Բաժիններ՝

Ո՞վ է կենտրոնացրել ֆինանսական և փորձաքննական ամբողջ գործունեությունը մի մարդու ձեռքում

Բաց նամակ Գիտության պետական կոմիտեի փորձաքննության գործընթացային խախտումների վերաբերյալ.

2013թ. հոկտեմբերի 16-ին էլեկտրոնային փոստով ստացա ԿԳՆ Գիտության Պետական կոմիտեի նախագահ պարոն Սամվել Հարությունյանի հերթական նամակը, որը պարունակում է փաստերի աղավաղում և սպառնալիք: Հարությունյանի հետ մեր հակամարտությունը սկսվել է 2013թ. ապրիլից: Պետ. կոմիտեն հայտարարել էր մրցույթ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ հիմնարար նախագծերի վերաբերյալ:

ՌԳԱ-ի ակադեմիկոս Ա.Ա. Բեռլինի հետ միասին` ներկայացրեցինք հիմնարար (ոչ կիրառական) թեմայով նախագիծ, համաձայն մրցույթի պահանջների (բնականաբար, պրակտիկ ներդրման կամ կոնկրետ տեխնոլոգիական մեթոդի մասին խոսք չկար և չէր կարող լինել): Մեր նախագիծը ֆինանսավորման չերաշխավորվեց: Անկեղծ ասած, նախագծի ֆինանսավորման հարցը տվյալ դեպքում առանցքային չէ, և գտնում ենք, որ այս հարցը նախագծի փորձաքննության կազմակերպիչների իրավասության սահմաններում է, ուստի մենք չենք բողոքարկել կամ նախագծի ֆինանսավորման որոշման վերանայում չենք պահանջել:

dramՄիայն նշել ենք փորձաքննության գործընթացի կոպիտ խախտումների մասին: Փորձագետը քննարկել է ոչ թե ներկայացված հիմնարար բնույթ ունեցող նախագիծը, այլ իրեն իրավունք է վերապահել գնահատել ղեկավարների` ՌԳԱ-ի ակադեմիկոս, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ա.Ա. Բեռլինի և իմ` ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ս.Պ.Դավթյանի գիտական մակարդակը:

Կարդացեք նաև

Փորձագետը, տեխնոլոգիական մեթոդի վերաբերյալ բացարձակ անգրագետ արտահայտություններից հետո, եզրակացությունն ավարտել է անհեթեթ և վիրավորական նախադասությամբ` «Ահա թե ինչով պետք է զբաղվեն նախագծի ղեկավարները»: Ո՞վ և ինչո՞ւ է տվել փորձագետին այդ իրավունքը: Այս հարցով, և Հարությունյանի կողմից փորձաքննության գործընթացի և էթիկայի նորմերի խախտումների կապակցությամբ մենք դիմել ենք տարբեր կառավարական ատյաններ` ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին և ՀՀ ԳԱԱ նախագահին: Զարմանալի է, որ մեր նամակներին ընդհանուր առմամբ պատասխանել է ինքը` Հարությունյանը:

Բարեբախտաբար, մի նամակը հասել էր ԿԳ նախարար պարոն Աշոտյանին, և նրա հրահանգով ՀՀ ԳԱԱ-ում իրավիճակը քննարկելու նպատակով ստեղծվեց հանձնաժողով: Հանձնաժողովը կատարեց փորձագետի յուրաքանչյուր արտահայտության մանրամասն վերլուծություն, որից հետո տվեց իր եզրակացությունը` «փորձագետի գնահատականներն իջեցված են և ոչ հիմնավորված, գիտական տերմինաբանության տեսակետից կոռեկտ չեն»: Մեզ զարմացրեց, որ լավ հասկանալով և նշելով փորձագետի գրախոսականի անգրագիտությունը, հանձնաժողովի անդամները տվեցին գիտական գնահատական, սակայն չշեշտեցին գործընթացային և էթիկայի նորմերի կոպիտ խախտումները: Մեզ վրդովվեցրեց Հարությունյանի պնդումը, որ փորձագետը գրագետ է և անաչառ (նա, հավանաբար, չէր բարեհաճել կարդալ փորձագետի գրախոսականի վերաբերյալ հանձնաժողովի վերլուծությունը, այլ կարդացել էր միայն ընդհանուր եզրակացությունը):

Մենք այդ մասին գրել էինք ՀՀ ԳԱԱ և այլ ատյաններ` կոչ անելով ուշադրություն դարձնել Հարությունյանի գործողությունների անպատժելիության և ամենաթողության վրա: Մեր բոլոր նամակների և դիմումների պատասխանը գալիս է Հարությունյանից: Ստացվում է կախարդական փակուղի… Մարդուն տրվել է անսահման իշխանություն` տնօրինել գիտության ֆինանսավորումը, և նա դա օգտագործում է իր հայեցողությամբ` դնելով բոլորին իրենից կախվածության մեջ: Մի՞թե կարելի է կենտրոնացնել այդպիսի հնարավորությունները և իշխանությունը մի մարդու ձեռքում:

Մեկ անգամ ևս ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել էթիկայի նորմերի խախտման վրա, որոնք թույլ է տալիս պարոն Հարությունյանը: Աջակցելով փորձագետի անգրագետ արտահայտություններին, նրան հնարավորություն է տալիս` անանուն, մնալով ստվերում` վիրավորել գիտնականների արժանապատվությունը:
Հարությունյանի վերջին նամակում առկա են սպառնալիքներ, հանձնաժողովի անդամների վերաբերյալ մեր արտահայտությունների աղավաղում, պիտակավորում (անհրաժեշտության դեպքում նամակը կարող ենք ներկայացնել):

Ցանկանում եմ նշել նաև, որ պարոն Հարությունյանը, մեր կողմից ՀՀ ԳԱԱ հանձնաժողովին ներկայացված փաստաթղթի վերաբերյալ հայտարարում է. «Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն ստեղծվել է` համաձայն ՀՀ Նախագահի 2007 թվ. փետրվարի 7-ին N ՆՀ-37-Ն հրահանգի, ուստի կոմիտեն չէր կարող հաստատել 1991թ. խորհրդային շրջանում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի և Ռուսաստանի ճարտարագիտական կենտրոնի միջև կնքված պայմանագիրը»: Փաստաթուղթը վերաբերում էր ներդրումային աշխատանքների ֆինանսավորմանը, որոնք իմ կողմից կատարվել են 1991թ. Հայաստանի և ՌԴ-ի հետ համատեղ: Ցավոք, մեկ անգամ ևս համոզվում ենք, որ Հարությունյանը ցուցաբերում է ոչ մասնագիտական և մակերեսային մոտեցում` անգամ իսկ Պետ. կոմիտեի պատմության հարցում:

Իմ աշխատանքների ֆինանսավորման փաստաթուղթը հաստատվել է ՀՀ Բարձրագույն Կրթության և գիտության պետական կոմիտեի կողմից համապատասխան կնիքներով, և բնօրինակը պահվում է ՀՊՃՀ-ում, համաձայն որի` 150.000 ռուբլի փոխանցվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ, ուր ես հրավերով տեղափոխվել եմ Չեռնոգոլովկայից` ինձ հետ բերելով գիտական սարքեր և սարքավորումներ: Փաստորեն, Հարությունյանն այս անգամ արդեն մեղադրում է ինձ փաստաթղթերի կեղծման մեջ:

Մենք արդեն գրել էինք մեր բաց նամակում, որ այն, ինչ կատարվեց մեր նախագծի հետ, ստացել է միջազգային արձագանք: Ակադեմիկոս Ա. Բեռլինը պատկանում է համաշխարհային անունով հանրաճանաչ գիտնականների թվին: 16 տարուց ի վեր նա ղեկավարում է ՌԴ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, որը ժամանակին ղեկավարում էր Նոբելյան մրցանակակիր Ն.Սեմյոնովը: ՀՀ ԳԱԱ «Քիմիական և երկրի մասին գիտության» բաժանմունքում դիտարկվել է ակադեմիկոս Բեռլինի պատվավոր անդամ ընտրվելու հարցը` Հայաստանի գիտության առջև ունեցած վաստակի համար: Ինչպե՞ս բացատրել ակադեմիկոս Բեռլինին, որ պարոն Հարությունյանը ոմն փորձագետի իրավունք է տվել գնահատել գիտնականի բազմամյա գիտական նվաճումները:

Նշենք, որ մեզ նույնպես դժվար է բացատրել այս իրավիճակը մեր ռուսաստանյան գործընկերներին, որոնց հետ 30 տարուց ի վեր աշխատել ենք Մոսկվայում և Չեռնոգոլովկայում: Չէ՞ որ նրանք ականատես էին մեր անձնազոհ նվիրվածությանը հայրենիքին և ցանկությանը` անվեհապահորեն ծառայել Հայաստանին: Հայաստանի համար ծանր տարիներին` 1991թվականին, թողնելով բարեկեցիկ կյանքը Ռուսաստանում, ՌԳԱ-ի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իմ ղեկավարած ուժեղ գիտական լաբորատորիան, գործընկերներին` վերադարձանք Հայաստան:

Մենք ցանկանում էինք օգտակար լինել մեր ժողովրդին, երկրին, որտեղ գիտելիքը և գիտական նվիրվածությունը պետք է որ պահանջված և գնահատված լինեն: Կարո՞ղ էինք մենք պատկերացնել, որ մեր գիտական նվաճումները կհերքվեն, կասկածի կենթարկվեն: Մենք անհարմար ենք զգում մեր արտասահմանյան գործընկերների և ընկերների առջև, որոնք ակամա վկա դարձան Հայաստանի գիտական ասպարեզում տիրող անօրինականություններին:

Մենք ուղղում ենք այս նամակը բոլոր ատյաններ` նույն հարցով` ո՞վ է թույլ տալիս այս անօրինականությունները, ո՞վ է կենտրոնացրել ամբողջ ֆինանսական և փորձաքննական գործունեությունը մի մարդու ձեռքերում: Ինչո՞ւ է մեր բոլոր դիմումներին և հայտարարություններին մշտապես պատասխանում ինքը` պարոն Հարությունյանը:

ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ,
ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ս.Պ.ԴԱՎԹՅԱՆ
Ք.գ.դ., պրոֆեսոր
Ա.Հ.ՏՈՆՈՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս