Ընդդեմ ռուսական իմպերիալիզմի ճորտերի

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը որոշել էր` երեկ ընդդեմ Մաքսային միության կազմակերպված հանրահավաքը սկսել քահանայի օրհնությամբ և Աստծո խոսքով: Սակայն որևէ քահանա հանրահավաքի չէր ներկայացել, և դա` չնայած այն հանգամանքին, որ Պարույր Հայրիկյանը նախապես հայտ էր ներկայացրել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին: Պարույր Հայրիկյանը դրանից եզրակացրեց, որ խոսակցությունները, որ Կճոյանը ինքն էլ է հեռու Աստծո խոսքից, մոտ են իրականությանը:

Չնայած հանրահավաքին քահանա չէր ներկայացել, սակայն Հայրիկյանը ներկաներին վստահեցրեց, որ իրենց լսում են հրեշտակները, և, եթե վաղը երկնային արքայությունում մարդիկ պետք է պատասխան տան, ապա հրեշտակները կփաստեն, որ իրենք պայքարել են հանուն սեփական արժանապատվության: Պարզ ասած, առանց քահանայի օրհնության էլ հանրահավաքը Աստվածահաճո էր իր բովանդակությամբ: Հայրիկյանը հանրահավաքը սկսեց Հայաստանի օրհներգը երգելով, իր խմբագրած տեքստով, որը, անկեղծ ասած, անհամեմատ ավելի լավն է պաշտոնականից:

Երեկվա հանրահավաքում Պարույր Հայրիկյանն աչքի ընկավ Ռուսաստանի և Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու օգտին քարոզչություն անողների հասցեին կոպիտ և շատ հաճախ վիրավորական որակումներով: Ռուսաստանի մասին խոսելիս` նա, օրինակ, ասում էր. «Այդ ողորմելիները, որ աշխարհի ամոթանքին ու արհամարհանքին են արժանանում», իսկ Հայաստանում ռուսամետ հայացքներ ունեցողներին բնորոշեց` «ռուսական իմպերիալիզմի ճորտեր և ոչխարներ»: Իհարկե, նա մի քանի անգամ կրկնեց, որ այդ որակումները չեն վերաբերում ռուս ժողովրդին, այլ ռուս իմպերիալիստներին, բայց պարզ է, որ նա խոսում էր ընդհանուր առմամբ Ռուսաստանի և ոչ թե` առանձին անհատների մասին:

Պարույր Հայրիկյանը որքան էլ ատելություն ունենա ռուս ժողովրդի նկատմամբ, իրեն երբեք թույլ չի տա դա արտահայտել, քանի որ դա վատ վարքի նշան է, դրանից նացիզմի ու շովինիզմի հոտ է գալիս, իսկ Հայրիկյանը դեմոկրատ է և, ըստ այդմ, տոլերանտ:

Հայրիկյանը Հայաստանին սպառնացող վտանգի մասին խոսելով` սկսեց նրանից, որ դեռևս 1991թ. հայ ժողովուրդն Անկախության հանրաքվեի միջոցով «ոչ» է ասել Խորհրդային Միությանը, Մաքսային միությանը «և նման այլանդակություններին»: Մինչդեռ այսօր փորձում են ամեն ինչ անել, որ Հայաստանն անդամակցի դիկտատորական ռեժիմներ ունեցող Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի միությանը, երբ մյուս կողմում 28 երկրներ միավորող դեմոկրատական Եվրոպան է:
Հայրիկյանը Ռուսաստանի հակահայկական էությունը բացահայտելու համար անդրադարձավ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսներին հանձնելու գործարքին և հայտարարեց, որ վաղն էլ կարող ենք զարթնել և տեղեկանալ, որ ռուսներին են տվել Երևանի կեսը, կամ, որ մենք այլևս հայ չենք: Հայրիկյանն այս գործարքը համեմատեց Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված «Գույք` պարտքի դիմաց» գործարքի հետ, երբ ընդամենը 100 միլիոն դոլարի դիմաց Ռուսաստանին հանձնվեցին Հայաստանի մի քանի ձեռնարկություններ:

Ըստ Հայրիկյանի` միայն Ռուսաստանի կամ Մաքսային միության պարագայում է հնարավոր, որ ապրանք մատակարարվի, այդ ապրանքը սպառվի, և միայն դրանից հետո գնորդն ու վաճառողը նստեն և բանակցեն մատարարարված ապրանքի գնի շուրջ: «Այսքանից հետո, ո՞ր ոչխարն է, որ ասում է, թե ռուսները մեր բարեկամներն են»,- հարցնում էր վրդովված Հայրիկյանը:

Ռուսաստանի ոչ բարեկամական վերաբերմունքը Հայստանի նկատմամբ վերջնական դարձնելու համար Հայրիկյանը մի քանի համեմատություններ էլ արեց: Մասնավորապես, նա ասաց, որ երբ փորձում են Ռուսաստանին մեզ դաշնակից ներկայացնել, ասում են, թե նա զենքն Ադրբեջանին վաճառում է շուկայական գներով, մինչդեռ Հայաստանին` ներքին գներով: Հարիկյանը հարցնում է՝ ինչո՞ւ չեն ասում, որ վերջերս Եվրոպան Հայաստանին 16 միլիոն դոլարի հակատանկային կայաններ է մատակարարել բացարձակապես անվճար, ինչո՞ւ չեն ասում, որ հայկական բանակի սպայական կազմի ներկայացուցիչները եվրոպական երկրներում, մասնավորապես` Հունաստանի բարձրագույն զինվորական հաստատություններում սովորում են բացարձակ անվճար, իսկ Ռուսաստանում սովորողները վճարում են 5 հազար դոլար: «Եվ սա էլ կոչվում է դաշնակից»,- նկատի ունենալով Ռուսաստանին` ասում է ԱԻՄ նախագահը:

Հայրիկյանը սկսեց բացատրել նաև, թե ինչու են իր հանրահավաքները սակավամարդ, և արդյոք ինքն այլ քաղաքական ուժերի հետ համագործացելու փորձ արել է: Նախ` նա հասկացրեց, որ իրեն առաջարկել են բանակցել Մաքսային միության դեմ հանդես եկող այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք ևս միանան պայքարին: Հայրիկյանն ասում է, որ բանակցելու անհրաժեշտություն չկա, քանի որ ինքը հայտարարում է հանրահավաքի օրը, և, եթե մարդիկ համակարծիք են իրենց գաղափարների հետ, ապա ազատ են գալ և մասնակցել, առանձին հրավերքի կարիք կարծես թե չկա: Բայց հետո պարզ դարձավ, որ նա որոշ մարդկանց հետ այնուամենայնիվ բանակցել է, և նրանցից ոմանց առաջարկել է գալ և մասնակցել հանրահավաքին, նույնիսկ ելույթ ունենալ: Իրեն պատասխանել են, որ կգան և տեղում կկողմնորոշվեն:

Քանի որ որևէ քաղաքական կուսակցության ղեկավար ելույթ ունենալու ցանկություն չհայտնեց, Հայրիկյանը ենթադրեց, որ դա նրանից է, որ իր կազմակերպած հանրահավաքները սակավամարդ են, և կուսակցությունների ղեկավարները չեն ցանկանում 100 հոգանոց հանրահավաքում ելույթ ունենալ: Բայց ինքը, ի տարբերություն նրանց, պատրաստ է երեք հոգու առաջ էլ ելույթ ունենալ: Իրականում Ազատության հրապարակում այլ կուսակցությունների ղեկավարներն այնքան էլ շատ չէին, համենայն դեպս, կուսակցական գործիչներից այնտեղ կարծես միայն Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն էր:

Հայրիկյանի խոսքից պարզ դարձավ նաև, որ որոշ կուսակցությունների ղեկավարներ իրենց պասիվությունը բացատրել են այսպես. սպասենք, մինչև իրավիճակը հասունանա: Հայրիկյանն ասում է, որ իրենք չեն սպասելու, քանի որ իրենց գնահատմամբ «իրավիճակն առավել քան հասունացած է»: Հենց այդ պատճառով իրենք մտադիր են շարունակել պայքարը, և հաջորդ հանրահավաքը հրավիրելու են դեկտեմբերի 13-ին, հնարավոր է որ երթ էլ անեն, չնայած Հայրիկյանն ինքն էլ է հասկանում, որ նման սակավաթիվ երթա այնքան էլ տպավորիչ չի լինի: Նա մտածում է, որ հաջորդ հանրահավաքին կարող է հրավիրել մարզերի ԱՄԻ-ականներին: Բայց թե որքա՞ն են նրանք, արդյոք նրանց քանակը բավարար կլինի՞ երթին ավելի ազդեցիկ տեսք հաղորդելու համար, դժվար է ասել: Հայրիկյանը երանությամբ էր հիշում 1993թ. հանրահավաքները, երբ իրենք երթ էին անում դեպի Բաղրամյան 26, երթի սկիզբը հասնում էր նախագահական նստավայր, իսկ մյուս ծայրը դեռ Ազատության հրապարակում էր:

Հ.Գ. Երկվա հանրահավաքում ելույթ ունեցավ «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գագիկ Սարուխանյանը, ով ասաց, որ հիմա բոլորի համար պարզ դարձավ, թե ինչու էր այս տարվա սկզբին մահափորձ կազմակերպվել Պարույր Հայրիկյանի դեմ: Ըստ նրա, այն ժամանակ շատերն ասում էին, թե ի՞նչ իմաստ ունի մահափորձ կազմակերպել Հայրիկյանի դեմ, ո՞ւմ է նա խանգարում: Մինչդեռ այն ուժերը, ովքեր այս տարվա աշնանը պետք է Հայաստանը ստիպողաբար մտցնեին ՄՄ, գիտեին, որ դրա դեմ կարող է պայքարել Պարույր Հայրիկյանը և նախապես որոշել էին ազատվել նրանից:

Տեսանյութեր

Լրահոս