Մասնավոր ընկերությունն անձի մասին տեղեկություններ հավաքելու իրավունքի ունի՞. Պարզաբանում է «Աքիլլեսը»
Երևանի ավագանու որոշմամբ՝ վճարովի ավտոկայանատեղերի ձևավորումը բնակչության շրջանում մեծ աղմուկ է առաջացրել: Պարբերաբար խոսվում է որոշման ապօրինությունների մասին: Խոսվում է նաև այն մասին, որ մասնավոր ընկերության կողմից տեսանկարահանում իրականացնելը խախտում է մարդու իրավունքներն այն իմաստով, որ մասնավոր ընկերությունն իրավունքի չունի անձանց մասին տեղեկություններ հավաքելու, պահելու: 168.am-ը «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության հ/կ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանից հետաքրքրվեց՝ արդյոք այսկերպ խախտո՞ւմ են մարդկանց իրավունքները, թե՞ ոչ:
«Դա պետք է կարգավորվի օրենքով, այսինքն՝ պետք է լինի քաղաքապետարանի որոշում, կառավարության որոշում կամ պետական որևէ մարմնից որոշում, որ նա էլ թույլ է տալիս այդ կազմակերպությանը ու նա էլ արդեն պարտավորվում է իր հերթին գաղտնի պահել մարդու անձնական իրավունքը: Չգիտեմ, անկեղծ ասած, նման որոշում կա՞, թե՞ չկա, դեռ չեմ հանդիպել նման որոշման: Բայց հուսանք, որ գոնե նման որոշում կլինի, այսինքն՝ կազմակերպությունը պարտավորվածություն վերցրած կլինի մարդու անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելու համար: Եթե նման որոշում չկա, ապա դա միանշանակ մարդու իրավունքների խախտում է»,- ասաց Արմինե Մկրտչյանը: