Բաժիններ՝

Թուրքական բանակը Դերսիմի սպանդի ժամանակ կիրառել է քիմիական գազ. մամուլ

Թուրքական Sondakika լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին անգամ կոնկրետ ապացույցներ են ի հայտ եկել, որ 1930-ական թվականներին իրականացված Դերսիմի սպանդի ժամանակ թուրքական բանակը կիրառել է թունավոր գազ: Բանակը նախապես Էլազըղում անցել է քիմիական գազ կիրառելու դասընթացներ:

Գազը կիրառվել է քարանձավներում պատսպարվածների դեմ: Այրող և խեղդող գազը բաց են թողել քարանձավի մուտքից: Այս ամենը նշված է 1937 թվականի մարտի 30-ին գեներալ Աբդուլլահ Ալփդողանի կողմից Էլազըղից ՆԳՆ-ին, վարչապետական նստավայրին ու Գլխավոր շտաբին հասցեագրած հեռագրում:

Հիշեցնենք, որ Դերսիմի քրդերի (նաև հայերի) սպանդն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նախագահության ժամանակ: Վերջին շրջանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը սկսել է մանրամասներ հրապարակել Դերսիմի սպանդի մասին և 2011 թվականի նոյեմբերի վերջին անգամ պետության անունից ներողություն խնդրեց դրա համար՝ դրանով իսկ նպատակ հետապնդելով վարկաբեկել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, որի հիմնած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) ներկայումս հանդիսանում է Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնական հակառակորդը քաղաքական արենայում:

2014 թվականի մարտի 30-ին Թուրքիայում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ, իսկ օգոստոսին՝ նախագահական ընտրություններ: 2015 թվականի հունիսին էլ Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ:

Ի դեպ, երբ 2009 թվականի աշնանը (երբ Էրդողանը պետության անունից պաշտոնապես ներողություն չէր խնդրել Դերսիմի սպանդի համար) թուրքական խորհրդարանը քննարկում էր վարչապետ Էրդողանի առաջ քաշած «Քրդական նախաձեռնությունները» (բարեփոխումները), ագրեսիվ վարքով աչքի ընկավ ԺՀԿ-ի տվյալ ժամանակվա փոխնախագահ Օնուր Օյմենը, որը հայտարարեց, թե քրդական հարցն այժմ էլ պետք է լուծել այնպես, ինչպես 1937–1938 թվականներին` Դերսիմի կոտորածների ժամանակ:

Նրան այդ պատճառով անվանեցին ֆաշիստ և նմանեցրին Հիտլերին, սակայն Օյմենը հայտարարեց. «Ես, իհարկե, չեմ ընդունում, երբ ինձ Հիտլերի հետ են նույնացնում: Ե՞ս եմ ճնշել Դերսիմի ապստամբությունը: Մի՞թե ֆաշիստ էր նաև Դերսիմի ապստամբությունը ճնշած Աթաթուրքը»:

Ապա Օյմենին քննադատեց վարչապետ Էրդողանը, ինչը տեղ գտավ տվյալ խնդրի շուրջ Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օզքյոքի հոդվածում. «Օյմենին ուղղված իր քննադատական խոսքում Էրդողանն օգտագործել է «Դերսիմի կոտորած» բառերը: Բացի այդ, Դարֆուրի (Սուդան) ցեղասպանության կապակցությամբ նա նշել է, որ մահմեդականն ի վիճակի չէ ցեղասպանություն իրականացնել:

Իսկ այդ դեպքում ո՞վ է 1937-1938 թվականներին Դերսիմում կոտորել քուրդ-ալևիներին, ո՞վ է ռումբեր նետել նրանց քարանձավների վրա: Գուցե քրիստոնյա՞ թուրքը: Ցայժմ անհայտ է մնում «Դերսիմյան դեպքերի» ժամանակ զոհվածների թիվը, որը տատանվում է 7000-90.000-ի միջև:

Եվ եթե այդչափ մարդկանց սպանությունը պաշտոնապես (Էրդողանի մակարդակով) անվանվում է կոտորած, ապա ինչ ասել «Հայկական խնդրի» մասին: Հայկական թեզերի համաձայն, 1915 թվականին զոհվածների թիվը կազմել է 1.5 միլիոն մարդ: Որքանո՞վ է այդ թիվը գերազանցում «դերսիմյանը»: Եթե Դերսիմում զոհվածների թիվը եղել է 7000, ապա` 200 անգամ, իսկ եթե 90.000, ապա՝ 17 անգամ:

Լավ, ասենք թե 600.000 է: Եթե Դերսիմում տեղի ունեցածը կոտորած է, ապա ինչպե՞ս բնութագրել «Հայկական խնդիրը»՝ «մեծ կոտորած», «խոշոր կոտորած», «սարսափելի կոտորած», «մեծամասշտաբ կոտորած»: Եվ եթե վաղն այս հարցի պատասխանը ծառանա Թուրքիայի ղեկավարության առջև, ապա ո՞րը կլինի պաշտոնական պատասխանը»:

Այս հոդվածից շատ չանցած Օզքյոքը հեռացվեց Hürriyet-ի գլխավոր խմբագրի պաշտոնից, որտեղ աշխատում էր շուրջ 20 տարի:

dersim-katliami-nda-kimyasal-izi-ilk-kez-ortaya-5386399_131_m

dersim-katliami-nda-kimyasal-izi-ilk-kez-ortaya-5386399_2256_m

dersim-katliami-nda-kimyasal-izi-ilk-kez-ortaya-5386399_353_m

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս