Մայրը սրբությունը է, հասկացա՞ք, ես ձեր…

«Ես մի բան գիտեմ. այսօրվա դրությամբ` «մայր» հասկացողությունը բոլոր տղամարդկանց համար սրբություն է, և չեմ կարծում, որ որևէ մեկն իրեն թույլատրի նման հայհոյանքներ»: Նման մեջբերումներ անելն անգամ հաճելի է: Այս ոսկե խոսքերի հեղինակը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է: Ըստ լրատվամիջոցների` մայրական մոտիվը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին ստիպել է հիշել Հայաստանի Վոլեյբոլի ֆեդերացիայի նորանշանակ ղեկավարը: Որը, պարզվում է, նույն ինքը` ԱԽ քարտուղար, բոլորիս ծանոթ Արթուր Բաղդասարյանն է: (Ի դեպ, այն, որ հատկապես Արթուր Բաղդասարյանը և ոչ այլ ոք պետք է ղեկավարի Վոլեյբոլի ֆեդերացիան, ունի անվիճարկելի հիմնավորում. ՌԴ-ում Վոլեյբոլի ֆեդերացիան ևս գլխավորում է Անվտանգության խորհրդի քարտուղարը):

Շախմատի ֆեդերացիա` գիտեինք: Ֆեդերացիայի նախագահին անգամ դեմքով ենք ճանաչում: Ֆուտբոլի ֆեդերացիայի մասին ևս գիտենք. ֆեդերացիայի նախագահի մասին հաճախ կարդում ենք թերթերի «Իրավունք» խորագրի տակ: Բայց որ կա Վոլեյբոլի ֆեդերացիա, ոչ մի կերպ գլխի չէինք ընկնում:

Հայաստանում բարձրահասակ տղամարդիկ, անկեղծ լինենք, շատ չեն: Եվ վոլեյբոլի ֆեդերացիա չունենալու մասին թյուրիմացության պատճառը սա է եղել: Իսկ ֆեդերացիա ունեցել ենք, և այն մինչ վերջերս ղեկավարել է ողջ կյանքն այս ազնիվ մարզաձևին նվիրած Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Չերկարացնեմ այս ոչ այնքան սկզբունքային պատմությունը. Արթուր Բաղդասարյանի նշանակումը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սրտով չի եղել: Ինչն էլ պատճառ է դարձել «տղամարդկային վեճի»: Հովհաննես Մարգարյանը հենց այսպես է բնորոշել տիտանների վեճը: Տղամարդիկ են, հնարավոր է` բարձրացրել են իրենց ձայնը, հնարավոր է` վիճել են, սակայն հայհոյել, այն էլ` սուրբ մայրերին, նման բան լինել ուղղակի չէր կարող:

Առավել ևս Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղարը հայտարարեց. «Արթուր Բաղդասարյանը 20 տարվա քաղաքական թոհուբուհով անցած քաղաքական գործիչ է, և չկա մի մարդ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, որը կարող է անհարգալից խոսել պարոն Բաղդասարյանի հետ և մնալ անպատասխան»:
ԲՀԿ-ից էլ ակնարկեցին, թե ՀՀ-ում չկա մի քաղաքացի, ով համարձակություն կունենա բարձր ինտոնացիայով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ: Իսկ ո՞վ է առարկում, ավելի ստույգ, ո՞վ համարձակություն կունենա առարկել: Այսպես ժամանակին Նապոլեոնն էր ասում. «Դեռևս չի ձուլվել այն փամփուշտը, որն ինձ կխոցի»: Եվ, փաստորեն, ճիշտ էր…

Կարդացեք նաև

Այս կոնֆլիկտում, սակայն, մեզ համար առանցքայինը «տղամարդկային բանավեճ» բառակապակցությունն է: Առհասարակ, տղամարդկության թեման Հայաստանում խոր արմատներ ունի: Հենց երեկ մեկ այլ պատգամավոր` ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը, նկատեց, որ ինքը երբևէ կնոջ վրա ձեռք չի բարձրացնի: Պարոն Սեդրակյանը, ինչպես ցանկացած պատվախնդիր տղամարդ, վստահ է, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ԵԽ ԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղված հարցը կնոջը վայել չէր, սակայն իր կողմից ֆիզիկական հաշվեհարդար նրա հանդեպ` անհավատալի է:

Կայքերից մեկին նա երեկ ուղղակի ասել էր. «Այդ մասին ամոթ ա հարց տալը կամ խոսալը: (գ) Ենթադրենք, ասել եմ` չէր սազում, որ աներ ըտենց բան: Դա ուրիշ խնդիր ա: Բայց ինչ-որ պատժել կամ ծեծելգ Ես տղամարդ տղա եմ` կնոջ հետ կապված (հարցերում.- Լ.Ա.)»:

Վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Խաչատրյանը ոչ այնքան հեռու անցյալում շատերի ներկայությամբ հարվածեց գործարար մի կնոջ: Եվ հատկապես տղամարդիկ սկսեցին բարձրաձայն քննադատել նրան: Իբրև թե` իսկական տղամարդուն վայել չէ կնոջ վրա ձեռք բարձրացնել:

Տղամարդկությունը Հայաստանում դրսևորվելու հնարավորություն, խոշոր հաշվով, չունի. ազնիվ մենամարտում հակառակորդին խոցելու դարաշրջանն անցել է, թեև Հայաստանում այն երբևէ չի էլ եղել: Ազատ ինքնադրսևորվելու տարածք է Ֆեյսբուքը. որոշ տղամարդ օգտատերեր նախ մեջբերում են Ֆաինա Ռանևսկայայի հայտնի խոսքը. «Լավ է լինել հայհոյող, բայց լավ մարդ, քան սուսուփուս, դաստիարակված անասուն», և նախընտրում` լինել «լավ մարդ»:

Մյուս ասպարեզը, որտեղ տղամարդիկ կարող են լիարժեք և մյուսներից աննկատ դրսևորվել` որպես իսկակա՛ն, տղամա՛րդ տղա, ընտանիքն է: Այստեղ նրանք հանգիստ կարող են հարվածել իրենց կանանց, երեխաներին, ասել վերջին խոսքերը, իսկ քիչ անց դրսում այնքան զայրանալ այդ գայդգ Սուրեն Խաչատրյանի վրա, որը կարողացել է կնոջ վրա ձեռք բարձրացնել:

Կանանց հանդեպ կիրառվող ուժն ազգային արմատներ ունի: Այդ մասին վկայում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների» դաշինքի առաջարկը` հոկտեմբերի 1-ը Հայաստանում նշել` որպես «Ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ազգային օր»: (2010թ. հոկտեմբերի 1-ին ընտանեկան բռնության զոհ դարձավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը): Ազգային, որովհետև հայ տղամարդկանց մեծ մասը համոզված է` էլ ի՞նչ տղամարդ, որը կնոջը գոնե երբեմն-երբեմն չհարվածի: Իսկ դաշինքի անդամները, չգիտես ինչու, վստահ են, որ իսկական տղամարդը կնոջ վրա ձեռք չի բարձրացնի: Այն պարզ հիմնավորմամբ, որ նա իսկակա՛ն տղամարդ է:

Այնպես որ` «տղամարդկային բանավեճ», «տղամարդ տղա», «իսկական տղամարդ» հասկացությունները գուցե շոյում են նրանց ինքնասիրությունը, ովքեր իրենց բռի, կոպիտ կամ գռեհիկ վարքն արդարացնում են «տղամարդկությամբ»: «Տղամարդ» բառի իմաստային գերակա բաղադրիչը, իմ համեստ կարծիքով, «մարդ» բառն է: Իսկ Մարդ կա՛մ լինում են, կա՛մ ոչգ Եվ այս դեպքում անգամ էական էլ չէ` հատկապես ո՛ր ֆեդերացիան ես գլխավորում:

Տեսանյութեր

Լրահոս