Բաժիններ՝

ՏՏ ոլորտի ակտիվիստնետի նոր հայտարարությունը` կենսաթոշակային բարեփոխումների և վարչապետի հայտարարության վերաբերյալ

Մենք` Հայաստանում ապրող և ստեղծագործող ՏՏ ոլորտի մասնագետներս, չենք վախեցնում և, առավել ևս, շանտաժի չենք դիմում`երկիրը լքելու հեռանկարով: Մենք բարձրաձայնում ենք երկրում առկա աղետային աստիճանի հասնող խնդիրը և փորձում ենք պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:

Մեր ոլորտի ընկերություններից ավելի քան 90%-ը աշխատում է միջազգային, արտասահմանյան  ընկերությունների հետ` միջազգային շուկայի համար` մրցակցելով Չինաստանի և Հնդկաստանի ՏՏ ոլորտների հետ: Ընկերությունները յուրաքանչյուր աշխատողի համար արտասահմանյան գործընկեր ընկերություններից ստանում են  գումարներ, որը ծախսվում է ընկերության ընթացիկ և կապիտալ ծախսումերի, զարգացման, հարկեր վճարելու և աշխատակիցների  աշխատավարձերի  վրա: Այս մեխանիզմով սկսնակ ծրագրավորողի համար ամսական երկիր է մտնում մոտավորապես $750-1500, միջին մասնագետի համար` մոտ $1500-2500, ավագ մասնագետների համար` մինչև $5000, իսկ մենեջերների համար` դրանից էլ ավելի գումար: Այսինքն ՏՏ ոլորտի մասնագետները,  իրենց համակարգչի դիմաց նստած, առանց որևէ ռեսուրս ՀՀ-ից արտահանելու, ապահովում են հսկայական գումարների անընդհատ հոսք դեպի հանրապետություն: Նշենք, որ նույնիսկ երկրի ամենահայտնի և հարգարժան բջջային օպերատորները, թեև վճարում են ահռելի հարկեր, բայց ի վերջո, դրանք արտասահմանյան ընկերություններ են և ընկերության իրական շահույթը, որը գոյացել է մեր` ՀՀ քաղաքացիների հաշվին, գնում է երկրից դուրս:

Մրցակից Չինաստանում և Հնդկաստանում ունեն գործնականում անսահմանափակ մարդկային ռեսուրսներ, և ՏՏ ոլորտում ցանկացած նախագիծ իրականացնելու համար նշված երկրներում կարողանում են հավաքել մինչև 30 հոգանոց թիմ՝ մինչև մեկ շաբաթ ժամկետում: Մեր երկրում արդեն իսկ խնդիր է դարձել հինգ հոգանոց միջին մասնագետներից բաղկացած խումբ հավաքելը. մասնագետներ չկան: Մի քանի տարի առաջ մեկ թափուր հաստիքի համար օրական ստացվում էր մի քանի դիմում, հիմա գրեթե բոլոր ընկերություններում ամիսներ շարունակ առկա են թափուր աշխատատեղեր: Երկրից հեռանում են հիմնականում լավագույն մասնագետները (պարզ է, օրինակ, Մայքրոսոֆթ կամ Գուգլ ընկերություններ Հայաստանից ինչ  որակի մասնագետներ կարող են գնալ): Վերջին 4 տարիների ընթացքում երկրից հեռացած ծրագրավորողների թվերը և դրանց աճը շուտով կտարածվեն լրատվական կայքերում:

