Ինչո՞ւ են Զանգու գետում սատկել ձկները

Փետրվարի 3-ին Զանգու գետում արձանագրվել է մեծ թվով ձկների անկում: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Երևանի Դավիթաշեն կամրջից մինչև «Հաղթանակի» կամուրջն ընկած հատվածում ձկները սատկել են և ափ դուրս եկել:

Ըստ նախարարության հաղորդագրության՝ Զանգու գետի երկայնքով մոտ 40 սատկած ձուկ է նկատվել:

Մեզ հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասաց, որ նախարարությունն ահազանգ ստացել է փետրվարի 3-ին՝ 16:00-17:00-ի սահմաններում: «Միանգամից օրենքով սահմանված կարգով բացվել է թեժ գիծ, Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության մասնագետներն անմիջապես ժամանել են դեպքի վայր, ուսումնասիրել են, փորձանմուշները վերցրել են, համապատասխան հաղորդագրություն է ուղարկվել նաև իրավապահ մարմիններին»,- ասաց Ա. Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ձկներից վերցված փորձանմուշներն ուղարկվում են փորձաքննության, այժմ թղթաբանության հետ կապված հարցերն են լուծվում: «Ցավոք սրտի, Բնապահպանության նախարարությունն այդ հնարավորություններով օժտված չէ, մենք, ամենայն հավանականությամբ, կուղարկենք Սննդի անվտանգության տեսչություն, որն ապահովված է համապատասխան սարքավորումներով և միջոցներով: Երբ լինեն արդյունքները, մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ արդյոք նախարարությունը նախնական վարկած ունի՞ ձկների անկման պատճառի վերաբերյալ, Ա. Վարդանյանը պատասխանեց, որ չեն կարող ասել՝ ինչից է եղել, դա պարզ կլինի մասնագիտական եզրակացությունը ստանալուց հետո. «Բայց եթե նման մասսայական սատարելու դեպքեր են, բնականաբար, լուրջ պատճառներ կան, բայց նախնական չենք կարող որևէ բան ասել»:

Ա. Վարդանյանը նշեց նաև, որ չի կարող ասել՝ երբ պատրաստ կլինի փորձաքննության եզրակացությունը. «Դա առանձին կառույց է, Սննդի տեսչությունն է, իրենք երբ անեն: Փորձը ցույց է տալիս, որ մոտավորապես 2-3 շաբաթվա ընթացքում լինում է»:

ՀՀ բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով` ձկների անկման ամենահավանական պատճառը թունավոր նյութերի առկայությունն է. «Այսինքն՝ ինչ-որ տեղից արտահոսք է եղել, բայց գիտեմ, որ Բնապահպանության նախարարությունը վերցրել է նմուշները»: Կարինե Դանիելյանը նշեց, որ չի կարծում, թե ձկներին կարող են դիտավորյալ թունավորած լինել. «Ինչի՞ համար: Հետո այդ ձուկն այլևս օգտագործելու չէ, որ սատկեն` իրենք էլ վերցնեն: Չեմ պատկերացնում: Ինձ թվում է՝ ինչ-որ վթարային երևույթ է»:

Բնապահպանության նախկին նախարարը մտաբերեց ավելի վաղ Սևանա լճում գրանցված նմանատիպ մի դեպք: «Լճի վիճակը լավանում էր, և հանկարծ ձկան մեծ անկում եղավ: Շատ տարբեր բացատրություններ եղան, բայց հիմնական բացատրությունը դարձյալ այն էր, որ մեծ քանակությամբ թունավոր նյութեր են լիճ մտել»:

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ Բնապահպանության նախարարությունից դեռ փաստաթղթեր չեն ստացել:
Նշենք, որ նմանատիպ դեպք գրանցվել էր նաև 2012թ. դեկտեմբերին: Այս դեպքում մեծ թվով ձկներ էին սատկել Հրազդան գետում՝ «Գետափ» ռեստորանի հարակից տարածքում, թունավորման պատճառով:

Սատկած ձկների մոտավոր թիվ չէր հաղորդվում, սակայն Բնապահպանության նախարարության պաշտոնյաները նշում էին, որ նրանց թիվը բավական մեծ է եղել: Նախարարությունը կրկին լաբորատոր քննություն էր նշանակել, սակայն դրա արդյունքներն այդպես էլ չհրապարակվեցին: Ոստիկանությունում հարուցված քրեական գործը կարճվել էր՝ քրեական հանցադեպի բացակայության պատճառով: Հրազդան գետում ձկների անկման դեպք գրանցվել էր նաև 2013թ. հունվարին: Ձկների անկման այս դեպքի հետ կապված մանրամասներ ևս չհաղորդվեցին:

Ձկների զանգվածային ոչնչացման դեպք գրանցվեց նաև հուլիսի 15-ին. այս անգամ անկման դեպքեր գրանցվել էին Արարատի մարզի Դալար համայնքի տարածքով անցնող ջրանցքում: Բնապահպանության նախարարությունը դեպքից մի քանի օր անց հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նախարարությունում թեժ գիծ է բացվել, իսկ Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է ուսումնասիրել մամուլում հրապարակված տեղեկատվությունը:

Բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրության արդյունքում Դալար համայնքի վարչական տարածքի մակերևութային ջրերում հայտնաբերել և արձանագրել էին ձկների զանգվածային ոչնչացման փաստ: ««Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի և ՀՀ քրեական օրենսգրքի 287, 292 և 293 հոդվածների համապատասխան, որպես հանցագործության հատկանիշներ պարունակող դեպք, ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը դիմել է ՀՀ ոստիկանություն: Տեսչության տարածքային բաժնի անալիտիկ լաբորատորիաների աշխատակիցները իրականացրել են վերոհիշյալ համայնքի մակերևութային ջրերի նմուշառում, ինչպես նաև հետազոտման համար վերցրել են սատկած ձկների նմուշներ»,- իր տարածած հաղորդագրությունում նշել էր նախարարությունը, որը, սակայն, չի հրապարակել մանրամասներ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս