Հրապարակվել է Սարկոզիի ընտրական կամպանիան Քադաֆիի ֆինանսավորելու մասին հարցազրույցը
Ֆրանսիական France 3 TV հեռուստաալիքը հրապարակել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի վերջին հարցազրույցներից մեկը, որում նա հաստատել է, որ Լիբիան 2007 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ֆինանսավորել է Նիկոլա Սարկոզիի ընտրական կամպանիան:
Քադաֆիի կողմից Սարկոզիին հնարավոր ֆինանսական աջակցության մասին սկանդալը ծագել էր 2012 թվականի գարնանը, երբ ֆրանսիական Mediapart պարբերականը հրապարակեց մի շարք փաստաթղթեր, որոնցում նշված էր, որ լիբիական վարչակարգը 50 միլիոն եվրո է հատկացրել Սարկոզիի նախագահական կամպանիայի կարիքների համար:
Սարկոզին դատի էր տվել Mediapart-ին և այդ հրապարակումը որակել էր որպես «խոշոր կեղծիք»: Ներկայումս Ֆրանսիայում շարունակվում է տվյալ գործով դատավարությունը: France 3 TV-ը գիշերը տարածել է 2011 թվականի մարտի 16-ին Քադաֆիի տված հարցազրույցի աուդիոձայնագրությունը:
Հարցազրույցն արվել էր այն բանից օրեր անց, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց լիբիական ընդդիմությանը, ով ձգտում էր հասնել Քադաֆիի գահընկեցությանը: Դրանում Քադաֆին հայտարարել էր, որ Սարկոզին օգնության խնդրանքով իրեն դիմել է դեռևս ներքին գործերի նախարար եղած ժամանակ:
Քադաֆին սակայն չի նշել, թե վերջին հաշվով որքան գումար է տրամադրել ֆրանսիացի քաղաքական գործչին. «Սարկոզին խելքը թռցրել է: Միայն իմ շնորհիվ է նա դարձել նախագահ: Մենք ենք նրան միջոցներ հատկացրել, որոնք նրան օգնել են հաղթել (ընտրություններում)»:
2007 թվականի դեկտեմբերին՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց ամիսներ անց, Սարկոզին Քադաֆիին ընդունել է Ելիսեյան պալատում: