Արդյոք քաղաքական ուժերը չեն միջամտի՞ հնչեղ գործերի քննությանը (տեսանյութ)

«Քննչական կոմիտեի մասին», «Քննչական դեպարտամենտի մասին» օրինագծերը մշակված են. դրանք ուղարկվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարություն: Այս մասին այսօր Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողվի աշխատանքային քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա նշեց, որ բացի նշված նախագծերից՝ մշակվել են նաև ՀՀ-ում արդեն գործող մոտ 15 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր:

Հարցին՝ արդյոք կհամաձայնի՞ գլխավորել Միասնական քննչական մարմինը և ինչպե՞ս է վերաբերվում այն կարծիքներին, թե միասնական քննչական մարմինը ստեղծվում է իր հետագա գործունեությունն ապահովելու համար, Աղվան Հովսեփյանը պատասխանեց.

«Այժմ, համաձայն նախագահի կարգադրության, ես խնդիր ունեմ իրականացնելու հանձնաժողովի աշխատանքները, կազմակերպելու հանձնաժողովի աշխատանքները և ապահովելու այդ կառույցի իրավական կողմը, իրավական ապահովումը, ինչը վերաբերում է օրենսդրական փոփոխությունների փաթեթը ստեղծելու, օրենքների նախագծերը ձևավորելուն, ինչը մենք արդեն իսկ հասցրել ենք իր վերջնագծին: Հետագայում կաշխատենք՝ կտեսնենք»:

Աղվան Հովսեփյանը նշեց, որ ԱԺ կողմից վերոնշյալ օրինագծերն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում ՀՀ նախագահը նշանակելու է կոմիտեի նախագահ և 5 օրերի ընթացքում կոմիտեի նախագահի առաջարկությամբ նշանակվելու են նաև տեղեկալաները:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ Միասնական քննչական մարմնի կազմում չեն մտել նախաքննություն իրականացնող բոլոր կառույցները: Ի պատասխան Աղվան Հովսեփյանն ասաց, որ Միասնական քննչական մարմնի ստեղծումը գործընթաց է, որը պիտի իրականանա ժամանակի ընթացքում.

«Փուլ առ փուլ պետք է ձևավորվի Միասնական քննչական մարմինը: Այսօր նպատակահարմարությունից ելնելով՝ որոշում է կայացվել, որ երկու կառույցի հիմքի վրա դա պետք է ձևավորվի: Դա հետագայի խնդիր է: Արդեն դա ցույց կտա, թե որքանով այս կառույցն արդյունավետ կաշխատի, կիրականացնի իր առջև դրված խնդիրները: Ըստ դրա՝ վաղը-մյուս օրը, ապագայում կլուծվեն նաև այլ հարցեր»:

Հարցին՝ որքանո՞վ անկախ կլինի Միասնական քննչական մարմինը, որքանո՞վ կարելի է վստահ լինել, որ քաղաքական ուժերը չեն միջամտի հնչեղ գործերի քննությանը, Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Որևէ կառույցի անկախության մասին խոսելիս մենք պետք է դա դիտարկենք առաջին հերթին հենց օրենսդրական անկախության, այսինքն՝ օրենսդրական երաշխիքների տեսանկյունից, իսկ օրենսդրական երաշխիքներն այսօրվա արդեն իսկ օրենքի նախագծով՝ նախատեսված են: Այսինքն՝ բոլոր այն անհրաժեշտ օրենսդրական երաշխիքներն այդ միասնական քննչական մարմնի աշխատանքի համար մենք փորձել ենք օրենքով նախատեսել: Հետագա պրակտիկան ցույց կտա: Համենայնդեպս նպատակը նա է, որ ձևավորվի մի կառույց, որն անկախ է լինելու թե քաղաքական ազդեցություններից, թե իշխանական մյուս ճյուղերի ազդեցություններից, ինչպես նաև մյուս ենթադրյալ ազդեցություններից, որովհետև արդարադատության իրականացման երաշխիքը հենց մինչդատական վարույթի անկախ, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն է»:

Աղվան Հովսեփյանն ասաց նաև, որ դեռևս 6-7 տարի առաջ Միասնական քննչական մարմին ստեղծելու մտահոգություն կար: «Տարիներ շարունակ մենք հետևել ենք այլ երկրներում գործող անկախ քննչական մարմինների փորձին»,- ասաց Ա. Հովսեփյանը:

Տեսանյութեր

Լրահոս