Նշյալ երկրների հետ մենք մրցում ենք ոչ միայն մարդկային ռեսուրսներով, այլ նաև, առաջին հերթին, աշխատուժի արժեքով: Կա գնային որոշակի սանդղակ, որի դեպքում արտասահմանյան ընկերությունը գերադասում է աշխատել հայ մասնագետների հետ, ովքեր ունեն համեմատաբար ավելի բարձր վարկանիշ, քան մրցակից երկրների մասնագետները: Այս վարկանիշը, ի դեպ, ձեռք է բերվել միմիայն ոլորտի բարձրորակ մասնագետների շնորհիվ: Սակայն գոյություն ունի որոշակի շեմ, որին մենք արդեն շատ մոտ ենք և որից ավել գումար արտասահմանյան գործատուն պատրաստ չէ վճարել: Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը փաստացի ավելացնում է նոր բաղադրիչ մեր աշխատավարձերի մեջ, որը ոչ բոլոր արտերկրյա ներդրողներն են պատրաստ ապահովել, և նոր նախագծերը պարզապես կգնան մեր մրցակից երկրներ, որոնց թիվը օրեցօր աճում է:

Նշեմ նաև, որ բոլոր այն ընկերությունները (բջջային օպերատորներ, բանկեր), որոնք հայտարարել են, թե իրենց աշխատակիցների նոր ֆինանսական բեռը կվերցնեն իրենց վրա, միանշանակ դա անելու են որոշ ծառայությունների թանկացմամբ, այսինքն կրկին մեր` հարկատու քաղաքացիներիս, հաշվին:

Կառավարությունը բազմիցս նշում է, որ աջակցում է ՏՏ ոլորտին և ՏՏ ոլորտի բոլոր ձեռքբերումները ներկայացնում է որպես իր հաղթանակ: Սա անհեթեթություն է: Կառավարությունը երբեք և ոչնչով չի աջակցել այս ոլորտին, այլ պարզապես չի խանգարել: Եվ քանի որ սա ինտելեկտի ոլորտ է, այն զերծ է մնացել նաև քրեաօլիգարխիկ տարրերի գրոհներից և զարգացել է միջազգային չափանիշներով: ՏՏ-ն ՀՀ-ում թերևս այն եզակի ոլորտներից է, որտեղ գնահատվում են միայն մասնագիտական գիտելիքները և որտեղ որակյալ մասնագետն ինքն է ընտրում գործատուին: Եվ այդ ոլորտն այսօր մեր երկրում վտանգված է:

Ի հակադրություն այս հայտարարությանը, կառավարական օղակներն անմիջապես կբերեն Նախագահի մրցանակի և  նմանատիպ այլ միջոցառումների օրինակները, բայց դա նույնպես կեղծիք է: Նախագահի մրցանակի և նմանատիպ այլ երևույթների գաղափարի ու իրագործման հեղինակը ՏՏ ոլորտի կոնկրետ ընկերություններ են: Այդ ընկերություններն են նախաձեռնում և կազմակերպում նման միջոցառումներ` միջազգային ասպարեզում ցույց տալու համար, որ մեր երկրում ՏՏ ոլորտը նախագահի մակարդակով է կարևորվում:

Ավելի կոնկրետ վարչապետի վերջին հարցազրույցի վերաբերյալ.

Մենք դեմ չենք կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներին, մենք նույնիսկ դեմ չենք կուտակային կենսաթոշակային համակարգի գաղափարին, այլ դեմ ենք մեր կառավարության կողմից դրա անհեթեթ իրականացման ուղիներին:

Կառավարական կողմն  անընդհատ նշում է, որ իրենք 10 տարի է աշխատում են այս օրենքի շուրջ: Խնդրում եմ, թող նշեն այդ 10 տարիների ընթացքում որևէ միջոցառում, որը զանգվածայնորեն լուսաբանել է այս օրենքի որևէ կետ: Նույնիսկ վեջին 3 տարիների ընթացքում, երբ նշյալ օրենք-թյուրիմացությունը գործում է կամավոր սկզբունքով, ոչ մի զանգվածային լուսաբանում չի կատարվել:

