրաժարականը ակնկալելու համար: Պարզվում է` ոչ, քանի որ Սերժ Սարգսյանը ունի այդ ձախողման բացատրությունը. համաշխարհային տնտեսության մեջ արձանագրված բացասական միտումները: Այսօր ԵԿՄ 10-րդ համագումարի մասնակիցներից մեկը Սերժ Սարգսյանից հարցրեց, թե ինչպիսի՞ն է Հայաստանի տնտեսական վիճակը:
Նախագահ Սերժ Սարգսյանը՝ բացելով թղթապանակը սկսեց հերթով թվարկել, որ Արժույթի միջազգային հիմնադրամը 2013թ. ԱՊՀ երկրների համար կանխատեսել էր 3,8 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ եղել է 2,7 տոկոս, Ռուսաստանի տնտեսական աճը ընդհանրապես 1,5 տոկոս է կազմել: Եվրամիության երկրների համար կանխատեսել էր 0,2 տոկոս տնտեսական անկում, մինչդեռ անկումը եղել է 0,4:
Մինչդեռ Հայաստանի տնտեսական աճը եղել է 3,5 տոկոս` ԱՊՀ միջին ցուցանիշից բարձր, իսկ Ռուսաստանի հետ համեմատելն, ըստ Ս. Սարգսյանի, ընդհանրապես տեղին չէ: Հարց տալով՝ լա՞վ է սա, թե վատ, Սերժ Սարգսյանը ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Եթե համեմատենք ուրիշների հետ՝ լավ է, եթե համեմատենք մեր կարիքների համար անհրաժեշտ աճի հետ՝ վատ»:
Սերժ Սարգսյանի գնահատականներից կարելի է հասկանալ, որ նա այնքան էլ դժգոհ չէ կառավարության գործունեության արդյունքներից, որը կարողացել է ԱՊՀ միջինից բարձր տնտեսական աճ ապահովել: Այնպես որ՝ ակնկալել, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ կանի 7 տոկոս տնտեսական աճ չապահոված կառավարությանը, իրատեսական չէ:
Սերժ Սարգյանը հայտարարեց, որ 2014թ. համար ինքը ակնկալում է ավելի բարձր տնտեսական աճ: