Բաժիններ՝

Շի Տաո. Զրույցներ գեղանկարչության մասին

Միասնական գիծը (Մաս առաջին)
Ամենախորունկ վաղնջականության մեջ Կանոն չկար: Քանզի բարձրագույն պարզությունը դեռևս բաժանված չէր: Հենց որ բարձրագույն պարզությունը բաժանվում է, հաստատվում է Կանոնը: Ինչի՞ վրա է հիմնվում Կանոնը: Կանոնը հիմնվում է միասնական գծի վրա:

Միասնական գիծն ամենայն գոյողի ակունքն է, բոլոր երևույթների արմատը: Նրա գործողությունը դրսևորված է բնության հոգու համար և թաքնված է մարդու մեջ, սակայն գռեհիկը դա չի հասկանում: Ահա թե ինչու հարկ է ամենից առաջ ինքդ քո մեջ հաստատել Միասնական գծի Կանոնը:

Միասնական գծի կանոնի հիմքը կանոնների բացակայությունն է, որը ծնում է Կանոնը, և այդ կանոնը ներթափանցվում է բազում կանոնների մեջ:
Գեղանկարչությունը ծնունդ է առնում սրտում` դա վերաբերի լեռների ու գետերի, մարդկանց ու առարկաների գծերի գեղեցկությանը, կամ թռչունների, խոտերի ու ծառերի էությանն ու բնույթին, կամ ձկնաբուծարանների, տաղավարների ու աշտարակների չափերին ու համաչափություններին: Անհնար է չներթափանցել նախասկզբունքի մեջ, չվատնել գոյության զանազան տեսանկյունները, եթե ի վերջո չտիրապետես անչափելի չափին` Միասնական գծին:

Որքան էլ որ դուք հեռու գնաք, որքան էլ բարձր մագլցեք, պետք է սկսել նվազագույնից, առաջին քայլից: Այդպես է և Միասնական գիծը` այն ընդգրկում է ամեն ինչ, ընդհուպ մինչև ամենահեռավորն ու ամենաանհասանելին: Եվ տասը հազար միլիոն վրձնահարվածների մեջ չկա և ոչ մեկը, որի սկիզբն ու ավարտը չգտնվեր, վերջին հաշվով, այդ Միասնական գծում, որին իշխելը պատկանում է միայն մարդուն:
Միասնական գծի միջոցով մարդը կարող է հաղորդել արտաքին տեսքն ու ներքին էությունը, փոքրում` մեծը, ընդ որում, ոչինչ չկորցնելով: Եթե գաղափարը գիտակցված է, ապա և վրձինն էլ կհասնի իրաց արմատին:

Կարդացեք նաև

Եթե նկարում են անազատ դաստակով, ապա գեղանկարչության մեջ դրան կհետևեն սխալները: Եվ այդ սխալները, իրենց հերթին, կստիպեն դաստակին առավել ևս կորցնել իր ներշնչվող թեթևությունը: Վրձնանցումները պիտի կատարվեն մի շարժումով, և տուշի հոծությունը պիտի ծնվի վրձնի բոլորակվող շարժումներով, որ հմտորեն կազմավորում են պարապ տեղերը: Վրձնի ծայրը պիտի սուր լինի, հարվածները` հատու:

Հարկ է նաև հմուտ լինել կլորավուն և անկյունավոր, ուղիղ և կորված, բարձրացող և իջնող ձևերի պատկերման ժամանակ: Վրձինը համաչափ աջ ու ձախ է գնում, հաղորդում է ուռուցիկն ու գոգավորվածը, խոտորնակին և շեղը, արագ և հաստատակամ այն մեկ ընդհատում է շարժումը, կամ շեղակի ձգում է գիծը` մեկ, հանց ջուր, իջնում է խորքերը, մեկ խոյանում է վեր, հանց հուր, և այդ ամենը` բնական և առանց դույզն-ինչ ջանքի:

Միասնական գիծը (Մաս երկրորդ)
the-hermitage-at-the-foot-of-the-mountains-1695Եթե ոգին կենա ամենուր, ապա Կանոնը կընդգրկի ամենայն ինչ: Եթե նախասկզբունքը ներթափանցի ամենուր, ապա կարող են արտահայտվել գոյության տարբեր տեսակետները:

