Բաժիններ՝

ԱԺ-ն պատրաստվում է ընդունել կապիտուլյացիայի մասին ակտը

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ էր կազմակերպել՝ քննարկելու համար ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին միջպետական պայմանագիրը, ինչպես նաև՝ ևս երկու պայմանագրեր, որոնք վերաբերում են գազի գնագոյացմանը և Ռուսաստանից Հայաստան նավթամթերքների և չմշակված ալմաստների ներմուծմանը:

«ՀայՌուսգազարդի» և, մասնավորապես, գազի գնի թանկացման հարցում վերջին շրջանում հնչած քննադատությունները հաշվի առնելով՝ կառավարությունը հանդես եկավ նոր հեքիաթով, որը սկսվում է ոչ թե 2011, այլ 2010 թվականից: Հարցը ներկայացնող Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը սկսեց նրանից, որ դեռ 2010թ. ռուսական կողմը սկսեց հայկական կողմին անհանգստացնել, որ գազի գինը պետք է թանկանա: Հայաստանի կառավարությունը բանակցություններ սկսեց՝ դա թույլ չտալու համար, սակայն 2011թ. ռուսները, այնուամենայնիվ, գազի գինը թանկացրեցին, թանկացրեցին նաև 2012թ.: Սակայն Հայաստանի կառավարությունը շարունակում էր բանակցել, և պայմանավորվել էին, որ մինչև գազի գնի շուրջ վերջնական պայմանավորվածության գալը գազը սպառողների համար պետք է հաշվարկվի հին գնով`1000 խ/մ-ն 180 դոլարով: Եվ ահա բանակցություններն ավարտվեցին 2013թ., և գազի գինը որոշվեց՝ 189 դոլար, իսկ այդ ընթացքում կուտակվեց 300 մլն դոլարի պարտք, որի մասով էլ պայմանավորվեցին, որ Հայաստանը պետք է տա «ՀայՌուսգազարդում» ունեցած իր բաժնեմասը` 20 տոկոսը, որը գնահատվում է 150 միլիոն դոլար, իսկ մյուս կեսը ռուսական կողմը վերցնում է իր վրա:

Այն, որ Արմեն Մովսիսյանի պատմածը  հեքիաթ է, ապացուցելու կարիք չկա. եթե 2010թ. բանակցություններ էին վարվում, ինչպե՞ս է, որ ռուսական կողմը երկու անգամ գազի գինը թանկացրել է: Տարրական տրամաբանությունը հուշում է, որ, երբ կողմերից մեկն արդեն իր կողմից վաճառվող ապրանքի համար նոր գին է սահմանում և իր կողմից առաքվող ապրանքը հաշվարկում է այդ նոր գնով, բանակցությունները պետք է համարել ավարտված: Պատգամավորները, այդ թվում՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ասում են, որ կառավարությունը չի հրապարակայնացրել գազի գնի թանկացումը, և բնակչությանը շարունակել է գազը մատակարարել հին գնով, որպեսզի խորհրդարանական, նախագահական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իշխանության վարկանիշը չընկնի, հասարակական դժգոհության ալիք չբարձրանա: Հիշեցնենք, որ գազի գինը սպառողների համար թանկացավ Երևանի ավագանու ընտրություններից ընդամենը մեկուկես ամիս հետո: Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ 2012թ. հոկտեմբերին ինքն ԱԺ-ում հայտարարել է, որ կա կառավարության գաղտնի որոշում՝ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը «Գազպրոմին» հանձնելու մասին: Հետաքրքիր է՝ եթե միայն 2013թ. վերջին է այդ մասին պայմանավորվածություն ձեռք բերվել, ինչպե՞ս կարող էր դրանից մեկ տարի առաջ պատգամավորը դրա մասին իմանալ:

Մյուս հեքիաթն այն է, որ ռուսական կողմն իբրև թե 150 միլիոն դոլարի զիջում է արել հայկական կողմին, քանի որ Հայաստանը 300 միլիոն դոլար պարտքի միայն կեսն է վճարում այդ 20 տոկոս բաժնեմասով: Արմեն Մովսիսյանն ասում է, որ «ՀայՌուսգազարդ» ընկերության տարեկան շահույթը 35 միլիոն դոլար է: Նույն Մովսիսյանն ասում է, որ նման շահույթ ունեցող ընկերության արժեքը ստանալու համար շահույթը պետք է բազմապատկել 12-13-ով: Այս հաշվարկով ստացվում է, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը, լավագույն դեպքում, կարժենար 110 միլիոն դոլար: Եվ կստացվեր, որ ռուսները մեզ զիջում են ոչ թե 150, այլ 190 միլիոն դոլար: Բայց պատգամավորներն այս հաշվարկն անիրական են համարում: Ըստ նրանց՝ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը գազի հսկայական կորուստներ է ցույց տալիս՝ իր շահույթը նվազեցնելու և վաճառվող գազի գինը բարձրացնելու համար: Իսկ այդ «կորած» գազն իրականում վաճառվում է, և գոյանում է ստվերային եկամուտ:  Քանի դեռ հայտնի չէ, թե որքան է «ՀայՌուսգազարդի» իրական շահույթը, դժվար է հաշվարկել նաև նրա իրական գինը:

Մյուս հարցը գազի որակն է: Պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասում է, որ նախկինում գյուղացին արթնանում էր՝ կնոջը սիրում, սուրճը դնում էր գազօջախին, սուրճ խմում և գնում գոմ՝ իր անասուններին կերակրելու և մյուս տնտեսական հոգսերը հոգալու: Մինչդեռ հիմա սուրճը դնում է գազօջախին, գնում գոմ, կերակրում անասուններին, գալիս և երկրորդ անգամ սիրում կնոջը, բայց սուրճը դեռ չի հասնում եռման աստիճանի: Ի պատասխան՝ նախարար Արմեն Մովսիսյանը գյուղացուն խորհուրդ է տալիս ավելի դանդաղ սիրել կնոջը:

Պատգամավորներին հետաքրքրող մյուս հարցը վերաբերում էր նրան, թե ինչու է գազի գինը բնակչության համար այդքան թանկ, եթե ներկրման գինն այդքան ցածր է: Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը հարցնում են՝ ինչպե՞ս կարող է գազի մանրածախ վաճառքի գինը կրկնակի ավելի լինել մեծածախից: Արմեն Մովսիսյանն ասում է, որ Հայաստանի գազամատակարարման համակարգը նախատեսված է 6 միլիարդ խմ գազի բաշխման համար, մինչդեռ այժմ այդ թիվը 1,7 միլիարդ է: Նա ասում է, որ կան համայնքներ, որտեղ  սպառման ծավալներն այնքան փոքր են, որ նույնիսկ ինքնածախսածածկում տեղի չի ունենում: Ըստ նախարարի, եթե գազի սպառման ծավալը մեծանա, ապա այդ հաշվարկները կարող են վերանայվել: Ընդհանրապես սպառման ծավալները մեծանում են գնի իջեցման և ոչ թե՝ բարձրացման միջոցով: Այնպես որ, պետք է սպասել ոչ թե սպառման մեծացում, այլ նվազում:

Բայց ամենասկզբունքային մոտցումը նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին էր: Նա անդրադարձավ ոչ թե գնին կամ գազի որակին, այլ պայմանագրի էությանը՝ այն որակելով նվաստացուցիչ և ստորացուցիչ: Ըստ նրա՝ այս պայմանագրում երևում է ռուսական կողմի դիկտատը, և իրեն հայտնի չէ ևս մեկ այդպիսի միջպետական պայմանագիր, որը կնքվել է երկու բարեկամ պետությունների միջև: «Նման պայմանագրերը միջազգային պրակտիկայում կոչվում են՝ ակտ կապիտուլյացիայի մասին»,- հայտարարեց Ա. Արզումանյանը: Ըստ Արզումանյանի՝ մինչև 2043թ. ռուսական կողմին տրված են անսահմանափակ և անվերահսկելի լիազորություններ. մասնավորապես՝ Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը զրկվում են այս պայմանագրում փոփոխություն մտցնելու իրավունքից, ինչպես նաև այս պայմանագրին հակասող օրենքներ կամ նորմատիվ ակտեր ընդունելու հնարավորությունից: Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ՝ նման դրույթներն ուղղակի հակասահմանադրական են, և այն Սահմանադրական դատարանը, ով այս միջպետական համաձայնագրի սահմանադրականության մասին որոշում կկայացնի՝ պետք է լուծարել:

Արմեն Մովսիսյանը և ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը փորձեցին արդարացնել պայմանագրում նման դրույթների գոյությունը՝ ասելով, թե ամեն ինչ արվել է՝ հանուն կայուն գազամատակարարման, որ պայմանագիրը պետք է ավելի ուշադիր կարդալ: Կարծում ենք՝ այս ամենում ոչ մի զարմանալի բան չկա. Հայաստանը պարտավորված է ստորագրել և վավերացնել ցանկացած փաստաթուղթ, որը կառաջարկի Ռուսաստանը: Քանի որ Հայաստանի կապիտուլյացիան տեղի է ունեցել ոչ թե այս պայմանագրով, այլ այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունը համաձայնել է նշանակված լինել Ռուսաստանի իշխանության կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս