Հայաստանում տեղական հումքով դեղեր արտադրող միակ հիմնարկությունը դեղ արտադրել չի կարողանում
Հայաստանում տեղական հումքով դեղ արտադրող միակ հիմնարկը`Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը 2013 թվականի հունվարից սկսած այլևս դեղ չի կարողանում արտադրել: Այս ամենի պատճառը, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանը, ՀՀ կառավարության որոշումն է, համաձայն որի` 2013 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղագործական ընկերությունները պետք է անցնեն եվրոպական CPM (Good Manufacturing Practice-Պատշաճ արտադրական գործունեություն) չափանիշների հավաստագրման գործընթացը:
Այս չափանիշների ներդրման միջոցով կառավարությունը նպատակ ունի ապահովել հայկական արտադրության դեղերի որակն ու անվտանգությունը և հայկական արտադրության դեղերն ավելի մրցունակ դարձնել եվրոպական և ասիական շուկաներում: Սակայն ստացվել է այնպես, որ պետության որոշումը, փաստորեն, խոչընդոտում է պետական հիմնարկի գործունեությանը:
«Ես իրավունք չունեմ վատ արտադրանք տալու, որովհետև ես կոշիկ կամ ժամացույց չեմ սարքում, գլխարկ չեմ կարում և շատ լավ գիտակցում եմ, որ սա շատ պատասխանատու գործ է, այստեղ ամեն մի չնչին բանը շատ կարևոր է, քանի որ ես պարզապես իրավունք չունեմ ուրիշի առողջությանը վնասելու»,- ասաց Վ. Թոփուզյանը` նշելով, որ իրենք անում են հնարավոր ամեն բան, որպեսզի իրենց արտադրանքը որակյալ լինի:
Ըստ Վ. Թոփուզյանի` իր ղեկավարած գիտական կառույցը տարիներ շարունակ դեղեր է արտադրել և որևէ բողոք չի ստացել, անգամ, երբ ամբողջ Խորհրդային Միությունն էր օգտագործում իրենց ստեղծած դեղերը: Անկախություն ձեռք բերելուց հետո իրենց հաջողվել էր վերսկսել դեղերի արտադրությունը, որոնք, ըստ նրա` մեծ պահանջարկ ունեին ոչ միայն Հայաստանում. դրանք արտահանում էին նաև Ուկրաինա և Բելառուս, սակայն այժմ դեղ արտադրել չեն կարողանում:
«Իհարկե, համաձայն եմ, որ իմ արտադրությունը GPM չափանիշներով չէ, բայց պետական ենք, աջակցեք…»,- դիմելով ՀՀ կառավարությանը` ասաց Վ.Թոփուզյանը` հավելելով, թե այդ չափանիշներն ապահովելու համար տարիներ են անհրաժեշտ, քանի որ դրա համար լուրջ գումարներ են պետք:
«Ինձ ասում են` սեփականացրեք, այդ ժամանակ ներդրող կլինի: Է, եղբայր, այս երկրում մի բան պետական պետք է մնա, չէ՞, չի կարելի, չէ՞, ամեն ինչը սեփականացնել: Երբ բողոքում ես այս որոշման դեմ, ասում են` ի՞նչ է` դե՞մ ես լավ պայմաններով արտադրություն ստեղծելուն: Այսինքն` այնպիսի բան ես ասում, որ ձայնս կտրեմ: Մինչդեռ, իհարկե. առաջին հերթին՝ ես եմ ուզում ստեղծել նման պայմաններ, ու դրա համար մեր ստացված եկամուտները հենց այդ նպատակին ենք ուղղում, սակայն այդ ամենի համար ժամանակ է պետք»,- ասաց Վ.Թոփուզյանը:
Նրա խոսքով`Հայաստանում գործող բոլոր դեղագործական ընկերությունները դրսից են բերում փոշին և նյութը և դարձնում են, օրինակ. դեղահաբ և վաճառում, մինչդեռ իրենց առավելություններից է նաև այն, որ դեղահումքն իրենք են ստեղծում:
Դեղերի շուկայում փողերի, մրցակցության, ՀՀ էկոնոմիկայի նախարարի` տեղական հումքով դեղ արտադրողի մասին անտեղյակ լինելու վերաբերյալ մանրամասների վերաբերյալ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի առաջիկա համարում: