Ի՞նչ փոփոխություն կկրի Հայաստանի արտահանումը Մաքսային միությանն անդամակցելուց հետո
Այն, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը «քաղաքական» է եղել, ոչ ոք չի վիճարկում: Եթե Արցախի անվտանգության վերաբերյալ փաստարկն անվերապահորեն ընդունենք, ապա միանշանակ է, որ տնտեսական առումով Հայաստանը զգալի հետընթաց է ապրելու, կամ չի ապահովվելու այն զարգացումը, որը երաշխավորված էր Եվրամիության հետ հարաբերությունների խորացման դեպքում: Նախքան քաղաքական կուրսի այս կտրուկ շրջադարձը, տնտեսության որակական փոփոխությունների ապագայի մասին բազմիցս տարբեր մակարդակներով հայտարարել են նաև ՀՀ պետական այրերը:
Տնտեսության զարգացման գլխավոր շարժիչ ուժը արտահանումն է: Ներկայումս, երբ դեպի ԵՄ մեր երկրի արտահանման հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործվում, մասնավորապես սննդի նկատմամբ Եվրոպայում գործող խիստ ստանդարտների պատճառով, նույնիսկ այս պայմաններում ՀՀ-ից ԵՄ երկրներ արտահանման ծավալները 2012թ. արդյունքներով ընդհանուրի 39%-ն են կազմել (560 մլն 315.2 հազար դոլար), այն դեպքում, երբ ՀՀ-ից Մաքսային միության երկրներ (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) արտահանումն ընդամենը 20% է կազմել (290 մլն 715.6 հազար դոլար):
Եթե դիտարկենք ՀՀ-ից արտահանման կառուցվածքն ըստ առանձին երկրների ու ապրանքների, ապա ԵՄ և ՄՄ խմբերից թերևս «ամենադիվերսիֆիկացվածը» դեպի Ռուսաստան և Ֆրանսիա արտահանումն է: Ընդ որում՝ Ռուսաստան, Ղազախստան ու Բելառուս հայկական հանքանյութ չի մտնում:
Անցած տարի Բելգիա արտահանումը կազմել է 127 մլն 184 հազար դոլար, հիմնականում՝ չզտած պղինձ (52%), ադամանդ (30%), հանքաքար և ցինկի խտահանք (12%), ապա՝ պղնձի հանքաքար, սիգար, խմիչք, դեղամիջոցներ և այլն:
Ավստրիա է արտահանվել 1 մլն 862 հազար դոլարի ապրանք, որի գերակշիռ մասը բաժին է ընկել ալյումինե նրբաթիթեղին (91%): Մնացածը կազմել են անտառանյութը, խեցգետնակերպերը, հագուստը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, ցիստեռնն ու տակառները, տպագրական սարքավորումները, համակարգիչներն ու դրանց բլոկները, օպտիկամանրաթելը, նկարները և այլն:
Գերմանիա արտահանումը 104 մլն 408 հազար դոլար է, որից երկաթահամահալվածք՝ 45%, չզտած պղինձ՝ 26%, մոլիբդեն՝ 18%, նաև՝ օպտիկա, մշակված քար, արհեստական թելերից լարան, վերնաշապիկներ, տղամարդու հագուստ, տրիկոտաժե արտադրանք, խմիչք և այլն:
Բուլղարիա է արտահանվել 86 մլն 478 հազար դոլարի ապրանք, որի 98%-ը՝ պղնձի խտանյութ, ապա՝ պոլիացետալ, կարբոնատ, ավտոմեքենա, թանկարժեք ժամացույցներ և այլն, Շվեյցարիա՝ 71 մլն 434 հազար դոլար, որի 64%-ը՝ պղնձի խտանյութ, 14% թանկարժեք մետաղի հանքաքար, նաև՝ ադամանդ, ժամացույցի մասեր և այլն, Իսպանիա՝ 26 մլն 636 հազար դոլար, 99%-ը՝ պղնձի խտանյութ և ադամանդ:
Իտալիա և Ֆրանսիա արտահանումը չնչին է՝ համապատասխանաբար 7 մլն և 4 մլն դոլար: Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունները հատկանշական են այն առումով, որ թեև արտահանման ծավալները փոքր են, սակայն ապրանքատեսակների առումով բազմազան են՝ կաշվե իրեր, ընկուզեղեն, չրեր, հագուստ, սարքերի մասեր և այլն:
Մաքսային միության գլխավոր խաղացող Ռուսաստան մեր երկրից արտահանվում է 279 մլն 970 հազար դոլարի ապրանք՝ հիմնականում խմիչք (49%), ադամանդ (8.6%), սննդամթերք, միրգ՝ թարմ ու վերամշակված, խաղող, սարքավորումներ, պոմպ, օդափոխիչ, մշակած ու չմշակած քարեր, դեղորայք, ծխախոտ և այլն, Բելառուս՝ 6 մլն 710 հազար դոլար, որի մեծ մասը՝ 73%, սպիրտային թուրմ է (կոնյակի հումք), ապա՝ ծաղիկներ ու կոկոններ, խաղող, հանքային ջրեր, գինի, դեղամիջոցներ, փաթեթավորման տարաներ և այլն:
Ղազախստան արտահանումն ամենաքիչն է՝ 3.9 մլն դոլարի, հիմնականում՝ խմիչք, պատվաստանյութեր, ոսկերչական իրեր, քարի հաստոցներ և այլն:
Մաքսային միությանը լիիրավ անդամակցելուց հետո Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա անկասկած կնվազի, փոխարենը ենթադրվում է, որ կավելանա ՄՄ երկրների շատ ավելի պակաս վճարունակ շուկաների հետ փոխգործակցությունը: Հաշվի առնելով, որ Մաքսային միության ընդհանուր գանձարանի առյուծի բաժինը անցնում է Ռուսաստանին, պարզ է դառնում, թե ով ավելի շատ կշահի ՄՄ-ՀՀ եղբայրությունից: