Դեղերի ոլորտի բարեփոխումները նախարարության ուշադրության կենտրոնում են
ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը խոսեցին դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավման, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Նշվեց, որ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից դեղերի շրջանառության ոլորտում տիրող իրավիճակի խիստ քննադատությունից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը լայնածավալ և բազմակողմանի աշխատանքներ է տարել առկա թերություններն ու բացթողումները վերացնելու, ինչպես նաև տվյալ ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։
Դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար քայլ է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մշակումը, որն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարություն։ Օրենքի ընդունման նպատակը բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով և դրանց մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովելն է, ինչպես նաև այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների և դեղերի շրջանառության սուբյեկտների լիազորությունների սահմանումը:
Ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչություն, որն իրականացնելու է վերահսկողական գործառույթներ և կիրառելու է պատասխանատվության միջոցներ առողջապահության, այդ թվում` դեղերի շրջանառության ոլորտում:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Հիմնական դեղերի նոր ցանկը:
Պարզեցվել են դեղերի գրանցման և վերագրանցման ընթացակարգերը։
Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Կենտրոնացված և ապակենտրոնացված կարգով դեղերի գնման մրցույթներում դեղերի ընտրության տեխնիկական բնութագրերի չափորոշիչներ հաստատելու մասին» որոշումը, ինչը կանոնակարգում է դեղերի գնման մրցույթներում դեղերի ընտրության տեխնիկական բնութագրերի կազմման կարգը:
2013-ին իրականացվել է վերջին տասնամյակների ընթացքում կուտակված շուրջ 30 տոննա ժամկետանց դեղերի ոչնչացումը:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով դեղերի շրջանառության ոլորտում Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը պարբերաբար կատարել է հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գների ուսումնասիրություններ` ըստ ներկրող կազմակերպությունների: Այնուհետև մշտադիտարկման արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողով։
Լուրջ ձեռբերումներ են արձանագրվել պետության կարիքների համար դեղերի գնման գործընթացում։ ՀՀ կառավարության կողմից տրված լիազորության շնորհիվ առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ինսուլինի գնումը կատարել անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս»-ից` կնքելով 5 տարվա պայմանագիր։ Միայն 2014 և 2013 թվականների գների համեմատությամբ արդյունքում խնայվում է շուրջ 600 մլն դրամ։ Խնայողություններ են եղել նաև այլ դեղերի գնման արդյունքում։ Բոլոր այդ գումարները կուղղվեն կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի լրացուցիչ անհրաժեշտ քանակների, ինչպես նաև նոր անուն դեղերի ձեռքբերման նպատակով։
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայում վերջերս հաստատված Բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրի ուղղություններից մեկն էլ դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավումն է։
ՀՀ Առողջապահության նախարարություն