Տիգրանն այս ամենից հետո փոխանակ ներողություն խնդրի, զղջա իր մեղքերի համար, հրաժարական տա…

168.am-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

– Պարոն Իսագուլյան, ինչպե՞ս եք գնահատում Տիգրան Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին, ներկայացված հակափաստարկներն ու տնտեսագիտական վերլուծությունն այն դեպքում, երբ Քոչարյանի խոսքն առավելապես քաղաքական հարթությունում էր:

– Լավ ճանաչելով Տիգրան Սարգսյանին՝ պետք է փաստել հետևյալը, որ նա տարեվերջյան իր հայտնի ասուլիսում ամենևին էլ պատահական շեշտադրումներով հանդես չեկավ՝ կապված, իր խոսքերով, մինչև 2008թ. փչված տնտեսական փուչիկի պայթյունի և դրա հետևանքով իր վարչապետության օրոք տնտեսական անկման վրա այդ փուչիկի պայթյունի բացասական ազդեցության հետ: Տիգրանի համար գուցե անակնկալ էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց անմիջապես և դրան անդրադառնալիս տվեց միայն քաղաքական գնահատականներ, քանզի Տիգրանի երկրորդ պատասխանից պարզ երևում է, որ նա իր թիմի հետ նախօրոք պատրաստվել էր այլ բովանդակության վեճի՝ ունենալով արդեն որոշակի գրաֆիկական պատկերներ ու տեսական վերլուծություններ, որպեսզի պատասխանից հետո, որն, իրենց կարծիքով, պետք է ունենար առավելապես տնտեսական ուղղվածություն, առաջանար տպավորություն, թե անցյալի հաջողությունների ու ներկայի ձախողումների պատճառը տնտեսական գնահատման արդյունք է, ուրիշ ոչինչ չի փոխվել, ընդ որում, նա այդ վեճն ուզում էր վարել Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան մակարդակում՝ համոզված լինելով, որ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը՝ որպես այդ ժամանակահատվածի վարչապետ, նրան այլևս պատասխանել չի կարող:

– Իր պատասխանում Տ. Սարգսյանը չի անդրադարձել արտագաղթին, քաղաքացիների շրջանում տիրող ապատիային, որի մասին նշել էր Ռ.Քոչարյանը: Այս խուսափողականությունն, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված: Ընդ որում՝ Տ. Սարգսյանը «Հ.Գ.»-ով նաև կարծես հաշտության կոչ է անում Ռ.Քոչարյանին:

– Տիգրան Սարգսյանն իր երկրորդ պատասխանում ևս օգտագործել է իրեն և ոչ միայն իրեն հատուկ մարդկային այնպիսի որակներ, որոնք, ցավոք սրտի, մինչև այսօր ցանկալի օգուտներ բերել են նման մարդկանց: Ամեն մի մանկահասակ երեխա, թող ներվի ինձ, նույնիսկ ապուշ, ֆուտբոլային խաղից հետո այդ խաղի հաշիվը կարող է աներկբա ասել: Տիգրան Սարգսյանն անցյալի ու ներկայի որոշակի բնագավառին առնչվող, այն էլ՝ ոչ համոզիչ գրաֆիկներով փորձում է ցուցադրել իր տնտեսական իմացությունը: Քավ լիցի, դրա կարիքն այսօր չկա: Մենք նրա՝ գյուղացիներին կով կթել սովորեցնելու ունակություններին ու գիտելիքներին արդեն լավ ծանոթ ենք: Ես Տիգրանին առաջարկում եմ այլ գրաֆիկներ գծել ու ներկայացնել հասարակությանը, մեր քաղաքացիներին, նաև հանրապետության նախագահին՝ տալով դրանց վերլուծություններն ու այն հետևանքները, որ դրանք կարող են ունենալ Հայաստան պետության ապագայի վրա: Թո՛ղ ներկայացվի արտագաղթի տեմպերի աճման գրաֆիկը, ու Տիգրանն իր գծած գրաֆիկով ցույց տա, թե պատճառը մեր քոչվորությո՞ւնն է (ինչպես ժամանակին պնդում էր թուրք պատմաբան Զիա Բունիաթովը), թե՞ իրենց սխալ քաղաքական, տնտեսական, սոցիալական քաղաքականությունն է, որ հայը լքում է Հայաստանը, թող գծի այն գրաֆիկը ու տա բացատրությունները, թե ինչո՞ւ է օր օրի մեծանում աղքատների ու հարուստների միջև եղած բևեռացվածությունը, և ինչո՞ւ է աղքատության տոկոսային հարաբերակցությունը Հայաստանում օր օրի շատանում այն պարագայում, երբ մոտավորապես 5-7 հազար ընտանիքներ իրենց տարեկան արձակուրդների ու հաճույքների վրա արտասահմանում 1.5-ից 2 մլրդ դոլար փող են ծախսում, թե ինչո՞ւ Հայաստանում օր օրի, մարդկանց քանակի նվազմանը հակառակ, մեծանում է ուռուցքային, սրտանոթային և այլ կարգի ծանր հիվանդությունների քանակը, ինչո՞ւ է Հայաստանում օր օրի նվազում ծնելիության մակարդակը, և դրան հակառակ՝ ավելանում մանկահասակների մահացության թիվը, ինչո՞ւ են հայկական նորաստեղծ ընտանիքներում բաժանություններն այդքան բարձր տոկոս կազմում, ինչո՞ւ է օր օրի ավելանում միասեռամոլների ու այլասերվածների թիվը Հայաստանում, և ո՞վ է դրա ճարտարապետը, ինչո՞ւ են ներկրվող սննդամթերքի որակական ցուցանիշները թույլատրելիի սահմաններից անհամեմատ ցածր, կազմի՛ այն գրաֆիկը, թե ինչո՞ւ են Հայաստանի սահմանամերձ գյուղերն օր օրի դատարկվում, և փոխանակ մենք այդ խնդիրը լուծենք՝ առաջարկում ենք սահմանամերձ գյուղերի բնակիչներին տեղափոխվել այլ, այսպես կոչված, ավելի ապահով գյուղեր, էլ չեմ ասում առողջապահության, գիտության ու կրթության մակարդակի անկման մասին, անիմաստ ծրագրերի վրա ծախսվող միլիոնավոր դոլարների մասին: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել, և ես զարմանում եմ, որ Տիգրանն այս ամենից հետո փոխանակ ներողություն խնդրի, զղջա իր մեղքերի համար, հրաժարական տա, դեռ փորձում է մի բան էլ զարմանալ ու զայրանալ, թե ինչո՞ւ մենք չենք տեսնում ու հասկանում իր ու իր թիմի կողմից կատարած տիտանական աշխատանքը, որի արդյունքում մենք ապրում ենք ապահով Հայաստանում: Միասին աշխատելու կեղծ բարեպաշտությունն իր մեջ ոչինչ, քան ցինիզմ, չի պարունակում, բայց հայտնի ֆիլմում Գլեբ Ժեգլովը շատ դիպուկ է ասում՝ «Вор должен сидеть в тюрьме»:

– Տ. Սարգսյանն իր պատասխանում մի «վրիպակ» է թույլ տվել՝ նշելով, որ 2014 թ. տնտեսական անկումը 18.5% էր, մինչդեռ ԱՎԾ-ն 14.1% է հրապարակել: Արդյոք սա անկեղծությա՞ն պահ է Տ.Սարգսյանի կողմից:

– Այս հարցի պատասխանը, ըստ էության, նախորդ հարցում պարունակվում է, և ասեմ միանշանակ. Տիգրանը երբեք անկեղծ չի եղել ու հիմա էլ անկեղծ լինել չի կարող: Նույնիսկ այս պարագայում իր երկրորդ պատասխանի մեջ փորձում է ներքաշել նաև ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Տիգրանը մարդկանց շատ լավ է ճանաչում, ուսումնասիրում նրանց թույլ և ուժեղ կողմերը: Ես ցանկանում եմ, որ ընթերցողը Տիգրանի այդ արտահայտության վրա երկար մտածի: Մեջբերելով միայն այդ նախադասությունը մասնակիորեն՝ «… հիպոթեքային վարկերի հասանելիության համար ստեղծվեցին համապատասխան ենթակառուցվածքներ, որոնց միջոցով իրականացվեցին մի շարք ծրագրեր (ՀՀ նախագահի նախաձեռնությամբ մեկնարկեց և հաջողությամբ իրականացվում է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը): …», ասեմ, որ այստեղ առաջին հայացքից անմեղ բառեր են, բայց չկա Տիգրանի որևէ ելույթ, որում նա, թեկուզ անուղղակի, չտա ՀՀ նախագահի անունը՝ դրանով ցանկանալով ընդգծել՝ Ես ձեռնածու եմ, այս ամենի ճարտարապետը ՀՀ գործող նախագահն է:

– Ձեր կարծիքով՝ ընդհանրապես որքանո՞վ է հարիր գործող վարչապետին նման կերպ հեռահար հայտարարություններով հանդես գալ երկրի նախկին նախագահի հետ: Շատերը սա գնահատում են՝ որպես ներիշխանական «ռազբորկա»՝ տարբեր թևերում չդիտարկելով Տ.Սարգսյանին ու Ռ.Քոչարյանին:

– Հայաստանում մարդիկ զարմանալու ունակությունը մի տեսակ կորցրել են, բայց ես զարմանում եմ, որ դուք որևէ բանի վերաբերյալ կարող եք հարց տալ, թե որքանով է դա հարիր այս կամ այն մարդուն, այս կամ այն երևույթին: Այնպես որ, մեզ մոտ հարիր է ամեն ինչ և ամեն մեկին: Ամենևին ցանկություն չունենալով որևէ «ռազբորկայի» մասնակից դառնալ՝ պետք է ասեմ հետևյալը՝ սթափվելու ժամանակն է: ՀՀ երեք նախագահների հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությունն ուղղված էր նրան, որ մենք մեր ներկան՝ անցյալով, վաղն՝ այսօրով պայմանավորելու անպտուղ երևույթը վերացնենք, մտածենք մեր երկրի ու նրա առջև ծառացած խնդիրների մասին: Իմ լավագույն ընկերներից՝ խմբագիրներից մեկն ինձ միշտ դատապարտում է 1993 թվականի վանաձորյան հայտնի ելույթիս համար: Այո´, հարգելի Արամ, մեկ անգամ գոնե «ռազբորկան» պետք է տարվի ժողովրդի և իշխանությունների միջև, և այդ «ռազբորկայի» մեղավորները պետք է պատժվեն «ռազբորկայի» օրենքներով: Դա եթե ոչ՝ խթանիչ, ապա՝ գոնե կանխարգելիչ ազդեցություն կունենա և դաս կլինի գալիք իշխանությունների համար:

 

Տեսանյութեր

Լրահոս