Լոկ ակամա, հետևելով ձեռքի, ժեստի ազատ շարժմանը, մարմնավորում են արտաքին տեսքը, նույնքան լավ, ինչպես և ներքինը: Վրձնի մեկ հարվածից հայտնվում են լեռներն ու գետերը, մարդիկ ու առարկաները, թռչուններն ու կենդանիները, խոտերն ու ծառերը, ձկնաբուծարանները, տաղավարներն ու աշտարակները` դա նկարելիս լինեն կոնկրետ բնորդից (սե շեն) և կամ թե ներթափանցեն դրանց ընդհանուր իմաստի մեջ (սե ի), արտահայտում են դրանց բնույթը (ցին), և կամ թե հաղորդում են դրանց մասնավորությունը:

Եթե նույնիսկ մարդը չորսա դրանց էությունը լիովին, միևնույն է, համանման գեղանկարչությունը կհամապատասխանի սրտի պահանջներին: Այն պահից ի վեր, ինչ բարձրագույն պարզությունը բաժանված է, Միասնական գծի Կանոնը հաստատված է:
Քանզի Միասնական գծի Կանոնը հաստատված է, արարվածների անվերջությունն իրականացել է: Ահա թե ինչու ասում են. «Իմ ուղին` Դա Միասնականի ուղին է, որը ներթափանցում է համընդհանուրի մեջ»:

Կանոնի կատարումը
Կարկինն ու անկյունաչափը քառակուսու և շրջանագծի բարձրագույն նորմերն են: Եվ Երկնքի և Երկրի շարժման ռիթմերը չափելի են կարկինով և անկյունաչափով: Գռեհիկ արվեստագետը գիտի միայն, թե ինչպես չափի կարկինով և անկյունաչափով, բայց նա չգիտի` ինչ սկզբունք է ղեկավարում Երկնքի և Երկրի շրջանադարձությունը: Եվ հենց դրանով Երկինքն ու Երկիրը կապում են մարդուն կանոնների մեջ: Մարդն իր կուրության մեջ ենթարկված է այդ կանոններին: Թեպետ և նա հասու է լինում կանոններին, որ հիմնված են ինդուկցիայի և դեդուկցիայի վրա, միևնույն է, չի հասնի Երկնքի և Երկրի գոյության նախասկզբունքի ըմբռնմանը: Բայց այդժամ և կանոններն էլ չեն կարող հասկանալի լինել և խոչընդոտներ են ստեղծում: Այժմ, ինչպես և մի ժամանակ, եթե չեն կարողանում հաղթահարել խոչընդոտը, որը բարձրացնում է կանոնը, ապա միայն այն պատճառով, որ չեն հասկանում Միասնական գծի նախասկզբունքը: Բայց երբ գիտակցվում է Միասնական գիծը, չկան արգելքներ աչքերի առաջ, և գեղանկարչությունը սրտից է սերում: Եվ եթե գեղանկարչությունը սրտից է գալիս, խոչընդոտներն ինքնաբերաբար վերացվում են:

Գեղանկարչությունն արարում է Երկնքի և Երկրի բոլոր առարկաների ձևերը: Ինչպե՞ս նա կկարողանար արարել բոլոր իրերի ձևերը, եթե չլիներ վրձնի և տուշի արվեստը:
Տուշը երկնքից է ընկալում, թե ինչպիսին լինի` թա՞նձր, թե՞ ջրալի, չո՞ր. թե՞ յուղալի` ամենայն ինչ նրա կամքով է: Իսկ վրձնին ղեկավարում է մարդը, որպեսզի հաղորդի ուրվագծերը. ծալքերը, ջրախառնման տարբեր տեսակները` ամեն ինչ իր ճաշակով:

Հներն արարում էին` կիրառելով Կանոնը, քանի որ առանց Կանոնի մի՞թե նրանք կկարողանային մարմնավորել անսահման, քաոսային աշխարհը: Սակայն Միասնական գիծը չի ներառում ոչ այն անսահմանությունը, որը սերում է կանոնների բացակայությունից, ոչ այն սահմանափակումը, որը սերում է հաստատված կանոններից: Կանոնի մեջ չկա խոչընդոտ, խոչընդոտի մեջ չկա Կանոն:
Կանոնը ծնվել է հենց գեղանկարչությամբ, իսկ խոչընդոտը վերացվում է հենց գեղանկարչությամբ: Կանոնն ու խոչընդոտը չեն խառնվում:
Երբ տիրապետում են Երկնքի և Երկրի շրջանադարձության սկզբունքին, գեղանկարչության դաոն դրսևորվում է, և Միասնական գիծը (աշխարհը) նախաիրականանում է:

Փոխակերպությունները (Մաս առաջին)
shi tao 009Հնությունը իմացության գործիք է: Վերափոխումները պարփակված են այն բանում, որպեսզի ճանաչես այդ գործիքը, սակայն, դրա հետ մեկտեղ` չդառնաս նրա ծառան: Միայն թե ես չեմ տեսնում ոչ մեկին, ով ունակ լիներ օգտագործելու հնությունը, նկատի ունենալով այն վերափոխել, և ես միշտ ավաղում եմ այն հինավուրց եղանակը, որը հիմնվում է լոկ հին ստեղծագործությունների ընդօրինակման վրա, բայց և վերափոխման ընդունակ չէ: Նմանատիպ իմացությունը կաշկանդում է: Իմացությունը, որ հանգում է նմանակման, կարող է միայն թափազուրկ լինել:
Ասված է եղել. «Կատարյալ մարդն առանց կանոնների է»: Դա նշանակում է ոչ թե այն, որ նա կանոններ չունի, այլ լոկ այն, որ նրա կանոնը կանոնների բացակայության մեջ է: Դրանում է հենց բարձրագույն Կանոնը:

Այն ամենը, ինչ օժտված է էական կանոններով, հարկ է, որ անպայման օժտված լինի փոփոխվող հատկություններով: Եթե կա կանոն, հարկ է, որպեսզի նրանում բնավորված լինի ունակությունն առ փոփոխությունները: Ճանաչելով կանոնները, հաջողության ես հասնում և փոփոխություններում:

Գեղանկարչությունը մարմնավորում է աշխարհի վերափոխումների մեծ Կանոնը, լեռների ու գետերի էութենական գեղեցկությունը և դրանց արտաքին տեսքի և կառուցվածքի մեջ բացահայտում է Բնության անընդհատական գործունեությունը, Ին ու Յանի շնչառության ներգործությունը: Վրձնի և տուշի արվեստն արտացոլում է Երկնքի և Երկրի բոլոր արարածներին, և իմ մեջ հնչում է դրանց հրճվանքը:
Բայց մեր այժմյան պարզամիտները ոչինչ չեն հասկանում դրանից, տեղին ու անտեղի նրանք ազդարարում են. «Այսինչ վարպետի ցուն և դրան վրձնահարվածների տեխնիկան կազմում է անհրաժեշտ հիմքը: Եթե դուք չեք ընդօրինակում ինչ-որ մեկի բնանկարները, դուք չեք կարող երկարակյաց ստեղծագործություն թողնել, դուք կարող եք ստիպել ձեզ ընդունել ինչ-որ վարպետի խիստ և մաքուր ոճը, բայց եթե դուք չնմանակեք այսինչի տեխնիկական հնարքները, դուք երբեք չեք դառնա այլ ոք, քան զվարճացնող»:

Սակայն այդ ճանապարհի վրա, այն բանի փոխարեն, որ իրենց այդ նկարիչների ծառայության մեջ դնեն, դառնում են նրանց ծառաները: Ամեն կերպ ինչ-որ վարպետի նմանվելու ցանկությունը հանգում է այն բանին, որ սնվում ես նրա արգանակի մնացուկներով` ինձ համար դա չափազանց քիչ է:
Կամ էլ թե այլք ասում են ինձ նաև` «Ես բաց սրտով հարաբերության մեջ եմ մտնում այսինչ վարպետի հետ, ես յուրացրել եմ իմացության իմ ոլորտը` ուղղորդվելով այսինչից: Այժմ ի՞նչ դպրոցի ես հետևեմ, ո՞ր կատեգորիայի մեջ ինձ դասեմ: Ումի՞ց ինձ համար չափանիշներ փոխառեմ»:

Փոխակերպությունները (Մաս երկրորդ)
chrysanthemums-and-bamboo-1707.jpgHDՈ՞ւմ ընդօրինակել: Ումի՞ց է ավելի լավ փոխառել կետերի և ջրախառնման տեխնիկան, դրա «մեծ գծերը», նրա ցունը, դրա ձևերն ու կառուցվածքներն այն կերպ, որպեսզի իմ ստեղծագործությունը կարողանա կրկնել հների ստեղծագործությունները: Բայց այդպիսով դուք կհանգեք միայն այն բանին, որ լոկ կմիանաք հներին` մոռանալով ձեր սեփական գոյության մասին:

Ինչ վերաբերում է ինձ, ես գոյություն ունեմ ինքզինքս և ինձ համար: Հների ոչ մորուքը, ոչ էլ հոնքերը չեն կարող աճել իմ դեմքի վրա, և ոչ էլ նրանց ներքին օրգաններն են կարող տեղավորվել իմ փորում, ես ունեմ իմ ներքին օրգանները, սեփական մորուքն ու հոնքերը: Եվ եթե պատահի, որ իմ ստեղծագործությունը լինի այլ մի վարպետի ստեղծագործության կրկնությունը` ապա դա նա է հետևում ինձ, ես չեմ նրան գտել:
Բնությունն ինձ ամեն ինչ տվել է: Եվ երբ ես հներից ինչ-որ բան սովորեմ, մի՞թե ես չեմ կարող նրանց կանոնները վերափոխել:
Երկրպագել ընկալունակությունը:

Ինչ վերաբերում է ընկալունակությանն ու իմացությանը, ապա ընկալունակությունը նախորդում է, իսկ իմացությունը հետևում է դրան, եթե ընկալունակությունը լիներ հետևողը, այն ճշմարիտ ընկալունակություն չէր լինի:
Հնուց մինչև մեր օրերը ամենավսեմ ուղեղները մշտապես օգտագործում են իրենց ճանաչողությունը, որպեսզի արտահայտեն իրենց ընկալումները, և ջանում են այնպես գիտակցել իրենց ընկալումները, որպեսզի դրանց հիմքի վրա զարգացնեն ճանաչողությունը: Քանի որ համանման ունակությունը կարող է համակցվել միայն մասնավոր խնդիրներին, այն դեռ հանդարտում է լոկ սահմանափակ ընկալունակության և սահմանափակ ճանաչողության վրա: Հետևաբար, կարևոր է դրանք ընդլայնելն ու զարգացնելը` նախքան Միասնական գծի չափը որսալը:

Քանզի Միասնական գիծը, իսկապես, ընդգրկում է գոյության համապարփակությունը: գեղանկարչությունը ծնվում է տուշի ընկալունակությունից, տուշը` վրձնի ընկալունակությունից, վրձինը` դաստակի ընկալունակությունից, դաստակը` սրտի ընկալունակությունից: Ամեն ինչ այնպես է, ինչպես այն պրոցեսի ժամանակ, երբ Երկինքը ծնում է այն, ինչը երկիրն այնուհետև իրականացնում է: Այսպիսով, ամենայն ինչ ընկալունակության պտուղ է:

Ամենակարևորը մարդու համար մեծարել կարողանալն է, քանզի նա, ով ունակ չէ հարգելու իր ընկալումների շնորհները, իրեն վատնում է մինչև լիակատար կործանում, ինչպես և նա, ով, ստանալով գեղանկարչության շնորհը, չի կատարելագործում այն և դրանով իրեն ուժասպառության է հասցնում:
Ընկալունակություն: Գեղանկարչության մեջ թող այն մեծարեն, պահպանեն և ներդնեն ստեղծագործության մեջ իրենց ողջ ուժով». «Ըստ Տիեզերքի ամենօրյա ընթացքի` ցզյուն-ցզին ինքն անընդհատ արարում է»: Եվ այս կերպ հիրավի պատիվ են անում ընկալունակությանը:

Վրձինը և տուշը
Հների մեջ ոմանք ունեն վրձին և ունեն տուշ, իսկ ուրիշներն ունեն վրձին, բայց չունեն տուշ, այլք ունեն տուշ, բայց չունեն վրձին: Դա տեղի է ունենում ոչ այն պատճառով, որ բնանկարների արտաքին տեսքն ինքնին սահմանափակ է, այլ նկարիչների դաստակների ընկալունակության տարբեր ընդունակությունից: Տուշը, ներծծվելով վրձնի մեջ, պիտի այն հոգով լցնի, վրձինը, օգտագործելով տուշը, պիտի նրան հոգեկանություն շնորհի: Տուշի ոգեղենացումը նկարչի տեխնիկական պատրաստվածության հարց է: Վրձնի ոգեղենացումը կյանքի էության մարմնացումն է: «Ունենալ տուշ և ունենալ վրձին», նշանակում է, որ հաղորդված է աշխարհի ոգեղենացումը, բայց դեռ արտահայտված չէ կյանքի ոգին:

Shitao-autoportrait«Ունենալ վրձին և չունենալ տուշ»` նշանակում է, որ կա կենաց ոգու ընկալունակությունը, բայց դեռ չկա կարողությունը, որը տալիս է հմտությունը, որը ձեռք է բերվում տեխնիկական նրբակերտությամբ: Գոյության մեծ սկզբնաղբյուրները կենում են լեռների և գետերի կոնկրետ իրականության և արարածների անվերջության մեջ, որ որսվում են իրենց տարակերպ տեսակետներում` դիմահայաց և հակառակ կողմից, թեքված, կիսադեմից, կենտրոնացած, ցրված, մոտ, հեռու, ներսից, դրսից, որպես դատարկ, լիքը, ընդհատ, երկարատև, հաջորդական աստիճանակարգերում, մերկացած, ծաղկած, տարուբերվող, վաղանցուկ: Այսպես, եթե լեռները, գետերը և արարածների ողջ անսահմանությունը կարող են իրենց հոգիները բացահայտել մարդուն, միայն այն պատճառով, որ մարդն օժտված է կյանքի փոփոխականության մարմնավորման զորեղությամբ: Եթե դա այդպես չլիներ, ապա ինչպե՞ս հնարավոր կլիներ վրձնից և տուշից կենդանի իրականություն կորզել, որ միս ու արյուն ունենա, ինչպես նաև սուբստանցիաների և գործառույթների լայնացում և նեղացում, ձև և դինամիկա, կորացում և շեղվածք, հոծություն և անցումներ, թաքուն հնարավորություն և ցրում, հպարտ վերընթաց, կտրուկ ծագում, սրված բարձրություն, ֆանտաստիկ կորվածք և գլխապտույտ կախվածություն, ամեն մի մանրամասնի մեջ արտահայտելով հոգու ընդհանրականությունն ու ոգու լիությունը:

Դաստակի շարժումները (Մաս առաջին)
Ոմանք, անկասկած, կասեն. «Գեղանկարչության ձեռնարկներն ու այլ գեղարվեստական տրակտատները, գլուխ առ գլուխ, հիմնավորապես, մանրակրկիտ ճշգրտությամբ, բացատրում են, թե ինչպես օգտվել վրձնից և ինչպես օգտվել տուշից»: Հնուց ի վեր ոչ մեկը երբեք չի տեսել, որպեսզի փորձեր լինեն տալու իրենց գործընկերներին բնանկարի ձևի և կառուցվածքի ինչ-որ տեսություն` սոսկ պարապ խոսքերի միջոցով:

Սակայն Դա Ցի-ցզին տարակուսում էր` արդյո՞ք ինքը չափազանց հպարտ բնավորություն ունի, երբ գերադասում է իր մեթոդը հիմնավորել տրորված արահետներից դուրս և քամահրանքով ժխտում է աշխատանքն այն ստեղծագործությունների վրա, որոնց ստեղծումը չափազանց հեշտ և հասանելի ուղի է: Հիրավի, ի՜նչ տարօրինակ դատողություն: Իրականում շնորհները, որոնք մեզ են հասնում ամենաանհասանելի ոլորտներից, իրականանում են լոկ կոնկրետ, ամենամոտ բաներում, և հարկ է սկզբում ճանաչել անմիջականորեն տրվածը, որպեսզի կարելի լինի ծառայել հեռավորին:

Միասնական գիծը` դա ամենից առաջ առաջին, տարրական քայլն է գեղագրության և գեղանկարչության ուսումնասիրման մեջ: Միասնական գծի տարբերակները կազմում են տուշից և վրձնից օգտվելու ամենապարզ և ամենատարրական մեթոդը:
Ինչ վերաբերում է լեռներին ու գետերին, ապա դրանք սովորաբար հասկանում են` որպես ուռուցիկության և գոգավորության առաջին ձևեր: Ինչ ձևի մասին էլ որ խոսք լինի, այն միշտ հանգում է տարրական սկզբունքների, որոնք ներառված են գծերի և «ակոսների» զանազան տեսակների մեջ:

Բայց նրանք, ովքեր սոսկ սահմանափակ իմացություններ ունեն, կտեսնեն, որ իրենք կաշկանդված են դրանցով, քանի որ սխեմաներն էլ են սահմանափակ: Օրինակ, նա, ով իր սահմանափակության մեջ գիտի միայն մի լեռ, մի գագաթ, մի անգամ կատարման անցնելով` երբեք այլ մի բան չի անի, նա կնկարի և կվերանկարի միայն այդ լեռը և միևնույն գագաթը, քանզի ունակ չէ դույզն-ինչ նորոգման: Կարծես թե նրա ձեռքը մեխանիկական շարժման մեջ կրկնում է մեկընդմիշտ քարացած լեռն ու գագաթը: Արդյո՞ք դա ողբալի չէ:

Դրանից զատ, այդպիսի վրձնախաղում կառուցվածքներն ու ձևերը երբեք չեն վերափոխվում, քանզի դրանք հանդարտում են միայն «մեծ գծերի» և «ակոսների» մակերեսային, տեխնիկական իմացության մեջ, ոճը երբեք չի նորոգվում, քանզի նկարչի վարպետությունը կեղտակորույս է ձևերի դպրոցական իմացության մեջ:
Նկարչի ձևավորումը մնում է մասնավոր և հանդարտում է մի քանի պայմանական կոմպոզիցիաներում: Բնանկարի տեսակները սահմանափակ են, քանի որ դրանք արտացոլում են մի քանի արհեստական մոդել:

Դաստակի շարժումները (Մաս երկրորդ)
Սակայն, եթե կամենում են վերացնել այդ չորս թերությունը, հարկ է ամենից առաջ մարտնչել դաստակի ճիշտ շարժման համար:
Հարկ է աշխատել թեթևությամբ, արմունկը քիչ վեր բարձրացնելով, և այդժամ գեղանկարչությունն ընդունակ կլինի հաղորդելու կտրուկ փոխակերպությունները:

Թող հարվածներն ու եզրափակիչ շարժումները կտրուկ լինեն, իսկ ձևը հաղորդվի առանց անհմտության և անպարզության: Դաստակի ամրությունն օգնում է վրձնին ծանր դառնալ, որպեսզի ներթափանցի խորքերը: Դաստակի թեթևությունը կստիպի վրձնին ազատ և անկաշկանդ թռչել ու պարել: Խիստ, ուղղակի ֆիքսման դեպքում վրձինն աշխատում է կետով, դաստակը շրջվում է, և վրձինը շեղակի է աշխատում: Դաստակի շարժումն արագանում է, և վրձնահարվածը թափ է հավաքում: Դաստակի դանդաղ շարժումը հաճելի զգացումներ է ծնում:
Դաստակի շարժման տարբերակները թույլատրում են հասնելու վրձնելու հնարքների լիառատության բնականության տպավորությանը: Այդպիսի փոխակերպությունները ծնում են տարօրինակն ու արտասովորը: Այդպիսի արտառոցությունն արարում է ոգիներ և դևեր, և երբ դաստակը կենդանացած է ոգով, լեռներն ու գետերը բացում են իրենց հոգին:

Խավարն ու լույսը
Վրձնի և տուշի միաձուլումը նույնն է, ինչ Ինն ու Յանը: Ին ու Յանի անբաժան միաձուլումը կազմավորում է նախասկզբնական քաոսը: Եթե ոչ Միասնական գիծը, ապա ի՞նչը կարող էր կարգավորել նախասկզբնական քաոսը: Հենց որ անցնում են լեռան պատկերմանը, լեռը հոգի է ձեռք բերում, երբ սկսում են պատկերել ջուրը, այն շարժման մեջ է մտնում, երբ անցնում են անտառներին, դրանք կենդանանում են, երբ անցնում են մարդու պատկերմանը, դրսևորվում է վերասլաց էությունը: Իրականացնել վրձնի և տուշի միաձուլումը` կնշանակի` գտնել Ին ու Յանի տարբերակումը և անցնել քաոսի կարգավորմանը: Տանել քո արվեստն ընդմեջ տարիների և հիմնադրել սեփական դպրոցը` այդպիսին է ճշմարիտ իմաստության ճակատագիրը:
Հարկ չկա վրձնով նկարել այնպես, կարծես աշխատում ես հատիչով` հարկ է խուսափել կոպտությունից և փխրունությունից, պետք չէ լինել ոչ ծանրակշիռ, ոչ էլ թեթևաքաշ, հարկ է խուսափել անհարկի համակցումներից, չմասնատել կոմպոզիցիայի տարրերը, չկորցնել նախասկզբունքի ամբողջականությունը: Տուշի օվկիանոսում պետք է հաստատակամ դրսևորել ճշմարիտ ոգին, վրձնի ծայրին ծնվում և հաստատվում է կյանքը: Փաթեթագլանի մակերեսը փոխակերպություններ է ապրում: Քաոսի մեջ ծնվում և ցայտում է լույսը:

Այդ պահին, եթե նույնիսկ և եղել էին և՛ վրձինը, և՛ տուշը, և՛ փաթեթագլանը` ամեն ինչ կորչում էր, «եսը» փոխարինում էր այն, գոյություն ունենալով ինքնեկ: Քանզի այդ «եսը» արտահայտում է իրեն տուշի միջոցով, այլ ոչ թե տուշն ինքնին արտահայտիչ է: Այդ իմ «եսն» է անցկացնում գիծը վրձնի օգնությամբ, այլ ոչ թե վրձինն է ինքն իրենով գիծ քաշում: Ես ծնում եմ իմ արվեստը, այլ ոչ թե այն ծնվում է ինքն իրենով: Սերելով Միասնականից, անհամարը բաժանվում է, սերելով անթիվից, կարգավորում են Միասնականը: Միասնականի փոխակերպությունները կազմավորում են Ինն ու Յանը` ահա այսպես են իրականանում աշխարհի կարողության հնարավորությունները

Բնանկարը (Մաս առաջին)
Բնանկարի էությունն իրականանում է` մարմնավորելով Երկնքի և Երկրի նախասկզբունքը: Բնանկարի արտաքին գեղեցկությունը դրսևորվում է վրձնի և տուշի նկարելաեղանակների զանազան հնարքներով: Եթե ձգտում են միայն այդ արտաքին գեղեցկությանը` հաշվի չնստելով նախասկզբունքի հետ, նախասկզբունքը վտանգի մեջ է: Եվ ձգտում են միայն առ նախասկզբունքը, էության ճանաչումը` քամահրելով գեղանկարչական հնարքները, գեղանկարչության տեխնիկան դառնում է միջակ:
Հները շատ լավ գիտեին այդ վտանգն ու այդ միջակությունը` ահա թե ինչու նրանք ձգտում էին իրականացնել Միասնականի սինթեզը: Եթե նկարիչը մինչև վերջ չի ճանաչել Միասնականը, բազում երևույթների ձևերն արգելք են կազմում: Իսկ եթե նա Միասնականը լիովին ըմբռնել է, բազում երևույթները բացահայտում են իրենց ներդաշնակ կարգը: Գեղանկարչության սկզբունքը և վրձնի տեխնիկան էապես այլ բան չէ, քան մի կողմից` Երկնքի և Երկրի ներքին էությունը, և նրա արտաքին գեղեցկությունը` մյուս կողմից: Բնանկարն արտահայտում է Երկնքի և Երկրի ձևն ու դինամիկ կառուցվածքը: Բնանկարի գրկում քամին ու անձրևը, խավարն ու լույսը ոգեղենացած պատկեր են կազմում:

Ցրվածությունն ու խմբվածությունը, խորքայնությունն ու փռվածությունը` լեռների ու ջրերի այդ հստակ հաջորդականությունը, ուղղահայացներն ու հորիզոնականները, գոգավորումներն ու կարկառները կազմում են բնանկարի ռիթմը:
Ստվերն ու լույսը, լեռների հոծությունն ու ջրերի հոսանուտությունը միասնության մեջ են, գոգավորումների և ելուստների հակադրությունը կազմավորում է շարժման և հանգստի հերթագայությունը:

Բարձրն ու լուսավորը, ըստ էության, Երկնքի չափն է, ձգվածն ու խորունկը` Երկրի չափն է: Երկինքն ընդգրկում է բնանկարը քամիների և ամպերի միջոցով: Երկիրը կենդանացնում է բնանկարը գետերի ու ժայռերի միջոցով:
Եթե չհամակազմավորվես Երկնքի և Երկրի այդ արմատական չափով, անհնար է պատկերացնել բնանկարի անկանխատեսելի փոխակերպությունները, քանզի քամիներն ու ամպերը չեն ընդգրկում նույնչափ տարբեր բնանկարները, գետերն ու լեռները չեն ոգեղենացնում բնանկարի բոլոր ձևերը` հետևելով վրձնի մեկ հպումին: Ինչ վերաբերում է բնանկարի անպարագրելիությանը, ապա նրա հողերը տարածվում են հազար լի, ամպերը հյուսվում են տասը հազար լի ձգվող` միմյանց հաջորդող գագաթների վրա, ափամերձ ժայռերի շարքերով: Նույնիսկ Անմահը, ով իր թռիչքում կարող է հայել վերից, լեռներն ու ջրերը, երևի թե, չկարողանար ընդգրկել ողջ բնանկարը:

Բնանկարը(Մաս երկրորդ)
Բայց եթե օգտվես Միասնական գծից` որպես չափ, հնարավոր է մասնակցություն ունենալ Երկնքի և Երկրի փոխակերպությունների մեջ, հասու լինել լեռների և գետերի ձևերին, չափել Երկրի վիթխարի տարածությունները, որոշել լեռնային բարձունքների հաջորդականությունը, կռահել ամպերի և մշուշների գաղտնիքները: Եթե կենում ես հազար լի ձգվող հեռաստանի առաջ կամ շեղակի հայացք ես նետում ձգվող հազարավոր բարձունքների վրա, հարկ է միշտ վերադառնալ առ Երկնքի և Երկրի այդ հիմնարար չափին:
Հենց Երկնքի չափի այդ գործառույթում բնանկարի հոգին կարող է այլանալ: Երկրի չափման այդ գործառույթում կարող է իրեն արտահայտել բնանկարի օրգանական շնչառությունը: Ես կողմնակիցն եմ Միասնական գծի, ահա թե ինչու ես կարող եմ ընդգրկել բնանկարի ձևն ու ոգին:

Անցել է հիսուն տարի, և դեռևս չի եղել իմ «եսի» և լեռների ու գետերի «եսի» համատեղ ծնունդը ոչ այն պատճառով, որ դրանք չեն ունեցել ուշադրության արժանի արժեք, պարզապես ես թույլ եմ տվել նրանց գոյել իրենց համար: Իսկ այժմ լեռներն ու գետերը պահանջում են, որպեսզի ես խոսեմ իրենց անունից, նրանք ծնվել են իմ ներսում, իսկ ես` նրանց: Ես անխոնջ փնտրում էի արտասովոր բարձունքներ, ես դրանցից էտյուդներ էի անում, լեռներն ու գետերը հանդիպեցին իմ ոգուն, և դրանց հետքը հոգուս մեջ վերափոխվեց այն կերպ, որ, ի վերջո, նրանք վերադարձան ինձ մոտ:

Շարունակելի…
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս