ԱԷԿ-ը միջուկային նյութեր կարտահանի
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերությունը դիմել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ միջուկային նյութերի արտահանման լիցենզիա ստանալու համար: Նախարար Արմեն Մովսիսյանը հարցը կներկայացնի կառավարության առաջիկա՝ սեպտեմբերի 13-ի նիստում:
«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում նեկայումս գտնվում են 7 թարմ միջուկային վառելիքի հավաքվածքներ, որոնք ԱԷԿ են ներկրվել` 3 հատը 1979թ. և 4 հատը 1987թ.: Այս միջուկային վառելիքի հավաքվածքներն ունեցել են որոշակի թերություններ և այդ պատճառով հնարավոր չի եղել դրանց օգտագործումը: Այդ հավաքվածքների պահելը «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում առաջացնում է որոշակի դժվարություններ:
ԱԷԿ-ը պայմանագիր է ստորագրել ՌԴ «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի հետ, հավաքվածքները ՌԴ տեղափոխելու վերաբերյալ: Համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 346-Ն որոշման՝ միջուկային նյութերի արտահանման համար ընկերությունը պետք է ունենա համապատասխան լիցենզիա: Նեկայումս «Հայկական ԱԷԿ»-ն ունի միայն ներմուծման լիցենզիա: