Տավուշի մարզի գյուղացիական տնտեսություններին բաշխվել է 130 տոննա ցորենի սերմացու
Հայաստանի Հանրապետությունում 2010-2014թթ. սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում, ՀՀ կառավարության որոշմամբ, 2013 թվականի աշնանը Տավուշի մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 300 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու, որից մինչ օրս մարզ է ներկրվել և համայնքներին բաշխվել շուրջ 130 տոննան:
Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության բաժնի փոխանցմամբ` ներկրման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ընթացքի մեջ են նաև համայնքների կողմից ստացված դիզվառելիքի դիմաց վճարման և մնացած դիզվառելիքը համայնքներ ներկրելու աշխատանքները:
Շարունակվում են պայմանագրով 2012 թվականի աշնանը մարզին հատկացված 250 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի գումարների հետվերադարձման աշխատանքները:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի փոխանցմամբ` կառավարության կողմից տրամադրվող սերմացուն, պարարտանյութն ու դիզվառելիքը մարզում վարելահողերի աճ են գրանցել, ինչի արդյունքը մշակվող հողակտորների ավելացումն է: Այս ամենի հետ մեկտեղ` մարզի գյուղատնտեսության, մասնավորապես հողագործության ոլորտը դեռևս մի շարք խնդիրներ ունի, որոնցից առաջնահերթը մարզում ոռոգման համակարգերի ու հակակարտային կայանների բացակայությունն է, ինչպես նաև շատ համայնքների՝ հակառակորդի գնդակի տակ գտնվելը: