Մեղադրվում է ծանոթուհուն առևանգելու և բռնաբարելու մեջ
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, օգոստոսի 1-ին կսկսվի անձի ազատության, պատվի ու արժանապատվության ու սեռական անձեռնմխելիության ու սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործով դատավարությունը: Այս մասին գրում է Փաստինֆոն։
Այսպես, Երևանի 26-ամյա բնակիչ, նախկինում դատված Հովհաննես Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 131-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ՝ մարդուն առևանգելը, և 138-րդ հոդվածի առաջին մասով՝ բռնաբարությունը:
Ըստ մեղադրական եզրակացության, Հ.Հովհաննիսյանը 2013թ. մարտի 11-ին, ինչպես ասում են` «օրը ցերեկով», ժամը 14:00-ի սահմաններում՝ տեսնելով փողոցում միայնակ քայլող իր ծանոթուհուն, նրան առևանգելու նպատակով իր տրամադրության տակ գտնվող ավտոմեքենայից վերցրել է պտուտակահանը, այն սեղմել կնոջ մեջքին՝ որպես զենք, բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս կամքին հակառակ նստեցրել է ավտոմեքենան: Ապա տուժողին ծեծի ենթարկելով՝ տեղափոխել է Նուբարաշենի տարածքում գտնվող ամայի տարածք և ավտոմեքենայի սրահում կնոջ կամքին կամքին հակառակ, բռնություն գործադրելով և սպառնալիքներ հասցնելով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: