Բաժիններ՝

Անօթևաններին ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագիրը կշարունակվի նաև 2014-ին

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2011 թվականի տարեվերջից  մշտական բնակության վայր չունեցող, անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում 2014 թվականի հունվարից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևանների ժամանակավոր կացարանը միավորվել է Հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի շենքում գործող անօթևանների ժամանակավոր կացարանի հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վերամիավորման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է ժամանակավոր կացարան, զրուցել կացարանի շահառուների հետ: Նա, ի դեպ, դատարկաձեռն չէր այցելել: Երևանի քաղաքապետարանը շահառուներին  քաղցրավենիք էր տրամադրել:

Նշենք, որ ծրագրի մեկնարկից մինչ 2013 թվականի ավարտն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել 225 անօթևան, որից շուրջ 85-ը՝ 2013-ին: Վերամիավորման արդյունքում կացարան է տեղափոխվել ևս 43 շահառու:

«Ծրագրի իրագործմամբ քաղաքապետարանը, ըստ էության, 2 կարևորագույն խնդիր է լուծել:  Առաջնահերթ հավաքագրել և ժամանակավոր կացարան, ինչպես նաև սոցիալական տարաբնույթ աջակցություններ է տրամադրել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անօթևան անձանց։ Եվ երկրորդ. աշխատանքներ են ծավալվել հանցագործությունների սոցիալական կանխարգելման ուղղությամբ, հատկապես՝ քրեակատարողական հիմնարկներից վերադարձած և ապա անօթևան  դարձած անձանց ժամանակավոր կացարանի տրամադրմամբ, սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցմամբ, իրավական և խորհրդատվական աջակցություններով, որոնք կրկնահանցագործությունների առումով կանխարգելիչ արդյունավետություն ունեն, և ի վերջո նպաստել են այդ անձանց սոցիալական ինտեգրմանը հասարակական կյանքին» ,- նշել է Ռուզաննա Զաքարյանը:

Այնուհետ կացարանի աշխատակազմի հետ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2014 թվականին նախատեսված ծրագրերն ու դրանց իրականացման ուղղությամբ տարվելիք աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս