Թուրքիան ու ԱՄՆ-ը կպայքարեն Պակիստանին հարվածային ուղղաթիռներ վաճառելու հարցում

Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը Պակիստանին առաջարկել է T129 հարվածային նոր ուղղաթիռներ, որոնք ստեղծվել են իտալական A129 Mangusta ուղղաթիռի բազայի հիման վրա: Ընդ որում, թուրք արտադրողները հուսով են Պակիստանում ծավալել այդ ուղղաթիռների արտադրություն, որոնք կփոխարինեն պակիստանյան հնացած AH-1F Modernized Cobra ուղղաթիռներին:

Սակայն ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ Թուրքիայի պլանը կարող է փչացնել ԱՄՆ-ի կողմից հակազդեցությունը: 2013 թվականի սեպտեմբերի կեսին Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆն այցելել էր Թուրքիա, ուր նրան առաջարկել էին T129 տիպի 3 ուղղաթիռի և ավելի քան 2300 անուն ավիապահեստամասերի անվճար մատակարարում:

2009 թվականին Թուրքիան նման սխեմայով Պակիստանին վաճառել է 155 միլիմետր տրամաչափի MKEK Panther հաուբիցներ: Այսօր դրանք լիցենզիայով արտադրում է պակիստանյան Heavy Industries Taxila ձեռնարկությունը:

Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ իրենք հնարավորություն ունեն մեծ քանակությամբ T129 հարվածային ուղղաթիռներ Պակիստանին վաճառելու համար՝ չնայած այդ մեքենայի հարվածային տարբերակը դեռ պատրաստ չէ: Ներկայումս T129-ը գոյություն ունի 2 տարբերակով՝ T129A և T129B:

Առաջինն օգտագործվում է թռիչքային փորձարկումների համար, իսկ երկրորդի մշակումը դեռ ավարտված չէ, այն լինելու է հարվածային՝ A129-ի բազայի հիման վրա: Թուրքական մշակման ուղղաթիռների վրա տեղադրվում են ամերիկյան արտադրության LHTEC CTS800-4N շարժիչներ:

Այլ երկրներ հարվածային ուղղաթիռներ արտահանելու համար Թուրքիան հարկադրված է ստանալ ԱՄՆ-ի թույլտվությունը: Թուրքիայում Ավստրալիայի նախկին ռազմական կցորդ Բրայան Կլաֆիլիի խոսքերով՝ Սպիտակ տունը, ամենայն հավանականությամբ, չի տա այդպիսի թույլտվություն: Դրա պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ-ն ինքն է մտադիր Պակիստանին վաճառել սեփական արտադրության AH-1Z Viper հարվածային ուղղաթիռներ:

Բացի այդ, ԱՄՆ-ը կանոնավորապես ֆինանսական օգնություն է ցուցաբերում Պակիստանին, որը վերջինս չի կարող ծառայեցնել ռազմական նպատակների: 2013-2014 ֆինանսական տարում ռազմական օգնության ծավալը կազմում է 300 միլիոն դոլար: Պակիստանն այդ գումարով մասնավորապես կարող է գնել AH-1Z:

Տեսանյութեր

Լրահոս