Անկախության հռչակագիրն այսօր էլ արդիական է
Երեկ Հայաստանի Անկախության հռչակագրի օրն էր: 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության (այն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն) Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը:
Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության հիմնադիր անդամ, նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, մեզ հետ զրույցում խոսելով Անկախության հռչակագրի նշանակության և խորհրդի մասին, առաջին հերթին կարևորեց այն մթնոլորտը, որն այդ ժամանակաշրջանում տիրում էր ողջ Հայաստանում, և որում էլ այն ընդունվեց:
«Դա շատ կարևոր է, քանի որ Հռչակագրի ընդունման գաղափարի շուրջ միավորվեցին թե՛ այն ժամանակվա իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛, ընդհանրապես, ամբողջ շարժումը: Նրանք միասնական էին այդ փաստաթուղթն ընդունելու, կազմելու և դրույթները ձևավորելու հարցերում: Հաշվի առնենք նաև այն, որ այն ժամանակ Խորհրդային միությունը դեռևս պահպանում էր իր գոյությունը (90 թվի օգոստոսն էր): Դա այն է, ինչը, ես կասեի, այսօր բացակայում է Հայաստանում` որևէ գաղափարի կամ որևէ կարևոր երևույթի շուրջ մարդիկ չեն կարողանում միավորվել»:
Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Անկախության հռչակագիրն այսօր էլ արդիական է, նրա մեջ դրված հիմքը երկարատև է, և այսօր էլ շատ դրույթներ կան, որոնք չեն իրականացվել: «Իմ պատկերացմամբ` թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքական ուժերը պետք է կարողանային այս տոնը նշել համատեղ, չեմ ասում` աշխարհագրորեն նույն տեղում, բայց համատեղ` մոտեցման առումով: Սրանով հասարակությունը կմասնակցեր Անկախության հռչակագրի տոնին և ավելի լավ կըմբռներ դրա խորհուրդը, թե ինչ է նշանակում այս փաստաթուղթը մեր ազգի համար: Ցավոք, ես դա այսօր չեմ զգում, չեմ զգում փողոցներում և այլուր` հասարակության մեջ»,- ավելացրեց Հովհաննես Իգիթյանը:
Անկախության հռչակագրի մասին երեկ, բնականաբար, խոսեց նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որն իրեն համարում է Հայաստանի անկախության առաջամարտիկներից մեկը: Հրավիրված մամուլի ասուլիսում նա նշեց, որ, ամեն դեպքում, Հռչակագիրը շատ կարևոր փաստաթուղթ է, թեև մյուս կողմից կարծիք հայտնեց, որ «անկախ պետականություն» ձևակերպումը ցույց է տալիս, որ այն ժամանակ մարդիկ այնքան էլ պատրաստ չէին անկախությանը, որովհետև չի կարող լինել պետականություն` առանց անկախության:
Հայրիկյանը հատկապես շեշտը դրեց այն հարցի վրա, թե որքանով են Հայաստանի իշխանությունները 1990 թվականից ի վեր հետևողական եղել Հանրապետության առաջին փաստաթղթի դրույթների իրականացման հարցում, և նշելով մի քանի անուններ` նրանց մեղադրեց Անկախության հռչակագրի գաղափարներին դավաճանության մեջ: Հայրիկյանի հիմնական քննադատությունն ուղղված էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա կողմնակիցներին:
«Անկախության հռչակագրում նշված է, որ Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծվելու է բանակ, բայց 91 թ. մարտին դեռևս ոչ մի քայլ արված չէր, և երբ ԱԻՄ-ի կոչով հայ երիտասարդները հայտարարեցին խորհրդային բանակում չծառայելու մասին, նրանց ՀՀՇ-ական իշխանությունները կալանավորում էին` որպես դասալիքների: Հայ երիտասարդներն ասում էին` մենք պատրաստ ենք գնալ հայկական բանակ` Անկախության հռչակագրի համաձայնգՆույնիսկ Գերագույն խորհուրդը դարձրին դատարան` ԱԻՄ-ը փակելու համար, բայց չստացվեց: Եվ պատկերացրեք` այդ դատարանում ազգային բանակի հիմնադիր համարվող Վազգեն Սարգսյանն ասում էր` մենք ռուսների հետ պայմանավորվել ենք, որ մեր տղաները սովետական բանակում պիտի ծառայեն Վանաձորի գումարտակում: Գումարտակը կարող է լավագույն դեպքում 1500 հոգի ներառել, բայց 60 000 զինակոչիկներին ինչպե՞ս ես տանում գումարտակ, այսինքն` մի խելահեղություն էր, և դա նույնպես դավաճանություն էր այս հռչակագրին»,- ասաց Հայրիկյանը:
«Այս հռչակագրի առաջաբանում ասվում է, որ պետք է հավատարիմ մնանք 1918թ. ժողովրդավարական ավանդույթներին… 1919թ. մեր հայրերը որոշել էին, որ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն` ընդունված սահմանադիր ժողովի միջոցով: Այդ հարցում նույնպես հետևողական չեղան, այսինքն` Անկախության հռչակագրում գրեցին` «հավատարիմ մնանք 1918 թ. ժողովրդավարական ավանդույթներին և զարգացնենք», բայց երբ եկավ կյանքի կոչելու պահը, նրանք իրենց քմահաճույքներով առաջնորդվեցին, և Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները Հայաստանին պարտադրեցին մի կատարյալ խուժանություն. այդ Սահմանադրությունը այլանդակության մարմնացումն էր: Ես, ամեն բան թողած, 1998 թ. զբաղված էի սահմանադրական բարեփոխումների հարցով»,- նշեց Պ. Հայրիկյանը` ավելացնելով.
«Այնուամենայնիվ, այս փաստաթուղթը շատ կարևոր է մեր ազգային-քաղաքական կյանքում և որոշակի դերակատարություն ունեցավ, որովհետև վերջապես իրավաբանորեն ամրագրվեց պետականության վերականգնման գաղափարը»:
Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրում հռչակված կարևորագույն կետերից մեկին` ժողովրդավարության հաստատմանն ու զարգացմանը, այս առնչությամբ Հայրիկյանն ասաց, որ Հայաստանը դեռևս հեռու է այդ նպատակի իրականացումից, սակայն արեց առաջարկ` հայտնելով, որ այժմ տպագրվում է իր «Բացարձակ ժողովրդավարություն» ծրագիրը, որն, իր խոսքերով, հավանության է արժանացել 6 քաղաքական ուժերի կողմից:
«Մասնագետները, այդ նախագծին ծանոթ լինելով, արդեն այդ համակարգը կոչում են «հայկական նավթ», որովհետև շատ լավ հասկանում են` ժողովրդավարությունը շատ ավելի մեծ արժեք է, քան նավթը, գազը և մնացած բոլոր հարստությունները` միասին վերցրած»,- ասաց Պ. Հայրիկյանը:
«168 ԺԱՄ»