Արտակ Շաբոյանը ուշագրավ բացահայտում է արել. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Երեկ Ազգային ժողովում մի հետաքրքիր երկխոսություն տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի միջև։ Պատգամավորի հարցին, թե այդ ինչպես եղավ, որ մի քանի տարի առաջ հավկիթ արտահանող Հայաստանը վերածվեց հավկիթ ներմուծող երկրի, Շաբոյանն ակամայից ուշագրավ բացահայտում արեց. «Դա ունի նաև օբյեկտիվ պատճառներ և պայմանավորված է նրանով, որ հավկիթի արտադրության մեջ ինքնարժեքում մի մեծ կոմպոնենտ է կազմում կերը։ Կերն ամբողջությամբ ներմուծվում է Ուկրաինայից։ Եվ դրանով է պայմանավորված, որ պատրաստի արտադրանքի ներմուծումը որոշ դեպքերում դառնում է շահավետ»,- ասաց Շաբոյանը։
Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա։ Բայց իրականում Շաբոյանի պատասխանից մի տխուր պատկեր է հառնում, թե ինչ է լինելու, երբ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ։ Ինչպես ասում է Շաբոյանը, հավկիթի արտադրության ինքնարժեքի մեջ մեծ է կերի գնի ազդեցությունը։ Իսկ կերն այսօր ներկրվում է Ուկրաինայից։ Իսկ Ուկրաինան դժվար թե դառնա Մաքսային միության անդամ։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստած տեղեկանքի՝ ՄՄ անդամ դառնալուց հետո կենդանիների համար նախատեսված կերը ոչ ՄՄ անդամ երկրներից ներկրելու դեպքում դրա վրա ավելանալու է 5-ից 7.5 տոկոս մաքսատուրք՝ կախված տեսակից։ Այսինքն՝ կերը թանկանալու է ուղիղ 5-ից 7.5 տոկոսով։ Ըստ էկոնոմիկայի նախարարության հրապարակած տեղեկությունների, ոչ ՄՄ անդամ երկրներից տարեկան Հայաստան է ներկրվում մոտ 20 միլիոն դոլարի կեր։ ՄՄ-ի անդամ դառնալուց հտո մեր թռչնաբույծները կունենան գործողությունների մի քանի տարբերակ։ Առաջին տարբերակն այն է, որ նրանք պետք է շարունակեն Ուկրաինայից ներկրել այդ կերը և վճարել 5-ից 7.5 տոկոս ավելի գումար՝ հետագայում դա դնելով արտադրված հավկիթի գնի մեջ։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։