Հայազգի նկարչի տան ձեղնահարկում պատահաբար հայտնաբերված կտավները 30 մլն դոլար են գնահատվել (լուսանկարներ)
Լոնգ Այլենդի փոքրիկ առանձնատներից մեկում գտնվել են անհայտ նկարչի գործեր, որոնք գնահատվել են 30 մլն դոլար: Հենց այդ առանձնատանն էլ ժամանակին բնակվել է նկարիչը: Այս մասին հայտնում է Armenian Global Community կայքը:
Աշխատանքները հայտնաբերել է քոթեջի սեփականատեր Թոմ Շուլցը, ով 2006 թվին այն գնել էր 300.000 դոլարով: Տան նախկին տերը Շուլցից պահանջել էր դեն նետել ձեղնահարկի նկարները, սակայն երբ վերջինս ավելի ուշ դիտել է գրեթե 7000 նկարից բաղկացած հավաքածուն, պարզապես չի կարողացել ազատվել կտավներից: «Դա պարզապես ինչ-որ մեկի ողջ կյանքի աշխատանքն էր, և այն չէր կարող տեղ գտնել աղբատարում»,-ասել է Շուլցը:
Կտավները պատկանել են նախկինում անհայտ ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանին, ով Երկրորդ համաշխարհայինի վետերան է եղել և կոմիքսների ծաղրանկարիչ: Նա մինչև մահը` 1999 թվականը, ապրել է Բելպորտի այդ տանը` քրոջ հետ: Ընկերները, ովքեր այցելել են Փինաջյանին, նրան բնութագրել են որպես հասարակ մարդու, ով պարզապես նկարում էր հանուն արվեստի նկատմամբ ունեցած մեծ սիրո: «Չեմ հավատում, որ նա ինչ-որ աշխատանք վաճառել էր: Չեմ կարծում, թե նրան անհանգստացնում էր ճանաչումը»,-ասել է նրանց ծանոթներից մեկը` Նիկա Դի Պաոլոն:
Շուլցը Փինաջյանի աշխատանքները ներկայացրել է արվեստաբաններին: Հայտնի արվեստաբան Փիթեր Հասթինգս Ֆոլքը, ով ժամանակին գնահատել էր Էնդի Ուորհոլի տան նկարները, Փինաջյանի աշխատանքները բնութագրել է որպես լիրիկական աբստրակտ ժանրի բնանկարներ: Մեկ այլ մասնագետ Փինաջյանին անվանել է «գույների անզուգական վարպետ»:
Հիմա արդեն Փինաջյանի աշխատանքները ցուցադրվում և վաճառվում են Նյու Յորքի և Լոս Անջելեսի պատկերասրահներում: Նրա նկարները գնահատվում են 25-35 մլն դոլար: Մի քանիսն արդեն վաճառվել են 500.000 դոլարով: Թվով 50 բնապատկերներ ներկայումս ցուցադրված են Մանհեթենի Fuller Building երկնաքերի ցուցահանդեսում:
«Նա իր օրագրում գրել է, թե միշտ ցանկացել է իր նկարները ցուցադրել Նյու Յորքում: Կարծում ենք, որ նա հիմա մեզ վերևից նայում է ու ժպտում»,-ասել է ակամա նկարչի ժառանգորդը դարձած Շուլցը, ով կարողացել էր կտավներում տեսնել իրական արվեստը, մինչդեռ շատերի համար դրանք պարզապես աղբ էին:
Հայազգի նկարչի գործերին հնարավոր է ծանոթանալ pinajianart.com կայքում: