Հայաստանը փոքր երկիր է, որին Ռուսաստանն արդեն հասցրել է կուլ տալ

«Եվրոպական միության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) նախաստորագրման, հետագայում էլ` ստորագրման փոխարեն, Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի նախագահ Սարգսյանի որոշումն ակնհայտ հետքայլ է Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին, և, ինչն ավելի կարևոր է, հետընթաց է Հայաստանի մոդեռնիզացման և զարգացման առումով»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց Բրյուսելում գործող «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» (European Policy Centre) քաղաքական վերլուծաբան, Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի փորձագետ Ամանդա Փոլը: Նշենք, որ «Եվրոպական քաղաքականության կենտրոնը» հետազոտական կենտրոն է, որը հիմնականում զբաղվում է եվրոպական ինտեգրացիոն աշխատանքների հետ կապված ուսումնասիրություններով և վերլուծություններով:

Ա. Փոլը մեզ հետ զրույցում հայ-ռուսական հարաբերություններն այսպես բնութագրեց. «Ռուսաստանն անցկացրել է «կարմիր գիծ», որը Հայաստանը չի կարող հատել: Ուստի, կարելի է ասել` Հայաստանի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունների տրամաբանությունը հետևյալն է` Մոսկվան է թելադրում, թե որքան հեռու և որքան խորը կարող է Երևանը գնալ իր գործընկերների, այդ թվում` Եվրամիության հետ»:
Վերլուծաբանը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչ տնտեսական օգուտներ կարող էր Հայաստանը ստանալ` միանալով Եվրոպայի ազատ առևտրի գոտուն:

«ԽՀԱԱՀ-ին միանալը Հայաստանին թույլ կտար դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, այդ թվում` արտահանումը. դա հնարավորություն կտար ավելի թափանցիկ դարձնել տնտեսությունը և նվազեցնել կոռուպցիան` այդպիսով Հայաստանն ավելի գրավիչ դարձնելով ներդրումների համար: Դրանով նաև որոշակի աստիճանով կհավասարակշռվեին` Ռուսաստանի, և ավելի քիչ չափով` Իրանի գերիշխող դիրքերը Հայաստանի տնտեսության մեջ: Հայաստանը մուտք կգործեր եվրոպական շուկա, և ավելի շատ եվրոպական ապրանքներ Եվրոպայից կգային Հայաստան և` հակառակը:

Բացի այդ` համաձայնագրի ստորագրումը ենթադրում է տվյալ երկրի օրենքների և նորմերի ներդաշնակեցումը ԵՄ-ի հետ, որի շնորհիվ երկրի տնտեսության գլխավոր ոլորտները հավասարվում են ԵՄ-ի ստանդարտներին»,- ասաց Ա. Փոլը:
Նա ընդգծեց` ԽՀԱԱՀ-ն ստորագրելու դեպքում կվերացվեին մաքսատուրքերը և մյուս խոչընդոտները, ինչի արդյունքում ավելի շատ ապրանքներ և ծառայություններ հասանելի կդառնային հայ սպառողներին: Ամանդա Փոլի խոսքերով` միանալով Եվրոպայի ազատ առևտրի գոտուն` Երևանը միաժամանակ կարող էր Ռուսաստանի հետ ունենալ ազատ առևտրի համաձայնագիր և հիանալի առևտրային հարաբերություններ, բայց Ռուսաստանին կարծես թե նման լուծումը չի հետաքրքրում:
«Անձամբ ես չեմ տեսնում որևէ օգուտ, որը կարելի է ստանալ Մաքսային միությանը միանալուց: Հայաստանը փոքր երկիր է, որին Ռուսաստանն արդեն հասցրել է զգալի չափով կուլ տալ` Մոսկվայից ունեցած անվտանգության, էներգետիկ կախվածության և Հայաստանի տնտեսությունում ռուսական լայն փաթեթի շնորհիվ: Այս անդամակցությունն էլ ավելի է թուլացնում Հայաստանի ինքնիշխանությունը»,- ավելացրեց Ամանդա Փոլը:

Մեր հարցին, թե արդյոք Մաքսային միությունը և Եվրասիական տնտեսական միության նախագիծը միայն տնտեսական հարաբերությունների՞ն են վերաբերում, նա պատասխանեց այսպես. «Թեև Մաքսային միության և հետագայում ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության հիմնական բաղադրիչը տնտեսությունն է, բայց սկզբունքորեն դրանք քաղաքական նախագծեր են, որոնց նպատակը Ռուսաստանի տնտեսական և քաղաքական ազդեցության ամրապնդումն է այն տարածաշրջանում, որը Մոսկվան սիրում է անվանել «ազդեցության հատուկ գոտի»:

Ի տարբերություն ԵՄ-ի համաձայնագրերի` Մաքսային/Եվրասիական միությունն ավելի խորը ինտեգրացման աստիճան է նախատեսում, ինչը հարվածում է անդամ պետությունների, հատկապես` փոքր երկրների ինքնիշխանությանը»:
Մենք նաև խնդրեցինք անդրադառնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ստրասբուրգում արտահայտած մտքերին, որ Հայաստանն այժմ էլ պատրաստվում է մասնակցել վիլնյուսյան գագաթաժողովին և ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն` փոփոխված տարբերակով և առանց ԽՀԱԱՀ-ի:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել էր. «Մենք մասնակցելու ենք Վիլնյուսի գագաթաժողովին, և մեր ակնկալիքն է` մինչ այդ որոշակի փոփոխություններ մտցնել բանակցված փաստաթղթում և ամբողջովին պատրաստ ենք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»:

«Նախ` Հայաստանը երբեք, նույնիսկ սեպտեմբերի 3-ից առաջ, չի պատրաստվել Վիլնյուսում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Ավելի շուտ ծրագրվել է նախաստորագրել (ինչպես, ասենք, Վրաստանի և Մոլդովայի հետ), սրանք սկզբունքորեն տարբեր բաներ են: Հետևաբար, թեև Հայաստանը Արևելյան գործընկերության մյուս հինգ պետությունների հետ կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին, բայց նա չի ստորագրի Ասոցացման համաձայնագիր: Եվրոպական միության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերին Երևան կատարած այցի ժամանակ շատ հստակ ասաց այս մասին: Քանի որ ԽՀԱԱՀ-ն շատ է միաձուլված Ասոցացման համաձայնագրին, նոր փաստաթուղթ կազմելու համար ողջ պայմանագիրը պետք է բաժանվի և կրկին շարադրվի: Սա շատ երկար ժամանակ է պահանջում և չի կարող արագ կատարվել: Ամեն դեպքում` Հայաստանն ինչ-որ մի պահի նախաստորագրելու է Ասոցացման համաձայնագիրը»,- նշեց Ամանդա Փոլը՝ ավելացնելով,- Բայց այս վիճակը մի փոքր հիասթափեցնող է, որովհետև վերջին երկու տարիներին Երևանը բավական հաջող քայլեր էր արել ԵՄ-ի առաջադրած բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչը դրականորեն էր ընդունվել Բրյուսելի կողմից»:

Իսկ ի՞նչ կտա Ասոցացման պայմանագրի քաղաքական մասի ընդունումը`առանց տնտեսական բաժնի: Այս հարցին պատասխանելով` վերլուծաբանը շեշտեց` փաստաթղթի ամենակարևորը մասը տնտեսական բաժինն է` ԽՀԱԱՀ-ն, և այն փաստաթղթից հանելու դեպքում Ասոցացման համաձայնագրի նշանակությունը կնսեմացվի:

«Ասոցացման համաձայնագրի նպատակը ԵՄ-ի հետ քաղաքական ասոցիացումը խորացնելը և Հայաստանում եվրոպական արժեքների արմատավորմանն աջակցելն է: Առանց ԽՀԱԱՀ-ի` պայմանագրում մնում է ևս երկու գլուխ` համագործակցություն ԵՄ-ի հետ` 1) ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության, և 2) արդարադատության և ներքին գործերի հարցերում, և կա ևս մի գլուխ, որը ենթադրում է ոլորտային համագործակցություն, բայց ԽՀԱԱՀ-ն հանելով` համագործակցությունը զգալիորեն թուլանում է: Եթե Հայաստանն ուզում է շարունակել ստանալ ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը և վիզաների ազատականացումը, ապա պետք է իրականացնի ԵՄ-ի պահանջած բարեփոխումները»,- ասաց Ամանդա Փոլը:
Վերլուծաբանը չշրջանցեց նաև անվտանգության հարցը և դրա վերաբերյալ ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից բերվող փաստարկը:

«Հուսով եմ, որ Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը, որովհետև ընտրության փոքր հնարավորություն է ունեցել: Հայաստանը փոքր և մեկուսացված երկիր է, շրջափակված արդեն 25 տարի` հարևան Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով, իսկ Հայաստանի անվտանգությունն ամբողջովին կախված է Ռուսաստանից: Կարծում եմ` ավելի շատ հենց այս գործոնն է որոշիչ եղել, քան թե գազը կամ արտագնա աշխատողների գործոնը: Այսպիսով` Ռուսաստանի հաղթաթուղթը Ղարաբաղն է, որը նա կարող է օգտագործել Հայաստանի նկատմամբ իր նպատակին հասնելու համար»,- նշեց Ա. Փոլը:

Վերջում Ամանդա Փոլը կարծիք հայտնեց, որ Հայաստանը շարունակելու է մնալ Եվրոպայի հետաքրքրության շրջանակներում, քանի որ «Եվրոպան ցանկանում է ունենալ կայուն, անվտանգ և բարգավաճ հարևաններ, որոնք կիսում են եվրոպական արժեքները»:

«Եվրոպան նաև շահագրգռված է օգնելու Հայաստանի հասարակությանն այնպես, ինչպես Հայաստանի դերակատար ուժերն են ցանկանում երկրում հասնել դրական փոփոխությունների: Ուստի, այո՛, Հայաստանը շարունակում է հետաքրքրել ԵՄ-ին, և ԵՄ-ն ամեն ինչ կանի Երևանի հետ հարաբերությունները զարգացնելու և դրանք առավել արդյունավետ դարձնելու համար»,- նշեց բրյուսելյան կենտրոնի վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս