Բաժիններ՝

Ինչո՞ւ են բանկերի աշխատողները կամավոր հիմունքներով կատարում պարտադիր կուտակային վճարումները

Բոլորին է հայտնի, թե բանկային համակարգն ինչպիսի քաղաքական ճնշման տակ է գործում՝ ՀՀ կառավարություն-վարչապետ-Կենտրոնական բանկ, և հասկանալի է, թե ինչու այս պահին բանկերի աշխատողները սկսեցին կամավոր հիմունքներով կատարել պարտադիր կուտակային վճարումները: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» շարժման անդամ Հայկ Գրիգորյանը՝ մեկնաբանելով Acba Credit-Agricole բանկի աշխատակցի հայտարարությունը, թե սկզբունքորեն իրավունք չունեն ստիպել աշխատակիցներին կուտակային ֆոնդ ընտրել կամ չեն կարող բոլորին ստիպել, որ իրենց տեղեկացնեն` արդյոք ֆոնդ ընտրել են, թե ոչ:

Ըստ նրա՝ նախ բանկը, ինչպես և ցանկացած գործատու, կարող է և ի վիճակի է հստակորեն իմանալ, թե քանի հոգի է կատարել ընտրություն, կամ առնվազն որոշել է կատարել վճարում, քանի որ գործատուն է համարվում հարկային գործակալ և օրենքը գործատուի վրա է դրել կենսաթոշակային պարտադիր վճարի գանձման և փոխանցման պարտականությունը, և երկրորդ՝ բանկի հիմնավորումը պարզապես անտրամաբանական է և կտրված է իրականությունից այն առումով, որ դժվար թե որևէ մեկն իրոք անկեղծորեն հավատա, որ որևէ աշխատող իր ազատ կամքով կընտրի պարտադիր վճար վճարելու տարբերակը, եթե նրան հավասարապես հասանելի է որևէ վճար չվճարելու այլընտրանք:

«Այս վիճահարույց ու հակասահմանադրական օրենքն արդեն գործում է առնվազն 3 տարի, որի ընթացքում բնակչության նույնիսկ 0.001 %-ը չի կատարել որևէ կամավոր վճար, այդ թվում՝ նույն ԱԿԲԱ բանկի աշխատակիցները: Նաև հարց է ծագում, թե ինչու հենց այս պահին բանկերը որոշեցին բարձրացնել աշխատավարձերը, և բանական պատասխանն այն է, որ դա արվել է հակասահմանադրական օրենքի սահուն ներդրումն իրականացնելու համար՝ քաղաքական պատվերով՝ հուսալով բանկային համակարգի աշխատողներին հեռու պահել այս պայքարից»,- ասաց Հ. Գրիգորյանը՝ հավելելով, որ այս փուլում, երբ օրենքի մի քանի հոդված կասեցված է և ո´չ աշխատողներին, ո´չ էլ գործատուներին չի սպառնում որևէ տույժ կամ տուգանք, այսինքն՝ առկա է երկու հավասար հնարավորություն՝ վճարել պարտադիր վճարը կամ չվճարել այն, այն կորցնում է իր պարտադիր բնույթը և վերածվում կամավորի:

Հ. Գրիգորյանի կարծիքով՝ այս փուլում բանկերի վարքագիծը, ներառյալ՝ աշխատավարձերը բարձրացնելու միջոցով պարտադիր վճարները կատարելու փաստը, վկայում է այն մասին, որ աշխատողները չեն կատարել որևէ գիտակցված ընտրություն և բանկը որպես գործատու կատարել է այդ ընտրությունն աշխատակիցների փոխարեն՝ վճարելով այդ գումարները, դրանով իսկ մի կողմից «լավամարդ» լինելով իր աշխակիցների աչքում, որպես աշխատավարձ բարձրացնող գործատու, մյուս կողմից մնալով լոյալ «օճառային» կարգավիճակում կառավարության աչքում:

Կարդացեք նաև

«Իսկ թե այս բոլոր քայլերը որքանով են նախապես համաձայնեցված եղել ՍԴ որոշման հետ, թողնում եմ յուրաքանչյուր քաղաքացու որոշելուն»,- նշեց նա:

ԱԿԲԱ Բանկը նաև հայտարարել էր, որ «աշխատողներն այդ ֆինանսական մասով, կարելի է ասել, ազատված են լրացուցիչ բեռից»: Հ.Գրիգորյանի խոսքով՝ պետք է հիշեցնել բանկերի և այն բոլոր մյուս գործատուների աշխատակիցներին, ում աշխատավարձը բարձրացվեց այս տարի, որ չկա որևէ երաշխիք, որ մյուս հաջորդ տարիներին ևս կբարձրանա. «Այս հակասահմանադրական օրենքը դնում է մեծ ֆինանսական բեռ, որը 1-2 տարում հաղթահարելի չէ: Սա երկարաժամկետ դրամային պարտավորություն է, իսկ աշխատատեղը ու գործատուն հարատև չեն, այսօր ԱԿԲԱ բանկում եք, աշխատավարձը բարձրացրել են, հաջորդ տարի կարող է մեկ այլ գործատուի մոտ աշխատեք, իսկ պարտադիր վճարը մշտապես գործող վճար է դառնալու»:

Նա քաղաքացիներին կոչ արեց բոյկոտել բոլոր այն գործատուներին, ովքեր նման քայլերով փորձում են թուլացնել շարժումը, քանի որ այս փուլում նման քայլերը ու կամավոր կարգով պարտադիր վճար վճարելը, երբ չկա որևէ պարտավորություն վճարելու այդ գումարները, հավասար է հասարակական ոգին կոտրելուն և հարյուր հազարավոր մարդկանց ֆինանսական ապահովությունը վտանգելուն:

Ի դեպ, հիշեցրեց Հ.Գրիգորյանը, հարկ է հաշվի առնել նաև, որ ԱԿԲԱ բանկի բաժնետերերից մեկը նաև կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս