Ռոբերտ Քոչարյան. «Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողություններով»

Ամանորից առաջ 2rd.am-ը մի քանի հարց էր ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և իր գրասենյակի միջոցով ստացել այդ հարցերից մեկի պատասխանը, ինչպես նաև խոստում, որ մյուս հարցերի պատասխաններն էլ կլինեն: Նկատի ունենալով, որ դեկտեմբերի 30 հարցազրույցը դարցավ բուռն քննարկումների առարկա, ինչպես նաև այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երկու անգամ անդրադարձավ երկրորդ նախագահի այդ հարցազրույցին, մենք նաև համապատասխան հարց հավելեցինք: Այսօր ստացել ենք խոստացված պատասխանները, որի համար շնորհակալություն ենք հայտնում ինչպես ՀՀ երկրորդ նախագահին, այնպես էլ նրա գրասենյակին:
– Պարոն նախագահ, ինչպիսի˚ կարծիք ունեք 2013-ի դեկտեմբերին «Գազպրոմ»-ի հետ ստորագրված և քաղաքական դաշտում ու մամուլում այդքան աղմուկ հանած գազային համաձայնագրի մասին:

Գազային համաձայնագրի հետ կապված բոլոր հարցերը ես կբաժանեմ երեք մասի:

-Գազի իրական գնի թաքուն պահելը և դրա հետևանքով 300 միլիոն դոլարի պարտքի կուտակումը:
-«ՀայՌուսգազարդի» հայկական 20 տոկոսանոց փայաբաժնի բուն վաճառքը:
-Համաձայնագրով մինչև 2043 թվականը հաստատված մենաշնորհի բացառիկ պայմանները:

1. Եվ այսպես, գազի իրական արժեքի թաքուն պահելու մասին: Մինչև հիմա ինձ համար անհասկանալի է գազի գնի փոփոխությունը թաքցնելու կառավարության տրամաբանությունը, որը հանգեցրեց հսկայական պարտքի գոյացմանը: Ակնհայտ էր, որ գազը հանրապետություն էր մտնում շատ ավելի թանկ գնով, քան սպառողների համար հաշվարկվող սակագներն էին: Դա երևում էր մաքսային ապրանքագրերից, ինչի մասին մի շարք հրապարակումներ եղան մամուլում: Ընդ որում, հենց սկզբից հասկանալի էր, որ կառավարությունը չի կարող խուսափել տհաճ բացատրություններից, քանի որ օրենսդրությունն ուղղակի թույլ չի տալիս շրջանցել խորհրդարանը: Գուցե, այնուամենայնիվ, հույս ունեին «Գազպրոմ»-ի հետ համաձայնության գալ որևէ այլ սխեմայով, բայց չստացվեց: Արդյունքում ստացվեց շատ տհաճ պատմություն, և կառավարության հեղինակությունը լրջորեն տուժեց: Քննարկումներն ԱԺ-ում ճնշող տպավորություն թողեցին, կարծում եմ, ոչ միայն ինձ վրա: Կառավարությունը չուներ կատարվածի վերաբերյալ ողջամիտ բացատրություններ և ծայրահեղ անհամոզիչ էր: Ավելի հեշտ կլիներ պարզապես ներողություն խնդրել: Նույնիսկ իշխող կուսակցության պատգամավորների մի մասը ակնհայտ շփոթմունքով էին քվեարկում համաձայնագրի օգտին:
Սա վատ նստվածք թողեց հասարակության կողմից համաձայնագրի ընդհանրական ընկալման վրա, նաև՝ դրա լեգիտիմության առումով: Հասարակությունն ընտելացել է բազմաթիվ քաղաքական գործիչների անսկզբունքայնությանը, բայց իշխանության ինստիտուտներից մեկի՝ հանրության աչքի առաջ այսչափ «ճարպիկանալը» շոկ է առաջացնում: Հայաստանը, ցավոք, երբեք աչքի չի ընկել պետական ինստիտուտների նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակով (բացառությամբ բանակի), իսկ այսպիսի իրադարձությունները քայքայում են այդ վստահության մնացորդները: Վստահ եմ, որ հենց սկզբից պետք էր ուղիղ ասել թե գազի գնի թանկացման, թե այդ խնդրի լուծման ուղղությամբ իշխանության գործադրած ջանքերի մասին:

2. «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին: Գանք մի փոքր հեռվից: «Հայռուսգազարդ»-ի հիմնադիրներն ի սկզբանե եղել են ՀՀ էներգետիկայի նախարարությունը, «Գազպրոմ»-ը և «ԻՏԵՐԱ» ընկերությունը, համապատասխանաբար՝ 45-45-10 տոկոս բաժնեմասերով: Տնօրենների խորհուրդը ձևավորվում էր ըստ այդ բաժնեմասերի համամասնության, ընդ որում խորհրդի նախագահ էր նշանակվում «Գազպրոմ»-ի ներկայացուցիչը, իսկ գործադիր տնօրենին ներկայացնում էր հայկական կողմը: Փաստորեն ընկերության մենեջմենթն իրականացնում էր ՀՀ ներկայացուցիչը: Ավելի ուշ, 5-րդ էներգաբլոկում և Իրան-Հայաստան գազատարում «Գազպրոմ»-ի կատարած խոշոր ներդրումների հետ կապված, բաժնեմասերի համամասնությունը փոփոխվեց (20-80), քանի որ հայկական կողմը այդ ներդրումների մեջ ֆինանսական մասնակցություն չունեցավ (մինչ այդ էլ «Գազպրոմ»-ը գնել էր «ԻՏԵՐԱ»-ի բաժնեմասը): Այդքանով հանդերձ, ընկերության կառավարման համաձայնեցված ձևաչափը չփոխվեց. գործադիր տնօրենը առաջվա պես նշանակվում էր հայկական կողմից: Դա, իհարկե, ընկերության կառավարման մեջ ասիմետրիկ մասնակցություն էր (ի շահ մեզ):
Այժմ, վաճառելով իր բաժինը, ՀՀ կառավարությունը ամբողջապես հեռացավ ընկերության կառավարումից՝ ստանալով միայն Տնօրենների խորհրդի նիստերին դիտորդ լինելու իրավունք: Այնքան էլ հաճելի չէ, իհարկե, կորցնել ազդեցությունը, սակայն ամեն դեպքում դա տեղավորվում է բիզնեսի տրամաբանության շրջանակում, եթե չլինեին բացառիկ իրավունքները, որոնք տրամադրվեցին այդ բնական մենաշնորհին մինչև 2043 թվականը:

3. Մինչև 2043 թվականը մենաշնորհի բացառիկ պայմանները: Համաձայնագրի այս հատվածը ծայրահեղ խոցելի է: Ես փորձեցի բնական մենաշնորհների մասով նմանատիպ համաձայնագրերի օրինակներ փնտրել համաշխարհային պրակտիկայում, բայց անօգուտ: Հնարավոր է վատ եմ փնտրել, գուցե պիտի ուրիշ մայրցամաքում և այլ ժամանակներում որոնեի: Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ աշխարհում նավթագազային բնագավառը և ընդհանրապես համաշխարհային էներգետիկան դինամիկ փոփոխությունների փուլ է մտել: Դա կարող է տեսանելի ապագայում պահանջել օրենսդրական փոփոխություններ ու մոտեցումների լուրջ վերանայում էներգետիկայի բնագավառում: Պատանդ չի դառնա արդյո˚ք երկրի էներգետիկան վերոհիշյալ համաձայնագրի ձեռքում: Հիշեք «Արմենթել»-ի դեպքը:
Այստեղ ամեն ինչ շատ ավելի լուրջ է. այս համաձայնագրով կառավարությունը դիտորդ դարձավ ոչ միայն Հայռուսգազարդում, այլև ընդհանրապես հանրապետության գազի բնագավառում:
Ես «Գազպրոմ»-ի հետ խիստ արդյունավետ համագործակցության տասնամյա փորձ ունեմ, որի արդյունքներից են Հայաստանի լայնածավալ գազաֆիկացումը, ստորգետնյա պահեստարանների նշանակալի ընդլայնումը, Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցումը, Իրան-Հայաստան գազատարը, և վերջապես՝ շահավետ գնով երկրի տասնամյա կայուն գազամատակարարումը: Երբեք «Գազպրոմ»-ը չի դրել այսպիսի պայմաններ, այս թեմայով նույնիսկ խոսակցությունները կթվային անտեղի: Եվ դա մեր տնտեսության մեջ հարյուրավոր միլիոնների ներդրումներ կատարելու պարագայում: Իսկ թե ինչու հիմա տեղի ունեցավ այս ամենը՝ չեմ կարող ասել, որևէ բացատրություն այս կապակցությամբ չեմ լսել:

-Պարոն նախագահ, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ընդունումը դժգոհության զգալի ալիք բարձրացրեց երկրում: Ինչպիսի˚ վերաբերմունք ունեք Դուք, և քննարկվե˚լ է արդյոք դրա կիրառումը Ձեր նախագահության օրոք:

– Մի փոքր նախապատմություն: Հարցը ակտիվորեն քննարկվել է 2004-2005 թվականներին՝ ՀՀ ԿԲ-ի նախաձեռնությամբ: Քննարկումներն, ըստ էության, դիմակայության ձևով ընթացել են կառավարության և կենտրոնական բանկի միջև, քանի որ կառավարության միասնական դիրքորոշումը դեմ էր պարտադիր կուտակային ֆոնդի ներդրմանը:
Ինձ մոտ մի քանի խոշոր խորհրդակցություն տեղի ունեցան վարչապետի, կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների և կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվում էր համաշխարհային փորձը, գնահատվեցին Հայաստանի ընդհանուր տնտեսության վրա այդ ռեֆորմների ռիսկերն ու ազդեցությունը: Կառավարության փաստարկները շատ ավելի համոզիչ էին, քան ԿԲ-ինը: Ընդ որում, ռեֆորմի իրականացնողը հանդիսանում էր հենց կառավարությունը, ոչ թե ԿԲ-ն, և պարտադրել կառավարությանը ռեֆորմ՝ ի հակառակ իր համոզմունքների, կլիներ սխալ: Այդ պատճառով էլ որոշում կայացվեց չներդնել կենսաթոշակային ապահովագրության պարտադիր կուտակային համակարգ: Այսինքն՝ մնալ մայրցամաքային Եվրոպայի կենսաթոշակային ապահովման մոդելի պարագծում, որը հիմնված է սերունդների համերաշխության սկզբունքի վրա:
Ի դեպ, խոսքը լավ կամ վատ մոդելի ընտրության մասին չէ: Երկու մոդելներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները և տարբեր երկրներում կիրառման հաջողված կամ ձախողված օրինակներ: Խոսքը վերաբերում է կոնկրետ երկրի իրադրությանը առավել չափով համապատասխանող մոդելի ընտրությանը, և դրա ներդրման հետ կապված հնարավոր ռիսկերի ճիշտ գնահատմանը: Կուտակային ֆոնդերն ամենից շատ տարածում ունեն ԱՄՆ-ում, որտեղ ֆինանսական և ֆոնդային շուկայի զարգացածության շնորհիվ կուտակումներն արդյունավետ կառավարելու, սեփական տնտեսության պարագծում պահելու լայն հնարավորություններ կան: Էֆեկտն այստեղ կրկնակի է. փողերն աշխատում են ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի տնտեսության օգտին:
Ինչպիսի˚ն է ներկայիս իրադրությունը Հայաստանում: Մի կողմից ծերացող բնակչությունը, նրա ակտիվ մասի երկրից հեռանալը վատթարացնում են աշխատողների և թոշակառուների առանց այդ էլ խնդրահարույց հանդիսացող համամասնությունը և բարդացնում աշխատող մասի կողմից թոշակառուների թոշակների վճարումը: Մյուս կողմից աղքատության աճը կուտակային հատկացումները երիտասարդ աշխատողների համար դարձնում են չափազանց զգալի և ռեալ կերպով վատթարացնում են նրանց ֆինանսական վիճակը:
Քննարկումները ցույց տվեցին, որ կուտակային հատկացումներին կառավարության մասնակցությունը բավարար շարժառիթ չէ երիտասարդության համար՝ նկատի առնելով ռեֆորմի երկարատև բնույթն ու վստահության մեծ դեֆիցիտը: Դրա հետ մեկտեղ, միևնույն է՝ դրանք հարկատուների գումարներն են:
Հայաստանը գործնականում չունի ֆոնդային շուկա և ակնհայտ է, որ կուտակված միջոցների մի մասը պարտքի տեսքով տրվելու է կառավարությանը դրա՝ պարտքային պարտավորությունների ձեռքբերման միջոցով: Կառավարությունը հարմար առիթ է ստացել մեծացնելու ներքին փոխառությունները և շատ հավանական է կխանդավառվի դրանով: Միջոցների մյուս մասը դուրս է բերվելու Հայաստանի սահմաններից, որովհետև մենք դրանք կառավարելու բավարար ֆինանսական գործիքներ չունենք: Սա դժվար է դրական հանգամանք անվանել երկրի տնտեսության համար (հաշվի առնելով նաև արդեն իսկ գոյություն ունեցող զգալի պարտքը(:
Որևէ հրաշագործ լուծում այստեղ պարզապես չկա: Ակնհայտ է միայն, որ տնտեսական աճի լավ տեմպի և բնակչության զբաղվածության բարձր մակարդակի պարագայում հարցի սրությունը նշանակալիորեն մեղմ կլիներ:
Իմ կարծիքով ամենամեծ խնդիրը ֆինանսական շուկանների աճ գրանցած տատանողականությունն է, ինչի հետևանքով մեծանում են թե կուտակված միջոցների կառավարման, թե դրանց մասնակի կորստի հետ կապված ռիսկերը:
Վերջին ճգնաժամի հետևանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրեցին և չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Նման կորուստները փոխհատուցելու բավարար միջոցներ ՀՀ կառավարությունը չունի: Երաշխավորումը բյուջեով՝ փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թե որքան արդյունավետ կկառավարվեն քաղաքացիների կուտակած միջոցները՝ մեծ հարց է:
Կենսաթոշակային բարեփոխման մակրոպատկերի մասին այսքանը: Չեմ ուզում մխրճվել ընդունված օրենքի խնդրահարույց մանրամասների մեջ: Դրանց մասին շատ են խոսել (և բավականին փաստարկված) կառավարության ընդդիմախոսները ինչպես ԱԺ-ում, այնպես էլ մամուլում հրապարակված տարբեր հոդվածներում և ծավալված քննարկումներում: Կարծում եմ, այդ դիտողություններից շատերին պետք էր ականջալուր լինել:
Միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե արդյոք ճիշտ վարվեց կառավարությունը՝ սկզբնավորելով պարտադիր կենսաթոշակային կուտա-կում¬ները: Ցավոք, այդ ռեֆորմի յուրահատկությունը շատ երկարաժամկետ լինելն է, և որպես կանոն, երբ խնդիրներ են ծագում, ռեֆորմների հեղինակներին արդեն քչերն են հիշում:
Իմ վերաբերմունքը ընդունված օրենքին բացասական է, նկատի առնելով ձախողվելու բարձր հավանականությունը՝ մեր քաղաքացիների միջոցների կորստով: Կարելի է հետադարձ հայացքով մոդելավորել իրավիճակը և հաշվարկել, թե կուտակումների ինչ մասնաբաժին կկորցնեին մեր քաղաքացիները ճգնաժամի պատճառով, եթե մենք 2005 թվականին ներդրած լինեինք պարտադիր կուտակումը: Ներողություն խնդրելը ինձ հաստատ չէր փրկի: Իսկ ճգնաժամերը պարբերաբար կրկնվում են և, որպես օրենք՝ այն ժամանակ, երբ դրանց ոչ ոք չի սպասում:

– Մեր կայքին Ամանորի նախօրեին տված Ձեր հարցազրույցը մինչ օրս էլ ներքաղաքական օրակարգի կենտրոնական թեման է մնում: Քաղաքական գործիչներից ու լրագրողներից շատերը հակված են գնահատել այն որպես մոտ ապագայում Ձեր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ: Բացի այդ, մամուլն ամեն օր գրում է վարչապետի հետ Ձեր բանավեճի շարունակության տարբերակների մասին, առավել ևս, որ անցած շաբաթ վարչապետը հանդես եկավ ծավալուն հոդվածով, ուր փորձեց արդարացնել իր արտահայտությունները այսպես կոչված “շինարարական փուչիկի” վերաբերյալ: Ի˚նչ կասեք այդ բացատրությունների կապակցությամբ: Եվ, արդյո˚ք Ձեր դեկտեմբերյան հարցազրույցը իրոք յուրահատուկ մի հայտ է՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար:

Նախ, գույնզգույն աղյուսակներով վերջին հոդվածի մասին: Ավելի լավ կլիներ վարչապետը լռեր: Եթե դու այդքան շատ հիփոթեք ունես՝ ինչո˚ւ այդքան քիչ է շինարարությունդ (բառափոխում եմ հայտնի ամերիկյան ասացվածքը): Եթե հավատանք թվերին, ապա հոդվածը հանգեցնում է մեկ եզրակացության. չնայած, որ հիփոթեքը կայուն աճ է արձանագրում, և դրա պայմանները բարելավվում են, միևնույն է՝ շինարարության ծավալները շարունակում են նվազել: Բայց դա ոչ միայն չի հերքում իմ հարցազրույցի հիմնական փաստարկները, այլև ամրապնդում է դրանք: Սակայն ես հակված չեմ հավատալ թվերին. դրանց մեջ խորամանկության մեծ չափաբաժին կա:

1. Աղյուսակներում դրված տվյալները հեռու են հիփոթեքի իրական ծավալներից և պայմաններից: Այդ թվերի զգալի բաժինը կազմում են անշարժ գույքի վերաձևակերպված ժամկետանց գրավային պարտավորությունները: Այսպիսի “թղթաբանական հիփոթեքը” որևէ ձևով չի խթանում իրական շինարարությունը: Բանկերի համար սա ժամանակավոր ելք է իրավիճակից, որն առաջացել է գրավադրվող անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությունից: Դրան հնարավոր է ըմբռնումով մոտենալ՝ հանուն բանկային համակարգի կայունության:
Այստեղ հեգնանք կա ու ցինիզմ, որովետև այս երևույթից զգուշանալ է պետք (դա հիվանդ տնտեսության հատկանիշ է), այլ ոչ թե դրանով հպարտանալ:

2. Տարբեր տարիների ցուցանիշները կոռեկտ է համեմատել միայն համադրելի թվերով: Այսինքն, մեր դեպքում, անցած 6 տարիների կուտակային գնաճի (ավելի քան 37 տոկոս) և 2009թ. դրամի փոխարժեքի արժեզրկման (30 տոկոսից ավելի) հաշվարկով: “Տնտեսագիտական կատեգորիաներով” դատողություններ անող մարդը, հավանաբար, պետք է իմանա սրա մասին: Դա վերաբերում է ինչպես հիփոթեքային վարկերի ծավալին, այնպես էլ՝ կապիտալ ծախսերին:

3. Առաջին աղյուսակում մի հետաքրքիր բան կարելի է տեսնել: Պարզվում է, տնտեսության անկումը 2009թ. եղել է 18,5, այլ ոչ թե՝ 14,1 տոկոս, ինչպես պնդում էր մեր վիճակագրությունը: Եթե դա այդպես է, ապա անկման մակարդակով 2009թ. մենք աշխարհում զբաղեցրել էնք ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղը, ճիշտ է՝ վերջից: Շնորհավորում եմ վարչապետին: Ըստ նույն աղյուսակի, 2001-2007թթ. տնտեսության միջին տարեկան աճը ընդհանրապես առանց շինարարության կազմել է 8,6 տոկոս: Ցանկացած երկրի վարչապետ կարող է երազել դրա մասին:
Հիմա իմ հարցազրույցի շարժառիթների մասին:
Ես արտահայտվել եմ և արտահայտվելու եմ Հայաստանի ներկայի և ապագայի օրախնդիր հարցերի վերաբերյալ՝ անկախ մեծ քաղաքականություն վերադառնալու հանգամանքից: Ես չեմ կարող անտարբերությամբ նայել երկրում կուտակվող խնդիրներին և անկեղծ արտահայտում եմ իմ վերաբերմունքը դրանց: Գուցե երբեմն չափից դուրս շիտակ է ստացվում, բայց նաև մատչելի ու կարևորը՝ ազնիվ:
Բանավիճել որևէ մեկի հետ, առավել ևս վարչապետի, չեմ պատրաստվում: Նրա վերջին հոդվածը ցույց է տալիս, որ նա անհույս է: Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողություններով:
Ցանկացած իշխանության գործունեության գնահատման գլխավոր ցուցանիշը շատ պարզ է. մարդկանց կյանքը այդ իշխանության օրոք լավացե˚լ է թե˚վատացել: Այստեղ ոչ մի հնարք չի օգնի: Իրենց կենսամակարդակի մասին մարդիկ ոչ աղյուսակներից են տեղեկանում, և ոչ էլ՝ նկարված վիճակագրությունից:

Տեսանյութեր

Լրահոս