
Մրցանակաբաշխությամբ եզրափակվել է Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը

Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման արարողությանը, որն անցկացվել է սեպտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, հայտարարվել են «Սարոյան» միջազգային մրցանակի և ազգային գրական մրցույթի հաղթողների անունները։
Գրական մրցույթի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Անի Առաքելյանը, «Պոեզիա» անվանակարգում՝ Մհեր Արշակյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Կարինե Հայրապետյանը, «Արձակ» անվանակարգում ՝ Սոնա Գևորգյանը։
Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում տրվել է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ, որի նպատակը անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ արձակի գնահատումն է։
Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 108 գրող 25 երկրից՝ Մալթա, Ռուսաստան, Վրաստան, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Իսրայել, Նիգերիա, Գերմանիա և այլն։ Սարոյանի անվան կարճ արձակ մրցանակին արժանացել է Լուսինե Խառատյանը։ Մրցանակը հանձնել է «Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։ Անվանակարգի հաղթողը նվեր է ստացել Սարոյանի բնօրինակ նկարներից մեկը։ Մրցույթը ոգեշնչված է Սարոյանի գրական ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը:
Եռօրյա փառատոնին կազմակերպվել են գրքերի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան միջազգային փառատոնին մասնակցել են անվանի գրողներ, գրաքննադատներ և հրատարակիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Իրանից, Միացյալ Նահանգներից։
Հանրապետության հրապարակում անցկացված գրքի տոնավաճառին մասնակցել են 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ։
Գրքի երևանյան միջազգային փառատոնը կընդլայնի աշխարհագրությունը. սեպտեմբերի 28-ին այն կհյուրընկալվի Գյումրիում, հոկտեմբերի 4-ին՝ Կապանում։
Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ գրական իրադարձությունն է: Այն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ «Ստեղծագործ Եվրոպա»-ի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ։