Պաթետիզմի ու իրականության սահմանին
Այսօր Հայկական բանակի կազմավորման 22-ամյակն է, որը նշվում է սահմանային լարված իրավիճակում, ռազմական գործողությունների աննախադեպ ակտիվացման պայմաններում: Դա շատերին ստիպում է որոշակիորեն այլ՝ գուցե ավելի ուշադիր, ավելի զգայական հայացքով վերաբերվել Բանակի տոնին: Ու բնական է, որ իշխանությունների համար այս տարի, առավել քան նախկինում, այս տոնն առիթ է պաթետիզմի հերթական՝ ավելի մեծ չափաբաժնով հանդես գալու համար:
Իհարկե, արարողակարգը պահանջում է նման օրերին ավելի հախուռն հռետորաբանություն: Բայց այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները բոլոր ոլորտների բացթողումները, ավելի հաճախ՝ հանցավոր անգործությունը, ցանկանում են փոխհատուցել ճոռոմ հռետորաբանությամբ: Նույն արարողակարգը գուցե պահանջում է Բանակի օրը բանակի մասին խոսել միայն գեղեցիկ արտահայտություններով:
Բայց գուցե հենց Բանակի օրը պետք է, անհրաժեշտ է խոսել այն վատ երևույթների, «գաղջ մթնոլորտի» մասին, որը ոչ միայն հպարտության, այլև բազմաթիվ ծնողների ու երիտասարդների մոտ բանակից զգուշանալու, ավելի հաճախ՝ վախենալու զգացողություններ է առաջացնումգ Բանակը հասարակության հայելին է. սովորաբար արդարացիորեն հիշեցնում են մեր պաշտոնյաները:
Բայց հաճախ այդ հիշեցումների նպատակը բանակում տեղի ունեցող սպանությունների, ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում տեղի ունեցող միջադեպերի ու անպատժելիության արդարացումն է: Այո, մեր հասարակության մեջ կան բազմաթիվ անառողջ երևույթներ, որոնք արտացոլվում են նաև բանակում:
Այդ վատ երևույթներից ամենաընդհանրացվածն ու առաջինը, թերևս, անարդարության զգացումն է, որը յուրաքանչյուր զինվոր, հատկապես` սահմանում հայտնվող զինվորը, իր հետ տանում է հասարակությունից: Ու այդ զինվորի մոտ, վստահաբար, հաճախ է առաջանում հարցը՝ ո՞ւմ հայրենիքն է ինքը պաշտպանում՝ Հայաստանի այս վիճակը գերհարստության աղբյուր դարձրած պաշտոնյաների ու նրանց՝ հիմնականում բանակում չծառայած որդիների՞, թե՞ նրանց, ովքեր խեղդվելով նույն անարդարությունից՝ հեռանում են այն հայրենիքից, որն ինքը պաշտպանում է սահմանին:
Այս հարցը խլանում է պաշտոնյաների պաթետիկ ելույթներում ու հայրենասիրության մասին բարոյախրատական դատողություններում: Բայց հենց այս հարցն ու դրա ցավալի պատասխանն է, որ շատերին ստիպում է խուսափել ոչ միայն բանակից, այլ նաև հայրենիքում ապրելու հնարավորությունից: Այնպես որ, այսօր բանակին խաղաղություն ու բարգավաճում ցանկացողները (իսկ նույն պաշտոնյաների մեջ իրականում քիչ չեն այնպիսիք, ովքեր անկեղծորեն ցանկանում են դա) պետք է ամեն ինչ անեն, որպեսզի որևէ զինվորի մոտ չառաջանա այդ հարցը: Իսկ մինչ այդ, փառք ու պատիվ մեր Զինված ուժերի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր, անկախ այդ հարցի առկայությունից ու անգամ ցավալի եզրակացությունից, կատարում են իրենց ծառայությունը և պաշտպանում են հայրենիքը: Շնորհավոր Բանակի օրը:
Լուս.՝ panorama.am-ի