Փաստաբան Շարբաթյանի գործով ոստիկաններին չէր հաջողվել բերման ենթարկել 8 վկաներին

Փետրվարի 11-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, լեփ-լեցուն դահլիճում շարունակվեց 2012թ-ին «Մուշ»  ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արեն և Արտակ Վերանյանների դռնբաց դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ՝ հունվարի 30-ի դատական նիստին, դատավորը ծանուցում ստացած, բայց դատական նիստերին շարունակաբար չներկայացող 10 վկայի բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Սակայն ոստիկաններին հաջողվել էր բերման ենթարկել միայն երկու վկայի: Ըստ ոստիկանության դատարան ներկայացրած գրությունների՝ վկաներից Տիգրան Խլղաթյանին և Հրանտ Ասլիկյանին ոստիկանությունը գործի նյութերում նշված նրանց բնակության հասցեում չէր հայտնաբերել: Աշոտ Սեփխանյանը  կնոջ՝ Գայանեի ասելով, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում է գտնվում, Օֆելյա Աֆիցերյանը 39 աստիճան ջերմությամբ անկողնում պառկած է եղել և դատարանում վկայություն տալ չէր կարող:

Շտապօգնության բուժքույր Էլլա Կոստանյանը ևս քաղաքում չէր, Արեն Հովհաննիսյանն էլ, կնոջ ասելով, գտնվում է ԼՂՀ-ում: Ազատ Խլղաթյանի և Ալվարդ Եղիկյանի մասին ոստիկանությունը դատարանին ոչինչ չէր հայտնել:

Մեղադրող՝ Լոռու մարզի դատախազության դատախազ Պետրոս Մարտիրոսյանը դատարանին հայտնել  էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստին չի ներկայանա:

Վկա, շտապօգնության բժիշկ Յուրի Մկրտչյանը դատարան էր ներկայացել առանց անձը հաստատող փաստաթղթի, սակայն կողմերը հաստատեցին նրա ինքնությունը և չառարկեցին, որ նա ցուցմունք տա:  Յուրի Մկրտչյանը չէր ճանաչում ո՛չ Սամվել Դիլոյանին ու Վերանյան եղբայրներին, ո՛չ տուժող Սամվել Շարբաթյանին: Նա ասաց.«Գնացի, տեսա դիակ ա պառկած, զանգեցի ոստիկանություն: Աչքերի տակ կապտած էր, չէր շնմչում, կյանքի ռեֆլեքսներ չկային, այդտեղ մարդիկ կային, որոնց չէի ճանաչում, ոստիկանները եկան, մենք էլ թողեցինք, հեռացանք»:

Տուժողի իրավահաջորդի՝ Հասմիկ Մանուչարյանի հարցին՝դուք փորձեցի՞ք զննել եղբորս, ճնշումը չափել, զարկերակը ստուգել, վկան պատասխանեց. «Դիակի հետ ի՞նչ գործողություններ անեինք»: Հ. Մանուչարյանն էլ հակադարձեց. «Դիազեպան, կոֆեին և ադրենալին անեիք, եթե օգներ, իմ եղբայրը չէր մահանա, էս տղաներն էլ էստեղ չէին հայտնվի»: Յ. Մկրտչյանը թեև իր խոսքի  սկզբում Մանուչարյանի հարցին ի պատսախան ասել էր,  որ իր բժշկական ճամպրուկում բոլոր հարկավոր դեղամիջոցները կային, նրա այդ հակադարձումից հետո հայտնեց. «Հիմա շատ վատ ա շտապօգնության վիճակը դեղորայքի պահով.շատ քիչ քանակությամբ բան են տալիս՝ցավազրկող, ճնշում իջեցնող, մի թեթև միզամուղ, բինտ, բամբակ…»:

– Շատ էլ լավ ա(շտապօգնության վիճակը-հեղ),-հակադարձեց Հ. Մանուչարյանը:

– Էդ Ձեր կարծիքն ա, -պատասխանեց  Յ. Մկրտչյանը:

Նա հայտնեց նաև, որ անկախ նրանից՝ ինչի համար են շտապօգնություն կանչում, իրենց բժշկական ճամպրուկում միշտ միևնույն դեղորայքն է:

Լսելով այս խոսքերը, դատավոր Ն. Հովակիմյանը զարմացած հռետորական հարց տվեց. «Այդ դեպքում ինչո՞ւ է կանչն ընդունողը, նախքան բրիգադ ուղարկելը, մոտ 30 րոպե մանրամասն հետաքրքրվում հիվանդի վիճակով»:

Հ. Մանուչարյանն ասաց, որ ինքը դեպքից  20 րոպե ուշ է եկել, իրենից 15 րոպե հետո եկել է ոստիկանությունը: Իր ասելով, երբ ստուգել է, եղբայրը դեռ թույլ պուլս է ունեցել, կանչել է Մկրտչյանին:

-Էկա, նորից նայեցի, դիակ էր, էդ իրան (Հ. Մանուչարյանին,-հեղ.) թվացել էր, որ պուլս ունի,-հակադարձեց  Մկրտչյանը:

Հ. Մանուչարյանը կատարվածի համար մեղադրեց բժիշկ Մկրտչյանին: Նրա մեղադրանքին ի պատասխան՝ դատավոր Հովակիմյանը հորդորեց. «Եթե դուք գտնում եք, որ բժիշկն իր մասնագիտական պարտականությունը չի կատարել, դրա համար կա համապատասխան ընթացակարգ և բողոքելու տեղն այստեղ չէ»:

Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանին էլ հետաքրքրեց՝ի վերջո ի՞նչ եղանակով է բժիշկն ստուգել՝ տուժողը շնչու՞մ է, թե ոչ, մի՞թե վիզուալ.կարող էիք հայելի պահել, մազ դնել,-խորհուրդ տվեց Հակոբյանը:

– Ես ՌԴ-ում երկու տարի ռեանիմացիայում եմ աշխատել, շտապօնության 15 տարվա բժիշկ եմ, էդ հայելիով ստուգելը կինոյում եմ տեսել,-պատասխանեց վկան:

– Ձեր կարծիքով կա՞ր գործողություն, որը դուք որպես բժիշկ չեք կատարել՝ Ռ.Հակոբյանի մյուս հարցին էլ վկան ասաց. «Ոչ: Դիակին ի՞նչ գործողություն կատարեի»:

Բժշկին չէր հետաքրքրել նաև տուժողի մահվան հանգամանքներն ու պատճառը:

-Ինձ տրավման ա հետաքրքրում, ոչ թե պատճառը. դապուստիմ ընկել ա, դապուստիմ՝ գլուխը խփել, դապուստիմ ծեծել են,ես ինչ իմանամ, էդ դատական բժշկի գործն ա,- ասաց շտապօգնության բժիշկը:

Մեղադրողի՝ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանի հարցին էլ՝ տուժողի մարմնին բռնության հետքեր կայի՞ն, վկան ասաց. «Այո: Հիմնականոմ աջ աչքն էր կապտած, ձախը մի քիչ ավելի քիչ, եթե ճիշտ եմ հիշում»:

Վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա էին հակասություններ: Հրապարակելով հակասությունները՝ դատավորը հարցրեց. Կարդացել ե՞ք ձեր ցուցմունքը:

-Ոչ,  որովհետև հայերեն համարյա չեմ կարողանում կարդալ,-պատասխանեց վկան՝չկարողանալով բացատրել, թե այդ դեպքում ինչու է գրել,որ կարդացել է ցուցմունքը, որ այն գրված է իր պատմածով, ճիշտ է, որի համար ստորագրել է:Ասաց նաև, որ դեպքի հանգամանքի մասին, թե իբր վեճ է եղել, ծեծկռտուք, լսել է ոստիկանների գալուց հետո՝ այդտեղ ներկա ինչ-որ մարդկանց խոսակցությունից, որոնց, սակայն, չի ճանաչում:

Դատարանում վկայություն տվեց նաև  Տիգրան Մանուչարյանը՝ Հասմիկ Մանուչարյանի որդին, ով դեպքի օրը մոր հետ գնացել է «Մուշ»:

– Էդ ժամանակ (դեպքի օրը-հեղ.) հացի փռում էի աշխատում, մայրիկս զանգեց, ասաց միջադեպ ա եղել, չգիտեմ կոնկրետ ինչ, գիտեմ միայն, որ Խլղաթյան Էդոնա ընդեղ էղել՝ որպես քեռուս ընկեր, ու միասին գնացինք «Մուշ»: Մոտեցա քեռուս՝ Ս. Շարբաթյանին,աչքերի տակ կապտուկները տեսա ու էդ ժամանակ արդեն ես ինձ կորցրել էի, չէի կարա ընկալեի, այնտեղ էր Հայկ Ասիլկյանը (դեպքի ականատես վկան-հեղ.), մոլորված, դեմքը գունատ,-հայտնեց վկան: Նա ասաց, որ դեպքի հանգամանքների մասին Հայկ Ասլիկյանի հետ առանձին չի խոսել, լսել է միայն այն, ինչ Հայկը պատմել է իրենց տանը՝հարազատների ներկայությամբ:

Տիգրան Մանուչարյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև առկա էին էական հակասություններ, ինչը վկան պատճառաբանեց իր հոգեվիճակով:

Ռ.Հակոբյանը իր մտահոգությունը հայտնեց դատարանին, որ նույնիսկ բերման ենթարկելու որոշումով չի հաջողվում ապահովել վկաների ներկայությունը դատական նիստերին: Նա մտահոգություն հայտնեց, որ միգուցե այս գործին խոչընդոտում է նաև դատախազությունը՝թույլ չտալով,որ դեպքի օրը «Մուշ»-ում գտնված վկաներ Օֆելյա Աֆիցերյանն ու Ալվարդ Եղիկյանը ներկայանան դատարան:

-Սրանք այն վկաներն են,որոնց  ցուցմունքով առաջադրվել է արհեստըածին մեղադրանք և հիմա մեղադրող կողմը մտավախություն ունի, որ նրանց այստեղ գալով և վկայություն տալով չի հաստատվի այս մեղադրանքը,-դատարանի ուշադրությունը այս հանգամանքին հրավիրեց պաշտպանը:

Ի պատասխան դատախազ Սոս Տոնոյանն ասաց, որ մեղադրող կողմը երբևիցե մտահոգություն չունի վկաների գալով և խոստացավ նրանց հայտնաբերելու և բերման ենթարկելու գործում աջակցել ոստիկանությանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին:

Հովհաննես Սարդարյան

Տեսանյութեր

Լրահոս