Արկադի Տեր-Թադևոսյան. Պատահական մարդիկ չմտան ու սպանեցին Վազգեն Սարգսյանին

Առաջին լրատվական-ը զրուցել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ, որը ներկայացնում ենք հատվածաբար:

– Պարոն Տեր-Թադևոսյան, օրերս ԳԱԼԱ-ին տված Ձեր հարցազրույցը բուռն քննարկումներ առաջացրեց մամուլում: Հարցազրույցում Դուք, խոսելով գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի մասին, ասել էիք, որ «Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, որ հիմա աստված են սարքել բոլորին, բայց էդ խմբավորումները նենց արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց…»:

– Ի սկզբանե ես մտադրություն չեմ ունեցել ինչ-որ կարծիք արտահայտելու: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ինձ զանգահարեց ԳԱԼԱ-ի լրագրողը և գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի մասին հարցեր տվեց: Մինչ այդ «Հրազդանմաշ» արտադրական միավորման նախկին գլխավոր ինժեներ, ռադիոլոկացիայի գծով տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀՀ ՀՕՊ-ի արդիականացման գլխավոր կոնստրուկտոր Հակոբ Հարությունյանը նույն լրատվամիջոցին հարցազրույց էր տվել և ասել, թե ինչու է Նորատ Տեր-Գրիգորյանցը հեռացել Հայաստանից: Նորատ Տեր-Գրիգորյանցը շատ բան է արել Հայաստանի զինված ուժերի համար, իսկ գնալու պատճառն այն է, որ ընդհանուր լեզու չի գտել իշխանությունների հետ: Ես պաշտպանել եմ այս տեսակետը: Բոլոր այն գեներալ-լեյտենանտները, որքեր եկան բանակ, հաջողություն չունեցան: Հիմա մենք ունենք գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյան, ինքն էլ չկա: Երիտասարդ, էներգիայով, խելացի զինվորական էր: Նրան Վազգենն էր նշանակել, բայց ազատեցին, հիմա ինչ՝ ասեմ, որ Վաղարշակ Հարությունյանին է՞լ է Վազգենը ազատել: Ոչ, համակարգն է այսպիսին, նրանք, ովքեր կարող են լիդերներ լինել, համակարգը չի սիրում: Համակարգին պետք են այն մարդիկ, ովքեր կգովեն իրենց ղեկավարներին:

 – Ձեր հարցազրույցին հաջորդեց «Առավոտ» օրաթերթում Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա ասաց, որ Վազգեն Սարգսյանի օրոք ոչ մի բարձրաստիճան զինվորական չի հեռացել երկրից, իսկ Նորատ Տեր-Գրիգորյանցը հեռացել է այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը մի կարճ ժամանակ պաշտպանության նախարար չէր: Իրականում այդպե՞ս է եղել:

Կարդացեք նաև

– Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ Վազգեն Սարգսյանը կապ չի ունեցել ազատման հետ, բայց շատ լավ գիտի, որ առանց Վազգենի ոչ մի հարց չէր լուծվում: Եթե ճիշտն եք ուզում իմանալ, այդ տարիներին մեր պետությունը երեք մարդ էին ուղղորդում՝ Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Հետո արդեն իրենց շուրջը համախոհներ էին հավաքել: Կան փաստեր, ես չեմ ուզում շատ բան բացել հիմա, ավելի շատ ուզում եմ լսել, թե ինչ են ուզում, ինչ են ասում: Ես էլ եմ եղել Վազգեն Սարգսյանի կողքին, աշխատել եմ նրա հետ, ես գիտեմ նրա արածները մեր պետության համար և դրանք չեմ ժխտում, բայց նրա բոլոր հրամանները կատարել են նրանք, ովքեր իրեն էին ծափահարում, որոնցից մեկը նույն Անդրանիկ Քոչարյանն էր: Հարցն այն է, որ մենք սխալներ ենք արել և հիմա պետք է դրանք շտկենք: Նրանք, ովքեր ինքնուրույն էին, տեղ չունեին:

 – Ձեր մարտական ընկերներից Սասուն Միքայելյանն էլ Ձեզ հարց է ուղղել, թե ինչո՞ւ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք այս հարցերը չեք բարձրաձայնել: Նա ասել է նաև՝ ինչո՞ւ չեք ասում՝ մարտի դաշտում երբևէ տեսե՞լ եք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին:

– Ես Վազգեն Սարգսյանի մասին չեմ ցանկացել խոսել և ինչ-որ բան ասել, սակայն թեման բացվեց, և ես պատասխանեցի հարցերին: Սասունն իմ մարտական ընկերն է, բայց սխալ բաներ է ասում: Նրանք սխալվում են՝ ես զինվորական եմ, ոչ թե քաղաքական գործիչ կամ դիվանագետ, որ գեղեցիկ բառերով խոսեմ: Ես կարող եմ միայն ճիշտն ասել, իսկ ճիշտը ոչ մեկին դուր չի գալիս, դրա համար էլ չէի ասում: Ես ընդամենը ուզում եմ նայել, թե ինչ են ասում և անում այդ քննադատողները: Ոչ ոք ոչ ոքի չի ուզում հասկանալ, ոչ ոք չի ուզում ճշմարտությունն իմանալ, այդպես էլ պատմություն են գրում: Հովհաննես Այվազյանը հանրագիտարան է գրում, մի գիրք էլ արդեն տպագրել է, որտեղ Շուշիի գործողությունը գեներալ-գնդապետ Դալիբալթայանին է վերագրում, որտեղի՞ց նա դարձավ գործողությունը ղեկավարող, նա անգամ Շուշիի ազատագրման ծրագրի մասին գաղափար չուներ: Ինչո՞ւ եկավ և հաստատվեց, որովհետև Վազգենն էր բերել, Դալիբալթայանը նրան շատ էր գովաբանել: Ասում են, թե ես Վազգենի դեմ եմ և անպայման վատ բան եմ ուզում ասել։ Ո՛չ։ Նա քաղաքական գործիչ էր, շատ բան է արել պետության համար, բայց մենք մինչև հիմա քաղում ենք նրա արած սխալների պտուղները:

Սասուն Միքայելյանը ինչո՞ւ չի ասում՝ Խոջալուի գործողությունից առաջ, երբ Դալիբալթայանը ձախողեց այն, հետո և՛ Շուշին, և՛ Խոջալուն Վազգեն Սարգսյանը վերագրեց Դալիբալթայանին: Երբ Շուշիի ազատագրման ամյակներից մեկի ժամանակ գործողությունը հաջողությամբ իրականացնելու համար Դալիբալթայանի կենացն էին խմում, միայն Վազգեն Մանուկյանն էր, որ մոտեցավ ինձ, ասաց. «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»:

Ինչո՞ւ Սասունը չի ասում՝ երբևէ Վազգեն Սարգսյանին տեսե՞լ է զենքը ձեռքին, որ ինձ հարց է ուղղում, թե ես տեսե՞լ եմ Ռոբերտ Քոչարյանին: Ես չեմ տեսել Քոչարյանին զենքով, բայց իմ մարտական ընկեր Ֆելիքս Գզողյանն է տեսել, որովհետև Քոչարյանը պաշտպանության կոմիտեից էր: Շուշիի ազատագրման ժամանակ ամբողջ կոմիտեն է մասնակցել գործողությանը: Իսկ Վազգենը գալիս, ասում էր՝ ինչի՞ց ինչքան է պետք, գնում, հայթայթում, բերում էր: Այսինքն՝ ամեն մեկն իր գործն էր անում և պարտադիր չէ, որ զենքը ձեռքին լիներ:

Սասուն Միքայելյանը ինչո՞ւ ոչ մի անգամ հարց չի բարձրացնում, թե ինչու ինձ Արցախում պաշտոնից ազատեցին և այստեղ բերեցին: Չէ՞ որ մարտական ընկեր է և ամեն ինչ շատ լավ գիտի:

 – Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ևս անդրադարձել էր Ձեր ասածներին և հայտարարել, որ «այն մարդիկ, ովքեր գիտեն Վազգեն Սարգսյանին վերացնողներին, պիտի իրենց պարտքը համարեին հոկտեմբերի 27-ի թե՛ դատավարության ժամանակ, թե՛ անջատված գործի մասով այդ տեսակետն ասելու…»: Դուք որևէ մանրամանսություն գիտե՞ք, որը կուզենայիք բացահայտել:

– Ես չեմ մասնակցել հետաքննությանը, բայց ծանոթացել եմ նյութերին: ՀՀ ռազմական հետախուզության հիմնադիր Իվան Ղուկասովը գիրք է գրել, որտեղ ասում է՝ նման կարևորության անձնավորության շուրջը պետք է թիկնապահներ լինեին, ովքեր կիմանային՝ ինչ է կատարվում նրա շուրջը և ինչ է կատարվելու: Պատահական ոչինչ չի լինում: Պատահական մարդիկ չմտան ու սպանեցին Վազգեն Սարգսյանին: Հատուկ ծառայություններ կան, նա թիկնապահներ ուներ, հետախուզություն կա։ Ինչպիսին որ Վազգեն Սարգսյանն էր, իր շուրջը մարդիկ ուներ, որ պահպանում էին իր անվտանգությունը:Այդ գրքում մի հատված կա, որտեղ ասվում է՝ ներկաները կարող էին ինչ-որ բան անել ահաբեկիչների դեմ, մանավանդ, որ նրանք մի քանի անգամ շատ էին: Պարզապես Վազգենը ուզում էր առաջնորդ դառնար և դարձավ: Այս է պատճառը, որ նրան վերացրին:

Ես հարգանքով եմ վերաբերվում և՛ դրական, և՛ բացասական կարծիքներին։Նա դա ասել է որպես եղբայր, և հարգանքով եմ վերաբերվում: Նորից եմ ասում՝ այս պոռթկումը պատահաբար է ստացվել, և ես չէի սպասում, որ նման արձագանք կլինի: Այդ պոռթկումը լավատեսական է, որովհետև այս փակ թեման վերջապես բացվում է: Եթե մենք ամեն ինչ Վազգենին վերագրենք, չբացենք սխալները (իսկ մենք լռելու իրավունք չունենք), մեզ լավ ապագա չի սպասվում: Խոսելը դեռ չի նշանակում նրա դեմ ինչ-որ բան ունենալ:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս