Վրաստանը տուգանք է սահմանում կոմունիզմի ու ֆաշիզմի խորհրդանիշներն օգտագործելու համար
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում 1000 լարի (մոտ 600 դոլար) տուգանք է սահմանվում հասարակական վայրերում ֆաշիստական ու կոմունիստական խորհրդանիշներ օգտագործելու, ինչպես նաև Վրաստանում տոտալիտար գաղափարախոսության հուշարձանների ու խորաքանդակների տեղադրման կամ դրանց ապամոնտաժումից հրաժարվելու համար:
Համապատասխան ուղղումները ներդրվում են Վրաստանի խորհրդարանի կողմից: Հատուկ հանձնաժողովը տեղեկատվություն է հավաքելու Վրաստանում կոմունիստական ու ֆաշիստական խորհրդանիշների օգտագործման մասին:
Նա հետևելու է, որ տվյալ խորհրդանիշները չհայտնվեն պետական սեփականության, տեղական ինքնակառավարման մարմինների ունեցվածքի վրա, ինչպես նաև որ Վրաստանում չլինեն պաշտամունքային շինություններ, հուշարձաններ, արձաններ, խորաքանդակներ, ինչպես նաև այնպիսի անվանումներով փողոցներ, հրապարակներ, գյուղեր ու ավաններ, որոնցում առկա են կոմունիստական ու ֆաշիստական քարոզչության տարրեր կամ էլ այդ գաղափարախոսությունների առաջնորդների անուններ: