Ո՞վ ավելի ուժեղացավ Հայաստանում. Արևմո՞ւտքը, թե՞ Ռուսաստանը
«Սա սկիզբն է նոր պատերազմի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` խոսելով Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության մասին: Ըստ նրա` այս նոր զարգացումը կբերի Հայաստանում Արևմուտքի և Ռուսաստանի նոր առճակատման:
«Դժվար էր պատկերացնել, թե ինչպես էին Հայաստանի ողջ պետական քարոզչությունը և բոլոր պետական այրերի ելույթները վերջին 3-4 տարիներին նվիրվում նրան, թե ինչպես ենք գնում դեպի Եվրամիություն, և մեկ էլ Հայաստանը փոխեց տեսակետը մեկ օրվա մեջ և պարզվեց` ամբողջ այդ 3-4 տարիներին մենք երազել ենք Մաքսային միության մասին, պարզապես թաքցրել ենք: Ուրեմն դա եղել է կոշտ ազդեցության ներքո: Սա առաջինը: Երկրորդը` այն ինչ կատարվում է այդ հարթության մեջ, միայն տեսքով է տնտեսական, հարցի իրական խորքային էությունը աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և քաղաքական է, և ոչ մի կողմ զիջել չի ուզում»,- նշեց Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքերով` Մաքսային միություն մտնելու հարցում Ռուսաստանի ճնշումը Հայաստանի վրա անսպասելի էր հայաստանյան քաղաքական դաշտի համար, սակայն անսպասելի չէր Արևմուտքի, առաջին հերթին` Միացյալ Նահանգների համար, որն, ըստ նրա, « արդեն բազմաթիվ տարիներ տեր ու տիրական են Հայաստանում»:
«Հայաստանի ողջ պետական ապարատը գտնվում է անթաքույց ազդեցության տակ, այսինքն` դա,փաստորեն, ԱՄՆ-ի պատկանելիությունն է, քան Հայաստանի, և այդ պետական ապարատը ոչ մի քայլ չի կատարի ԱՄՆ-ի կամքին հակառակ: Այն, որ ստորագրվել է, եղել է Միացյալ Նահանգների որոշումը, այսինքն` Հայաստանի իշխանությունը չէր կարող ասել «ոչ» այդպիսի ազդեցության տակ…Միացյալ Նահանգները որոշել են, որ Հայաստանը պետք է գնա այնտեղ, բայց եթե այդ կամքի կատարումը կարող էր բերել Ռուսաստանի կողմից շատ լուրջ հակահարվածի, այսինքն` այստեղ կարող էին լինել խոշորագույն ընդվզումներ, իշխանությունից կզրկեին գոյություն ունեցող բարձրագույն իշխանությանը, իսկ հետո կոչնչացնեին ամբողջ ապարատը… սա թույլ չտալու համար կայացվեց այդ որոշումը, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ստորագրի այդ պայմանագիրը (խոսքը Մաքսային միության մասին է,-Ա.Ս.) նման պայմաններում: Բայց պայքարն ավարտված չէ, հիմա գնալու է ուժերի կուտակում, մշակվելու են նոր մեթոդներ` ինչպես կռվել»,- կարծիք հայտնեց Աշոտ Մանուչարյանը:
Եթե ԱՄՆ-ի ազդեցությունն իրոք այդքան մեծ է Հայաստանում, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը, բացառությամբ մեկ-երկու կուսակցությունների և անհատների, որևէ կերպ հանդես չեկավ Մաքսային միությանն անդամակցելու դեմ, սա ինչի՞ մասին է խոսում:
Մեր այս հարցադրմանը Աշոտ Մանուչարյանն այսպես պատասխանեց. «Ոչ միայն դեմ դուրս չեկան, ես կարող եմ ասել ուժերի մասին, որոնք կողմ արտահայտվեցին. ասենք` Հանրապետական կուսակցությունն ամբողջությամբ կողմ է խոսում Մաքսային միությանը, երկու օր առաջ ամբողջությամ դեմ էր խոսում: Այնպես որ, պետք է հասկանալ հետևյալ բանը` ուժերը չպետք է հարվածի տակ դրվեն, նրանք պետք է պահպանվեն, այսինքն` այդ նույն կարգն է, այդ պայմանը պարտադիր է: Քաղաքական և հատկապես կառավարման համակարգում լուծվում է մի հարց` պահպանելու Արևմուտքի ազդեցությունը, որը համարյա տոտալ է»: