COP17-ի շրջանակում քննարկվել է կանանց դերը կենսաբազմազանության պահպանության գործում
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանն այսօր մասնակցել է «Բնության պահպանությանն ուղղված իրավունքահեն գործողություններ․ բնապահպանական իրավապաշտպաններն առաջնագծում» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկմանը մասնակցել են նաև Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի (RWI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Միլնը, Հայաստանում Շվեդիայի դեսպանատան զարգացման համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սառա Օբերգ Հյոպերը, ՀԿ-ների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Իր ելույթում նախարարի տեղակալն ընդգծել է կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման կարևորությունը կենսաբազմազանության պահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության գործում․ շեշտվել է կանանց դերը բնապահպանության, բնական ռեսուրսների կայուն կառավարման և համայնքների դիմակայունության ամրապնդման գործում։
Ռոզա Բաբայանի խոսքով՝ ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025–2028 թթ․ ռազմավարությունը ևս միտված է հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների իրացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը․ «Ռազմավարությամբ սահմանված վեց գերակայություններից մեկը վերաբերում է կլիմայի փոփոխության ոլորտում գենդերային հավասարության ապահովմանը՝ ընդգծելով բնապահպանական մարտահրավերների հաղթահարման գործում հավասար մասնակցության և հնարավորությունների անհրաժեշտությունը»,-իր խոսքում նշել է նախարարի տեղակալը։