Այս օրենքն անընդհատ փորձում են համեմատել ԱՊՊԱ-ի հետ, բայց այդ համեմատությունն անհեթեթություն է: Նախ, ԱՊՊԱ-ն ինքնին լավ գաղափար է և մեր երկրում ունի նորմալ իրականացում: Ես չեմ կարծում, որ գիտակից և սթափ մարդիկ կարող են բողոքել դրա դեմ, ու այս դեպքում էլ մարդիկ այլընտրանք ունեին` մեքենա չվարել, քանի դեռ չեն  ապահովագրել: Այսինքն, կար ելք այդ բեռի տակ չընկնելու: Հետո, ԱՊՊԱ-ի համար մարդ վճարում է տարեկան կտրվածքով և անմիջապես կարող է տեսնել իր վճարած գումարների արդյունքները: Իսկ Կենսաթոշակային օրենքի շրջանակներում ամսական վճարման ենթակա գումարը որոշ մարդկանց մոտ լինելու է ավելի, քան ԱՊՊԱ-ի տարեկան վճարումն է, իսկ արդյունքների տեսանելիությունը դեռ պարզ չէ, երբ կլինի և ինչպես:

Մենք, իհարկե, կարևորում ենք ոլորտի համար նոր մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը, սակայն եթե հիմա  թույլ տանք մասնագետների նմանօրինակ շարունակական արտահոսք, մենք պարզապես կդառնանք անմրցունակ միջազգային ասպարեզում:

Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս օրենքի բազում թերությունները, սակայն կառավարությունը խուլ է դրանց նկատմամբ:  Առանձնացնենք դրանցից կարևորագույնները.

  1. Ինֆլյացիա (դրամի արժեզրկում) – վերջին 20 տարիների ընթացքում դրամի գնողունակությունը նվազել է մոտ 100 անգամ. 90-ականներին, օրինակ, կարագն արժեր 27 դրամ, հիմա մոտ 3000:  Ես նույնիսկ վախենում եմ մտածել թե ինչ կլինի 30-40 տարի անց: Կառավարությունը հայտարարում է, որ հետագայում թոշակները կինդեքսավորվեն, բայց իրենց իսկ առաջարկած օրենքում, նման կետ չկա, այսինքն՝ նրանք սա հայտարարում են կրկին անհիմն և միայն «ազնիվ խոսքի» սկզբունքով:
  2. Բարձր դրույքաչափեր – մեր տնտեսությունը և քաղաքացիները պատրաստ չեն պարտադրվող նոր տնտեսական բեռին: Այս մասին շատ է խոսվել, չմանրանանք:
  3. 3.    Ֆոնդեր-նշյալ միջազգային ֆոնդերի գաղափարը այս խաբեության գագաթնակետն է: Ինչ է ստացվում` պետությունը ժողովրդից ամսական հավաքում է ինչ-որ Ա գումար, դրան  պետական բյուջեից  ավելացնում է Բ գումար, և այդ ողջ գումարը մինչև 45 տարի ժամկետով հանձնում է ինչ-որ ֆոնդի: Ֆոնդը իր հայեցողությամբ ներդրումներ է կատարում այդ գումարներով, օրինակ, գնում է մեր իսկ երկրի Գանձապետական Պարտատոմսեր, որոնց դիմաց հետագայում կրկին բյուջեից պետք է վճարվեն տոկոսներ: Այսինքն մեզանից վերցնում են գումար, հետո այդ նույն գումարը մեզ տալիս են վարկի տեսքով` տոկոսով: Ստացվում է անվերջ ցիկլ, որը բերում է երկրի՝ առանց այն էլ ոչ փայլուն տնտեսության հյուծման: Եթե մի օր էլ նշյալ ֆոնդերը, երկիրը բավականաչափ քամելուց հետո, հանկարծ հայտարարվեն սնանկ, երկրի տնտեսությունը պարզապես կվերանա, և մենք երանությամբ կհիշենք 90-ականները: Այս ամենը մեզ հիշեցնում է մորեխների հարձակում ցորենի արտի վրա:

 «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս