«Ռուսաստանը հաղթեց այս ռաունդում, բայց սա խաղի վերջը չէ»

Հարցազրույց Լոնդոնի «Չեթհեմ հաուս» (Chatham House) հետազոտական կենտրոնի՝ Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար, քաղաքագետ Ջեյմս Նիքսի հետ

– Պարոն Նիքսի, նախևառաջ` ի՞նչ կարծիք ունեք նախորդ տարի Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն իրադարձության՝ իշխանությունների` դեպի Մաքսային միություն կատարած կտրուկ շրջադարձի մասին:

– Իհարկե, շատ հետաքրքիր է, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ նախորդ տարվա վերջում, շատ արագ ստվերվեց Ուկրաինայի կողմից: Ստիպված եմ նշել, որ Ուկրաինան շատ ավելի կարևոր է թե՛ Ռուսաստանի, թե ՛ Եվրոպայի համար, քան Հայաստանը: Այսպիսով, Հայաստանի կարևորությունն այս առումով ավելի փոքր է, իհարկե, խոսքը չի վերաբերում ԱՄՆ-ին, քանի որ այնտեղ կա հայկական սփյուռք, բայց հիմա մենք խոսում ենք Եվրոպայի մասին:

Ուկրաինական շրջադարձն իրականում շատ ավելի կտրուկ ու անսպասելի էր Եվրոպական միության համար, ուստի (խնդրում եմ խոսքերս չընդունել որպես վիրավորանք) ստիպված պետք է ասեմ, որ մարդիկ շատ արագ մոռացան Հայաստանը և սկսեցին մտածել Ուկրաինայի մասին:

Կարդացեք նաև

Իսկ այստեղ Ռուսաստանը գերազանցեց ԵՄ-ին, որովհետև, եկեք ինքներս մեզ հարց տանք` ի՞նչ է այժմ իրենից ներկայացնում Արևելյան գործընկերությունը: Այնտեղ չէ Հայաստանը, այնտեղ չէ Ադրբեջանը և երբեք էլ չի լինի, նույնը վերաբերում է Բելառուսին, ինչ վերաբերում է Մոլդովային, ապա Ռուսաստանն այժմ սկսել է ճնշում գործադրել նրա վրա: Մնում է Վրաստանը, ուստի` կարելի է ասել, որ սա ոչ թե Արևելյան գործընկերություն է, այլ` երկկողմանի հարաբերություն:
Այս պայքարում ԵՄ-ն հանդիպեց բազում խոչընդոտների այնպես, ինչպես Ուկրաինան և Հայաստանը, պարզապես Ուկրաինայի և Հայաստանի առջև ծառացած խոչընդոտներն ամենևին հավասար չէին:

Որքան ես հասկանում եմ ԵՄ-ի պաշտոնյաների հայտարարություններից, նրանք փորձում են աջակցել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների սերտացմանը և գտնել համագործակցության շրջանակ ԵՄ-ի հետ: Սա նպատակ է, բայց կարծում եմ, որ այդ նպատակին դժվար կլինի հասնել, քանի որ մենք խոսում ենք, մի կողմից` առևտրական խոչընդոտները նվազեցնելու և, մյուս կողմից` խոչընդոտներն ավելացնելու մասին, իսկ այս երկուսն անհամատեղելի են:

– Այսպիսով, կարելի՞ է ասել, որ Ռուսաստանը հաղթեց պայքարի այս փուլում:

– Այո՛, Ռուսաստանը հաղթեց այս ռաունդում, բայց սա խաղի վերջը չէ, քանի որ խաղի ավարտին դեռ երկա՜ր տարիներ կան: Ռուսաստանը հաճախ է տանում հաղթանակներ, և, անկեղծ ասած, սա մի հաղթանակ էր` հանուն Հայաստանի, և ևս մի` ավելի մեծ հաղթանակ` հանուն Ուկրաինայի: Բայց, ինչպես արդեն նշեցի, սա խաղի ավարտը չէ, ընդամենը երկրորդ կամ երրորդ ռաունդն է, դեռ 7 ռաունդ մնացել է: Պետք է ասել, որ սա Պուտինի վաստակն է` իր վարած մարտավարության, և Ռուսաստանի վաստակը` նրա վճռականության և վստահության շնորհիվ: Սպորտային խաղերի նման է. եթե չունես այս հատկանիշները, դու պարտվում ես:

Նշեմ պատճառների մասին. կարծում եմ` կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանի առաջարկն ավելի գրավիչ էր, և Ռուսաստանի կողմից գործադրված ճնշումն ավելի ուժեղ էր, իսկ ԵՄ-ն այդպիսի ճնշումներ սովորաբար չի գործադրում: Ուկրաինան իր որոշումը կատարեց` ելնելով առաջին հերթին` տնտեսական նկատառումներից, իսկ Հայաստանը` անվտանգության: Հայերն առաջին հերթին` մտածում են անվտանգության մասին:

– Հայաստանյան հասարակության կողմից հատկապես բուռն արձագանք ստացավ Ռուսաստանի հետ գազի ոլորտում կնքված համաձայնագիրը, ըստ որի` Հայաստանի կառավարությունը ռուսական կողմին` «Գազպրոմ» ընկերությանը վաճառեց 1998 թ. համատեղ ստեղծված «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ունեցած իր վերջին մասնաբաժինը` 20 տոկոսը, ավելի ճիշտ` ոչ թե վաճառեց, այլ հանձնեց պարտքի դիմաց: Պարզվեց, որ այդ պարտքը գոյացել է երկու տարվա ընթացքում, սակայն կառավարությունը գաղտնի է պահել այդ փաստը: Ի՞նչ կարող եք ասել այս հարցի վերաբերյալ:

– Կարծում եմ` սա ավելի մեծ պատկերի մի մասն է: Ռուսաստանն ունի ազդեցության բազում գործիքներ` էներգետիկ ռեսուրսները, ֆինանսները, անվտանգությունը, պատմությունը և այլն: Սա Ռուսաստանի կողմից Հայաստանի ավելի լայն յուրացման մի մասն է, իսկ այդ յուրացումն իրականացվում է քաղաքական գործիչներին և արտադրությունները գնելու, անվտանգության, տնտեսական վտանգների և, իհարկե, էներգետիկ ռեսուրսների միջոցով:

Եվ եթե դու տվյալ երկրում վերահսկում ես տարանցիկ ուղիները և ընկերություններում ունես կապիտալ, այդ դեպքում ստանում ես հսկայական լծակներ: Ցավով պետք է նշեմ, որ Ռուսաստանը երևի ոչ մի այլ տեղ այդքան հզոր լծակներ չունի, որքան Հայաստանում: Եվ, գիտեք, եթե այդ հարցը տաք հայ քաղաքական ղեկավարներին, նրանք ձեզ կպատասխանեն. «Դե, այո, մենք ծախեցինք ամենալավ գին տվողին, որովհետև փող էր պետք»:

Եվ իրականում սրա մեջ ճշմարտություն կա, որովհետև Հայաստանն իրոք ունի փողի կարիք, իսկ ամենալավ գին տվողը Ռուսաստանն էր: Թեև նման փիլիսոփայությամբ առաջնորդվելն, իհարկե, նեղմտություն է:

– Այդ համաձայնագիրը և մի շարք այլ փաստաթղթեր ստորագրվեցին այն ժամանակ, երբ Հայաստան եկավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ նրա այցը դեկտեմբերի 2-ին էր: Ի դեպ, հենց դեկտեմբերի 2-ին (1920 թ.) Հայաստանը խորհրդայնացվեց: Ինչ վերաբերում է Պուտինին, ապա Հայաստանում նրա գլխավոր ուղերձը հետևյալն էր. «Ռուսաստանը չի պատրաստվում լքել Կովկասը»: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Ցավոք, Պուտինը ճիշտ է. Ռուսաստանը չի պատրաստվում լքել Կովկասը, նա ցանկություն ունի մնալու: Եվ Ռուսաստանը բավական ուժեղ է մնալու համար: Դուք պետք է նաև հիշեք, որ մինչև դեկտեմբերին Հայաստան գալը, Պուտինն առաջին հերթին` դրանից մի քանի ամիս առաջ, այցելել էր Ադրբեջան: Պուտինն ազնիվ միջնորդ չէ, չեմ ասում, թե Արևմուտքն է ազնիվ, Ամերիկան կամ որևէ այլ պետություն, բայց Ռուսաստանը նույնպես ազնիվ չէ:

Թեև, պետք է ասել, որ Պուտինն ազնիվ է մեկ այլ տեսանկյունից, ինչը չենք կարող ասել Եվրոպական միության մասին. թեև Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին, աջակցում է խաղաղության գործընթացին, ազատ առևտրի համաձայնագրերին, ազատության շարժումներին, բայց այդ աջակցությունն ավելի շատ հռետորական բնույթ է կրում: Իսկ Ռուսաստանն ավելի կոնկրետ է ասում, թե ինչ է ուզում. նա ասում է, որ չի պատրաստվում լքել Կովկասը:

Միգուցե նրան գրկաբաց չընդունեն, և միգուցե նա կնքի անհավասար պայմանագրեր, ինչպես Հայաստանի հետ գազի պայմանագիրն էր, բայց պարզ է մի բան՝ Ռուսաստանն ունի կարողություն, ֆինանսներ, պարտավորություն և կամք՝ Կովկասում մնալու համար: Եվ սա խնդիր է, որի հետ Կովկասը ստիպված պետք է ապրի դեռ երկար ժամանակ: Եվ, ի դեպ, ես չեմ ասում, թե Ռուսաստանն ընդհանրապես պետք է չլինի Կովկասում, կարծում եմ` սա հարաբերական արժեքների հարց է, և այստեղ ավելի կարևոր է տարածաշրջանային հավասարակշռությունը: Հայաստանի ամենամեծ խնդիրն այս առումով այն է, որ նա այդ հավասարակշռության պակասն ունի:

– Ձեր կարծիքով` Պուտինի վերոնշյալ արտահայտությունն ավելի շատ ուղղված էր հայ ժողովրդի՞ն, թե՞ նաև տարածաշրջանին` Ադրբեջանին, Թուրքիային …

– Եվ Արևմուտքի՛ն: Կարծում եմ` այդ ուղերձը բազմակողմանի բնույթ ուներ. այն ուղղված էր թե՛ ներքին լսարանին` Հայաստանին, թե՛ Արևմուտքին, թե՛ Ադրբեջանին, և թե՛ Վրաստանին:

– Եվ այս ամենից հետո ինչպիսի՞ ապագա եք տեսնում Հայաստանի համար:

– Դե… չգիտեմ, կարծում եմ՝ իրավիճակը բավական բարդ է: Հայաստանի համար գնալով ավելի դժվար է դառնում զարգանալ ու բարգավաճել: Չեմ ասում, թե արևմտյան զարգացման մոդելը միակ ճշմարիտ ուղին է, բայց Արևմուտքն ունի բազում լավ կողմեր, որոնք շատ օգտակար կարող են լինել պետական ինստիտուտների ձևավորման և որոշումների կայացման մշակույթի ձևավորման իմաստով: Դրանք լավ մոդելներ են, պարզապես դժվար թե Հայաստանն այժմ որդեգրի այդ մոդելները, որովհետև այժմ նա այլ ուղղությամբ է գնում: Սա նշանակում է, որ Հայաստան ավելի դժվար դերակատարություն է վիճակված: Վրաստանի համար ավելի հեշտ է, որովհետև Վրաստանն էլ մեկ այլ ուղղություն է ընտրել, ավելի հեշտ է նաև Ադրբեջանի համար, քանի որ նրա արտաքին քաղաքականության անկախությունն ավելի մեծ է: Բայց Հայաստանն ամենաաննախանձելի վիճակում է թե՛ աշխարհագրական, թե՛ տնտեսական տեսանկյունից: Ես իրոք շատ եմ անհանգստանում Հայաստանի համար:

«168 Ժամ»

Տեսանյութեր

Լրահոս