Ալաշկերտի ծորակներից աղի ջուր է գալիս. բնակիչները մեկ դույլ մաքուր ջուրը գնում են 100 դրամով
Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի բնակիչներից շատերը չեն հիշում, թե երբ են վերջին անգամ ծորակից ջուր խմել: Ջուրն աղի է` խմել չի լինում. ստիպված շաբաթական երկու անգամ գյուղ այցելող ցիստեռնից ջուր են գնում` դույլը հարյուր դրամով:
Գյուղացիներն այս վիճակից հոգնել են, տարիներ շարունակ ծորակից արտեզյան ջուր է եկել: Անզեն աչքով էլ նկատելի է, որ ջուրը պղտոր է: Բաժակի մեջ աղի պարունակությունը մի քանի վայրկյան անց նստվածք է տալիս:
«Էդ ջուրը խմել չի լինում, անհնար ա, ոնց որ աղաջուր խմես»,- ասում են գյուղացիները` հավելելով, որ իրենց հոգսերի հետ խմելու ջուր գնելն է դարձել է լուրջ խնդիր:
«Մենք երկու անգամ ենք ջրի վարձ տալիս: Ծորակի ջրից մաքրություն ու լվացք ենք անում, իսկ գնված ջուրը նախատեսված է խմելու և ճաշ պատրաստելու համար: Ամսական երևի 10.000 դրամ ջրի համար ենք վճարում»,- ասում է տիկին Ծովինարը:
Գյուղացիների մեծ մասը ջրային վերջին թունավորումներից ավելի է անհանգստացել: «Ծաղկալանջում ջրային թունավորում էր եղել, ի՞նչ իմանանք, էս ջրից մի օր մենք էլ կթունավորվենք: Ջուրն անտանելի աղի է, զզվելի»,- ասում է նա:
Գյուղացիների այս դժգոհությունը չի կիսում գյուղապետ Կարեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ջուրը նորմալ է, ոչ մի շեղում չկա, ու գյուղացիների բողոքն արդարացի չէ: «Ես կարամ մենակ մի բան ասեմ` ամեն ամիս սանիպեդկայանից գալիս են, ջրից նմուշ են վերցնում, ստուգում ու ասում, որ ջրի հետ կապված ամեն ինչ նորմալ ա»,- ասում է գյուղապետը` վստահեցնելով, որ իր ընտանիքը երբեք «ցիստեռնից» ջուր չի գնում և օգտվում է ծորակի ջրից:
«Եթե ջրի հետ կապված խնդիրներ չկան, ինչո՞ւ են գյուղացիները ջուրը գնում» հարցին գյուղապետը պատասխանեց. «Ես էդ հարցին չեմ կարա պատասխանեմ, կարամ ասեմ մի բան. նորմալ արտեզյան ջուր ա գալիս, ու ոչ մի խնդիր էլ չկա: Կարող ա մարդիկ հարստացել են, ուզում են այլ համով ջուր գնեն, ես չեմ կարա բացատրություն տամ»,- ասում է Հովհաննիսյանը` միաժամանակ շեշտելով, որ գյուղում աշխատատեղեր գրեթե չկան, ու շատերն են անգործության մատնված:
Զարմանալի է, որ աշխատանք չունեցող, հետևաբար` սուղ եկամուտներ ունեցող գյուղացին իրեն շռայլություն է թույլ տալիս ու «տարբեր համերի» ջուր գնում: Բացի դրանից՝ ջուրը մեկ համ ունի. նորմալ ջուրը չպետք է աղի նստվածք տա:
Ջրի խնդիրը գյուղապետը լուրջ հարց չի համարում ու թվում է` գյուղի օրակարգային հարցերը. մշակույթի շենքը վատ վիճակում է, գյուղապետարանի տանիքը պետք է կառուցվի, մանկապարտեզը նորոգման կարիք ունի, սակայն գյուղապետարանի բյուջեով դրանք նորոգել հնարավոր չէ: