Բաժիններ՝

«1% չէ, 5% տամ նրան, ով ինձ խորհուրդ կտա, թե անգլերեն ինչպես կլինի «թան» բառը». «Բոնիլատի» տնօրեն

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչը դիմել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ գնել է «Բոնիլատ» ընկերության կողմից արտադրված 1 լիտրանոց շշով ապրանք, որի վրա գրված է եղել՝ «100% pasteurized milk»՝ պաստերացված կաթ, սակայն հետագայում պարզվել է, որ շշի մեջ ոչ թե կաթ է, այլ՝ թան:

Այսօր ՏՄՊՊՀ նիստում հայտնեցին, որ հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցելուց հետո «Բոնիլատ» ընկերությունը տեղեկացրել է, որ թան ապրանքատեսակի պիտակի վրա առկա գրառումները ճշգրտվել են և ներկայացրել է ապրանքատեսակի նոր՝ փոփոխված պիտակի օրինակը: ՏՄՊՊՀ-ն գտնում է, որ «Բոնիլատ» ընկերության վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, քանի որ օրենքի պահանջին համապատասխան, արտադրողը պարտավոր է լիարժեք և պատշաճ տեղեկատվություն տրամադրել սպառողին՝ վաճառվող ապրանքատեսակի վերաբերյալ: «Բոնիլատը» կտուգանվի նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:

«1% չէ, 5% տամ նրան, ով ինձ խորհուրդ կտա, թե անգլերեն ինչպես կլինի «թան» բառը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բոնիլատի» սեփականատեր Գարիկ Սարուխանյանը:

Գ. Սարուխանյանը նշեց, որ գնորդը բողոքել է անգլերեն գրառման պատճառով, բայց «թան» բառի համարժեքը նույնիսկ ռուսերենում չկա, միայն թուրքերեն «ayran» է կոչվում:

«Այս երկրում անելու բան չի մնացել, այս պետությունը հիմնված է տույժ ու տուգանքների վրա»,- նկատեց գործարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս