Ո՞վ կփոխարինի Վահան Հովհաննիսյանին

Ո՞վ կփոխարինի Վահան Հովհանիսյանին ՀՅԴ խմբակցությունում, նրա՝ Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակվելու դեպքում: Համամասնական ցուցակով հաջորդը գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն է, սակայն ՀՅԴ-ում տեսակետ կա, որ խմբակցությունում պետք է լինի կին պատգամավոր: ՀՅԴ համամասնական ցուցակում 11-րդ համարն ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանն է, և որպեսզի նա դառնա պատգամավոր, պետք է նրանից առաջ գտնվողներն ինքնաբացարկի դիմում ներկայացնեն:

ՀՅԴ-ականները որպես Ռուզան Առաքելյանի պատգամավոր դառնալու հիմնավորում են ներկայացնում այն հանգամանքը, որ նա Հայաստանի առաջին ՀՅԴ-ականներից է և ավելի մեծ կուսակցական ստաժ ունի, քան բազմաթիվ ճանաչված դաշնակցականներ: Բայց եթե ՀՅԴ-ում իսկապես որոշում կայացվի, որ խմբակցությունը պետք է համալրել կին պատգամավորով, ապա պայքարի մեջ կարող է մտնել 20-րդ հորիզոնականում գտնվող Լիլիթ Գալստյանը:

Ճիշտ է, նա չի կարող հպարտանալ Ռուզան Առաքելյանի ունեցած կուսակցական ստաժով, սակայն նա էլ իր պատգամավորության շրջանում աչքի է ընկել ակտիվ գործունեությամբ: Հատկապես, որ մեր տեղեկություններով` Վահան Հովհանիսյանն ամենևին դեմ չէր լինի իր պատգամավորական մանդատը զիջել հենց Լիլիթ Գալստյանին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս