Բաժիններ՝

«Հաջողության հասնելու համար շատ կարևոր է, որ սիրես այն մասնագիտությունը, որն ընտրում ես»

«Սինոփսիս Արմենիա» ընկերության հանրության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը վերջերս Պեկին կատարած այցի ժամանակ զրուցել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Լան Չենի հետ: Պրոֆեսոր Լան Չենը նաև Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային օլիմպիադայի կոմիտեի անդամ է:

– Պրոֆեսոր Լան Չեն, կարո՞ղ եք կիսվել Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային օլիմպիադայի մասին Ձեր տպավորություններով:

– Անցյալ տարի հոկտեմբերին ես պատիվ ունեցա ներկա գտնվելու Երևանում կայացած Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան թվով 7-րդ միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին և շատ տպավորված էի օլիմպիադայի կազմակերպման մակարդակով, և որ այդքան շատ տաղանդավոր ուսանողներ 14 տարբեր երկրներից մրցում էին միմյանց հետ: Անցյալ տարի առաջին անգամ Չինաստանը մասնակցեց օլիմպիադային, և մեր մասնակիցը նվաճեց առաջին մրցանակը, և քանի որ մենք բազում տաղանդավոր ուսանողներ ունենք Չինաստանում, ուստի որոշեցինք այս տարի ևս մասնակցել օլիմպիադային:

– Անցյալ տարվա հայաստանյան օլիմպիադայի հաղթող Տիանյու Ման Չինաստանի գիտությունների ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի ուսանող էր: Ձեզ զարմացրե՞ց նման արդյունքը: Այսինքն` այն, որ այդպիսի ներկայացուցչական և բարդ մրցույթում նա լավագույնը ճանաչվեց 12 երկրների 418 մասնակիցների մեջ:

Կարդացեք նաև

– Ոչ, բոլորովին (ժպտում է.- Գ.Մ.): Իրականում Տիանյու Ման իմ ասպիրանտն է, և ես անչափ ուրախ էի, որ նա առաջին տեղը գրավեց, սակայն բնավ զարմացած չէի, քանի որ նա իմ ամենատաղանդավոր ուսանողներից է: Մեր ինստիտուտը համագործակցում է «Սինոփսիս» ընկերության հետ, ինչի շնորհիվ մենք ասպիրանտների համար ունենք գերզարգացած Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) միջավայր: Օլիմպիադայի ժամանակ առաջադրվող խնդիրները հիմնականում ունեն գործնական բնույթ, և այդ խնդիրների լուծման համար ուսանողը տեսական գիտելիքների հետ միասին պետք է ունենա նաև գործնական հմտություններ: Մեր կենտրոնում Տիանյու Մայի ձեռք բերած մեծ փորձը լիովին համապատախանում էր օլիմպիադայի պահանջներին: Այնպես որ, կարծում եմ՝ դա է հիմնական պատճառը, որ նա հաղթող ճանաչվեց:

– Այս տարի Չինաստանի գիտությունների ակադեմիան Հայաստանի օրինակով որոշեց հիմնել Միկրոէլեկտրոնիկայի չինաստանյան օլիմպիադա, որը, փաստորեն, առաջին անգամ տեղի ունեցավ այս տարվա մայիսին: Քանի՞ համալսարան ու կազմակերպություն մասնակցեց Միկրոէլեկտրոնիկայի չինաստանյան առաջին օլիմպիադային:

– Այս տարի մենք ունեինք ավելի քան 80 ուսանող՝ 24 համալսարաններից և Չինաստանի գիտությունների ակադեմիայի Միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտից, մրցակցությունը բավական մեծ էր: Մասնակիցների մի մասը ժամանել էին հարևան քաղաքներից: Մենք հատուկ ավտոբուսներ էինք վարձել նրանց տեղափոխումը Պեկին կազմակերպելու համար:

– Ի՞նչ դեր ունեն նման մրցույթները և ինչպե՞ս եք տեսնում համագործակցությունը «Սինոփսիս Արմենիա»-ի հետ ապագայում:

– Կարծում եմ՝ դա Օլիմպիադայի մասնակիցների համար կրթական փորձ և գաղափարներ փոխանակելու շատ լավ առիթ է, հատկապես այն պատճառով, որ նրանք տարբեր բուհերից և տարբեր երկրներից են: Մրցույթն, ինքնին, երկրորդական բնույթ ունի: Ամենակարևորն այն է, որ նրանք հնարավորություն են ստանում կիսվել իրենց գիտելիքներով և գաղափարներով ու սովորել միմյանցից: Մենք ուզում ենք, որ ավելի շատ մարդիկ տեղեկանան օլիմպիադայի մասին, և ավելի մեծ մասնակցություն ունենանք, քանի որ այն պատուհան կբացի դեպի այլ երկրներ:

– Կարո՞ղ եք փոքր-ինչ պատմել Չինաստանի գիտությունների ակադեմիայի մասին: Ի՞նչ դեր ունի այն երիտասարդ մասնագետներ կրթելու գործում: Ի՞նչ կասեք Չինաստանի գիտությունների ակադեմիայի և «Սինոփսիս»-ի համագործակցության մասին:

– Չինաստանի գիտությունների ակադեմիայի կարևորագույն դերակատարումներից է հետազոտողների և ասպիրանտների կրթումը: Այն հրաշալի հարթակ է տրամադրում գիտական և հետազոտական աշխատանքների իրականացման համար, քանի որ ուսանողները հնարավորություն ունեն աշխատելու տարբեր գիտական և արդյունաբերական նշանակություն ունեցող նախագծերի վրա: Կարծում եմ, դա հաջող և փոխշահավետ համագործակցություն է:

Մենք արդեն ավելի քան 10 տարի համագործակցում ենք «Սինոփսիս»-ի հետ: Այն բազմաթիվ տեխնոլոգիական ռեսուրսներ և ուսումնական համապարփակ նյութեր է տրամադրում Չինաստանի գիտությունների ակադեմիայի ուսանողների և դասախոսների համար, իսկ դրա արդյունքում ավելի ու ավելի շատ ուսանողներ ծանոթանում են «Սինոփսիս»-ի ծրագրային, գործիքային միջոցներին: Իմ ուսանողներից երկուսը ներկայումս աշխատում են «Սինոփսիս»-ի գիտահետազոտական կենտրոնում:

– Միկրոէլեկտրոնիկան տեխնոլոգիական ոլորտ է, ինչպե՞ս Դուք որոշեցիք ընտրել այս մասնագիտությունը:

– Ես մանկուց սիրում եմ մաթեմատիկան: Երբ մեծացա՝ միկրոէլեկտրոնիկան աշխարհում մեծ ներուժ ունեցող և լայն տարածում ստացած արդյունաբերություն էր դարձել: Կարևոր է լսել սրտի կանչը և ընտրել այն մասնագիտությունը, որը սիրում եք: Հաջողության հասնելու համար շատ կարևոր է, որ սիրես այն մասնագիտությունը, որն ընտրում ես:

– Անցյալ տարի այցելեցիք Հայաստան, ինչպես նաև «Սինոփսիս Արմենիա»-ի գիտահետազոտական կենտրոն և ուսումնական դեպարտամենտ: Կկիսվե՞ք Ձեր տպավորություններով:

– Տպավորություններս շատ են: Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, մարդիկ այնքան բարեհամբույր են: Ես շատ տպավորված էի, որ 14 երկրներից ուսանողներ մասնակցում էին օլիմպիադայի երկրորդ փուլին: Ինձ համար շատ հետաքրքիր էր զրուցել ուսանողների հետ իրենց կրթական ծրագրերի և համալսարանների մասին: Օլիմպիադան շատ լավ էր կազմակերպված, «Սինսփսիս Արմենիան» իսկապես տարբեր հիանալի նախաձեռնություններ ունի, և ես շատ կուզենայի, որ մենք ևս Չինաստանում դրանք ունենայինք:

Հ.Գ. Այս տարի հոկտեմբերին Երևանում տեղի կունենա Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա 8-րդ միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն 23 երկրներից ուսանողներ և երիտասարդ մասնագետներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս