«Ձեռ չեն քաշում» «և-և»-ի քաղաքականությունից
Նույնիսկ Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունները շարունակում են պայքարել հանուն եվրաինտեգրման: Իշխանական շրջանակներում վստահեցնում են, որ, թեև Վիլնյուսում Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը, սակայն չի բացառվում, որ ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ինչ-որ համաձայնագիր: Հայաստանի իշխանությունները եվրոպացիներին փորձում են համոզել, որ եթե Եվրոպան ձեռքները լվանա Հայաստանից, ապա Հայաստանն ամբողջապես կկլանվի Ռուսաստանի կողմից:
Ըստ մեր աղբյուրների` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 3-ից հետո իր եվրոպացի գործընկերների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ փորձում է ներկայացնել այն գաղափարը, որ Հայաստանին պետք է հնարավորություն տալ չմեկուսանալ եվրոինտեգրացիոն գործընթացներից: Նալբանդյանի հիմնավորումը հետևյալն է. այո՛, Հայաստանը պատրաստվում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց ռուսական ճնշման տակ ստիպված եղավ հայտարարել Մաքսային միությանը միանալու մտադրության մասին:
Ճիշտ է, Ռուսաստանը ճնշումներ է բանեցնում նաև Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ, որոնք դիմադրում են այդ ճնշմանը, բայց, ի տարբերություն այդ երկրների, Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից, և Ռուսաստանն ավելի մեծ ազդեցության լծակներ ունի ազդելու Հայաստանի վրա, և Հայաստանը չդիմացավ ռուսական ճնշմանը, որովհետև ավելի շատ բան ուներ կորցնելու, քան Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրները: Ըստ այս տրամաբանության, եթե Եվրոպան սահմանափակի հարաբերությունները Հայաստանի հետ, կամ դրանք դարձնի զուտ արարողակարգային, ապա Ռուսաստանի ազդեցությունն ավելի կմեծանա, և Հայաստանը կհայտնվի Ռուսաստանից ավելի կախյալ վիճակում:
Ըստ մեր աղբյուրի` հենց նույն նպատակին է ուղղված եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա և հանդիպումը նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Սա, այսպես ասած, «և-և»-ի քաղաքականության շարունակության հերթական դրսևորումն է: Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել միանալ Մաքսային միությանը, սակայն ամեն կերպ փորձում են այնպես անել, որ հարաբերությունների որոշակի մակարդակ պահպանեն նաև եվրոպացիների հետ: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը չի ցանկանում, որ եվրոպացիները դադարեցնեն Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական օժանդակությունը, որը կարող է տեղի ունենալ Մաքսային միությանն անդամագրվելուց հետո:
Խնդիրը, սակայն, այն է, թե Հայաստանի այս քաղաքականությունից ինչ շահ կարող են ակնկալել եվրոպացիները, որոնք արդեն չորս տարի համոզված էին, որ իրենց հաջողվել է Հայաստանը պոկել Ռուսաստանից, բայց վերջին պահին համոզվեցին, թե որքան չարաչար են սխալվել: Ինչո՞ւ նրանք պետք է թույլ տան, որ Հայաստանի իշխանությունը հնարավորություն ունենա շարունակել նույն խաղը:
Հայաստանի իշխանությունը փորձում է եվրոպացիներին համոզել, թե իրենց շահն այն է, որ Հայաստանը վերջնականապես չի վերածվի ռուսական գաղութի, այնպիսին, ինչպիսին Աբխազիան կամ Հարավային Օսիան է: Բայց դարձյալ մեր ունեցած տեղեկություններով` եվրոպական դիվանագիտական շրջանակներն այնքան էլ ոգևորված չեն այդ գաղափարից: Եվրոպացի դիվանագետները ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ պնդում են, որ «և-և»-ի քաղաքականությունից շահում է միայն Հայաստանի իշխանությունը, և իրենց հռչակած սկզբունքը, որ հնարավոր չէ միաժամանակ մասնակցել երկու ինտեգրացիոն գործընթացներին, պետք է մնա անփոփոխ:
Հետաքրքիր է, որ Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ, ովքեր ունեն արևմտամետի համարում և միաժամանակ` հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, եվրոպացի դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ փորձում են առաջ մղել հենց իշխանության գիծը: Նրանք ևս պնդում են, որ պետք չէ շատ մեղադրել իշխանությանը, որը ենթարկվելով ռուսական ճնշումներին` ստիպված եղավ հայտարարել Մաքսային միությանը միանալու մտադրության մասին: Այսինքն` նրանք ևս կատարվածի համար մեղավոր են համարում ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի իշխանությանը, և գտնում են, որ, եթե ինչ-որ մեկը պետք է պատժվի, ապա դա Ռուսաստանն է:
Իհա՛րկե, եվրոպացիները հարաբերությունները չեն խզի Հայաստանի հետ և չեն փակի իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Երևանում` համարելով, որ Ռուսաստանում ունեցածն էլ բավարար է: Բայց որ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններըն այնպիսին չեն կարող լինել, ինչպիսին էին նախորդ հինգ տարիների ընթացքում, արդեն միանշանակ է: Այն, որ Հայաստանին չի հաջողվել իրականացնել «և-և»-ի քաղաքականությունը, պարզ կդառնա Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում, երբ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ներկայացուցիչները կստորագրեն կամ կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանն ավելի ուշ կստորագրի Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը: