Բաժիններ՝

Քաղաքականապես ռուսները

Տնտեսության մասին գրող լրագրողների համար դժվար ժամանակներ են: Գլխավոր խմբագիրներից սկսած մինչև պատահական ծանոթները` նրանց նույն հարցն են տալիս: Բոլորին Մաքսային միություն կոչվածն է հետաքրքրում: Այն նույն Մաքսային միությունը, որին անդամագրվելու փաստն արդեն բոլորի համար հաստատ Է: Անսպասելի էր, բայց արդեն` հաստատ: Բոլորին ապագան ու հետևանքներն են հետաքրքրում: Փաստի հրապարակային վերլուծություն համարյա չի եղել: Եղածն էլ բացառապես քաղաքական է: Քաղաքական է ու բավական տարօրինակ: Որովհետև հրապարակային հնչող բոլոր կարծիքները, որպես կանոն-բացասական են: 19-րդ դարի երկրորդ կեսի հայ մշակույթի գործիչներից մեկն հայտարարում էր, որ «Մենք` հայերս, քաղաքականապես ռուս ենք»: Ժամանակի հետ ինչ-որ բան է փոխվել: Որովհետև Մաքսային միությանն անդամակցելու մասին քաղաքական վերլուծություններում բոլորը խոսում են պարտադրանքի, ինքնիշխանության կորստի ու նման բաների մասին: Իսկ տնտեսական վերլուծությունների բացակայությունը բացատրվում է տեղեկատվության պակասով: Մեր տնտեսությունը վերլուծող փորձագետների ճնշող մեծամասնությունը բացարձակապես տեղյակ չէ ռուսական տնտեսական ու հատկապես մաքսային օրենսդության մանրամասաներին: Հետևաբար, արված սակավաթիվ վերլուծությունները, որպես կանոն, տեսական են:

Օրինակ` ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կանխատեսեց, որ Մաքսային միության կազմում հայտնվելուց հետո մի քանի անգամ կթանկանան Հայաստանում վաճառվող ավտոմեքենաների գները: Պատճառը խիստ պարզ է` Ռուսաստանը սեփական ավտոմոբիլաշինություն ունի: ՌԴ տարածքում ավտոմեքենաշինական շատ հսկաներ`«Մերսեդեսը», «Ռենոն» և այլ ընկերություններ մասնաճյուղեր ունեն: Հետևաբար, սեփական արտադրողին պաշտպանելու տեսանկյունից ՌԴ-ն ավտոմեքենաների ներկրման բարձր մաքսատուրք է սահմանել: Ուստի միացյալ մաքսային սահման ունեցող գործընկեր Հայաստանին կպարտադրի գործող մաքսատուրքը մոտեցնել իրենին: Ու կարծես վերջ: Բայց նույն տրամաբանությամբ կարելի է շարունակել:

Շարունակել ու ասել, որ մեր արտաքին տնտեսական հարաբերությունների երեք քառորդը բաժին է ընկնում ներմուծումներին: Հետևաբար, բոլոր ներմուծվող ապրանքների գները, որոնք ՌԴ արտադրության համարժեք ապրանքներից էժան են, կընկնեն լրացուցիչ մաքսի տակ: Իսկ նման ապրանքները քիչ չեն: Առաջինը հավանաբար կթանկանա շինանյութը: Թուրքիայից, Իրանից, Ուկրաինայից ներկրվող շինանյութն ավելի էժան է, քան ռուսական արտադրանքը: ՌԴ-ն ուկրաինական էժան ամրանների մուտքը միասնական մաքսային ընդհանուր տարածք բացառելու նպատակով մեր իշխանություններին կպարտադրի բարձր մաքսատուրք գանձել: Այլապես` փաստաթղթերով Հայասատանի համար ներկրվող ամրանները կհայտնվեն Ռուսաստանում: Նույն տրամաբանությամբ, հավանաբար կարելի է նաև սննդամթերքի հսկայական տեսականու, հագուստի ու այլ ապրանքերի մասին գնաճի կանխատեսում անել: Բայց այսօրվանից սուգ ու շիվար դնելու կարիք չկա: Նախ այն պատճառով, որ Մաքսային միություն ստեղծելու փորձը նորություն չէ: Մեզանից առաջ դրան Բելառուսն ու Ղազախստանն են անդամակցել: Անդամակցել ու փառահեղորեն շարունակում են ընդհանուր լեզու չգտնել: Ռուս-բելառուսական տնտեսական պատերազմի արդի էտապի համարժեքը համաշխարհային տնտեսության պատմության մեջ դժվար է գտնելը: Մյուս կողմից` քիչ չեն այն փորձագետները, ում կարծիքով` Ռուսաստանը չի հաջողի մինչև վերջ կայացնել այս կառույցը:

Նրանք կարծում են, որ մեր իշխանությունները, ավելի ստույգ` ՀՀ նախագահը ճիշտ է արել ՌԴ հետ համաձայնելով` պետք չէ հակադրվել ռազմավարական լուրջ գործընկերոջը: Միությունը միևնույն է` պատմական ապագա չունի: Դա ժամանակի հետ կապացուցվի: Բայց սրանք քաղաքական ոլորտի կանխատեսումներ են: Իրականությունն այն է, որ ոչ պետական կառույցներում ընդգրկված, ոչ անկախ փորձագետի կարգավիճակ ունեցող տնտեսագետները չեն վերլուծել Բելառուսի ու Ղազախստանի փորձը: Դժվար թե որևէ մեկը գիտի այդ երկրների տնտեսական օրենսդրությունն ընդհանրապես և մաքսայինը` մասնավորապես:

Հետևաբար պարզ չէ` այդ երկրները սեփական մաքսային քաղաքականություն ունեն, թե՞ այն ամբողջապես օտարել են «Մաքսային միություն» կոչված վերպետական կառույցին: Բայց այն փաստը, որ Հայաստանում այս երկրների փորձն ու օրենսդրության փոփոխությունները չեն ուսումնասիրվել, չի նշանակում, թե ուրիշներն էլ չեն ուսումնասիրել: Ուրիշ ասածն ինքնին հասկանալի է, որ արևմտյան տնտեսական կառույցներն են: Բայց նրանցից վերլուծություններ խնդրելու փորձը, կարծես, բաց թողեցինք: Հիմա այն ինքնուրույն պիտի կատարենք: Մյուս կողմից` իհարկե դժվար է որևէ դեպք հիշել, որ մեր իշխանությունների գործունեությունը որևէ ուսումնասիրության կամ ծրագրի վրա է հենված: Որ նման բան ունենային, դժվար թե խարխափելով կառավարեին երկիր ու տնտեսություն:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս