Արդյո՞ք ինտերնետում պետք են սահմափակումներ (տեսանյութ)

Արդյոք ինտերնետի բովանդակությունը կամ էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումներին արված մեկնաբանությունները, ինտերնետում անցկացրած ժամանակահատվածը պե՞տք է սահամանափակվի, թե՞ ոչ: Այս հարցերի մասին այսօր`նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց կարծիքը հայտնեցին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, հոգեբան Իրինա Ծատուրյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ Ս. Մարտիրոսյանի` այս հարցում շատ ծայրահեղ կարծիքներ կան. «Օրինակ, Վիետնամը մի քանի ամիս առաջ օրենք է ընդունել, ըստ որի` սոցիալական ցանցերում դուք իրավունք չունեք լրատվականներից նույնիսկ մեջբերումներ կատարել կամ հղումներ անել: Իսկ, օրինակ`Չինաստանում մոտ 2-3 մլն մարդ նստած կարդում են ամեն ինչ, որպեսզի հետևեն՝ մարդիկ ավելորդ բաներ չգրեն: Մյուս կողմից՝ կան արևմտյան մի շարք երկրներ, որտեղ փորձում են ընդհանրապես չմիջամտել, սակայն նույն Արևմուտքում էլ այսօր շարժը գնում է դեպի ինչ-որ սահմանափակումներ,- ասաց փորձագետը և ավելացրեց,- Հատկապես վերջերս, մոտ 3 շաբաթ առաջ, Եվրոպական մարդու իրավունքների դատարանի մի որոշում եղավ, որը նախադեպային էր: Հարցը մի քանի տարի տևող մի դատավարության մասին է, որը վերաբերում էր էստոնական Դելֆի լրատվական կայքի և Էստոնիայի կառավարության միջև վեճին: Խոսքն այն մասին էր, որ կայքի նյութի տակ ինչ-որ օգտատերեր մեկնաբանություններ էին գրել, և մյուս կողմը, որն իրեն տուժող է համարել այդ մեկնաբանություններից, դատի էր տվել: Այսպես գործը հասավ Եվրոպական դատարան, որն էլ համարեց, որ կայքը պատասխանատու է մեկնաբանությունների համար»: Ս. Մարտիրոսյանը նկատեց, որ այդ ամենը խոսում է այն մասին, որ լրատվամիջոցները պետք է սկսեն վերահսկել իրենց մոտ եղած մեկնաբանությունները, ինչը լրացուցիչ ծախս է լրատվամիջոցների համար, քանի որ դրանք վերահսկելու համար նրանք պետք է նոր աշխատակիցներ պահեն:

«Վերահսկողությունը միշտ ռեսուրսներ է պահանջում ունենալ: Մենք ընկած ենք մի դաշտ`Եվրոդատարանի դաշտը, որտեղ այս պահին գնում է գործընթաց՝ դեպի ինչ-որ սահմանափակումներ, ինչն այստեղ` Հայաստանում էլ պետք է հաշվի առնել»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով սահմանափակումներին՝ նշեց. «Մի կողմից՝ լրատվական կայքերի նյութերի մեկնաբանությունների վերհսկողությունը կարող է դիտվել որպես խոսքի ազատության սահմանափակում, իսկ մյուս կողմից՝ համացանցում կան բազմաթիվ պոռնոկայքեր, որոնք որոշ երկրներում ոչ մեկը չի արգելում, և դա դիտվում է՝ որպես ազատության դրսևորում, ինչը, սակայն, որոշ տեղերում միայն որոշակի ժամերի են թույլ տալիս ցուցադրել: Այսինքն՝  տարբեր երկրներում մոտեցումները տարբեր են, ոչ նորմատիվային բառապաշարը և բովանդակություն ասվածի սահմանը բավականին նուրբ է: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ, եթե շատ բաներ արգելեն, մարդիկ կսկսեն օտար կայքերից օգտվել»,- ասաց Ա. Ադիբեկյանը` նշելով, որ ինտերնետն, ընդհանուր առմամբ, մարդկության էության արտացոլումն է, որն ունի իր դրական և բացասական կողմերը:

Կարդացեք նաև

«Հիմնականում ես ամենախոցելի դեմքերից մեկն եմ, որովհետև իմ մասին ամեն ինչ գրում են՝  վաճառված, պալատական ստրկուհի, տականք, ազգի դավաճան և այլն, և այլն, հիմա, և եթե բոլորին դատի տաս, նշանակում է, որ երբեք դատարանից դուրս չես գա»,- ասաց Ա. Ադիբեկյանը` նշելով, որ մենք պետք է ձգտենք, որպեսզի մարդկությունն ավելի կատարյալ լինի, այսինքն` հայելին փոխելով՝ մարդկային էությունը որքանով մենք կարող ենք փոխել:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը նշեց ինտերնետից առաջ եկող առողջական խնդիրների մասին, ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեբանական, որոնք լուրջ խնդիրների կարող են հանգեցնել: «Ինտերնետը, դրականից բացի, իր մեջ նաև շատ վտանգավոր երևույթներ է պարունակում: Օրինակ, հիմա մեր երիտասարդությունը թերապիա է անցնում ինձ մոտ, որոնք ինտերնետով, բոլորովին այլ անվան տակ, ծանոթանում են մարդկանց հետ և հետագայում ունենում են շատ խոշոր խնդիրներ»,- ասաց հոգեբանը` նշելով, որ այդտեղ կարող են լինել նաև թրաֆիկինգի տարրեր, և մարդը կարող է բոլորովին խճճված իրավիճակների մեջ հայտնվել:

Համակարգչից և ինտերնետից կախվածության, դրա ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան առողջության վրա ազդեցության և այլ հարցերի մասին մեր հարցազրույցը հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ կարող եք կարդալ «168Ժամ» թերթի առաջիկա համարում:

Տեսանյութեր

Լրահոս